Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. Ուսումնարաններն ու քոլեջները տալիս են գործատուների ակնկալած կրթության մակարդակը (տեսաշարք)

Հոկտեմբեր 30,2012 14:18

Այսօր «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը: Հոկտեմբերի 24-26-ը կայացած մրցույթի ոսկերչություն, նորաձեւություն եւ խոհարարություն մասնագիտությունների գծով հաղթած ուսանողները ներկայացրեցին իրենց աշխատանքները:

2013թ-ի հուլիսի 2-7-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքում Հայաստանի ՄԿՈՒ հաստատությունների ուսանողներն առաջին անգամ հնարավորություն կունենան մրցել 61 այլ երկրի ուսանողների հետ` «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթում:

«Հայաստանի հմտություններ» նախագիծը իր շուրջը միավորել է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությանը, Կրթության ազգային ինստիտուտի մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնին, ինչպես նաեւ`  սոցիալական գործընկերներին` ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատին, Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միությանը եւ Հայաստանի գործատուների միությանը:

Բացման խոսքով հանդես եկած ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը փաստեց, որ վերջին տարիներին միջին եւ նախնական մասնագիտական կրթությունը դուրս է եկել բարձրագույն համակարգերի ստվերից. «Պետության կողմից մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի միջին մասնագիտական կրթությունը վերագտնի իր արժանիքները Հայաստանի կրթական համակարգում: Գաղտնիք չէ, որ Հայաստանն այսօր ունի որակյալ աշխատուժի պակաս, եւ որ երկար տարիներ հասարակության երիտասարդ հատվածը համակված էր մոլուցքով` բոլոր հնարավոր միջոցներով ստանալ բացառապես բարձրագույն  կրթություն: Այդ երիտասարդների զգալի մասն այսօր գործազուրկ է, որովհետեւ չի տիրապետում համապատասխան հմտությունների` չգտնելով աշխատաշուկայում իր տեղը»:

Նախարարի խոսքով` ուրախալի է այն փաստը, որ պետության ջանքերի շնորհիվ վերջին տարիներին մասնագիտական կրթությունը դարձել է առավել գրավիչ. «Միայն այս տարում կրթությունը շարունակելու նպատակով 11.000 երիտասարդի ընտրություն  կանգ է առել մասնագիտական կրթություն ապահովող հաստատությունների վրա: Իրականում ուսումնարանները եւ քոլեջները սկսել են մատուցել գործատուների կողմից ակնկալվող կրթության մակարդակ: Իհարկե, անելիքներ շատ կան, քանի որ դեռեւս ամբողջությամբ կյանքի չեն կոչվել բարեփոխումները: Այդ ճանապարհին ապավինում ենք թե միջազգային եւ թե հայաստանյան գործընկերների աջակցությանը»:

Արմեն Աշոտյանը պարգեւատրեց մրցույթի հաղթող մասնակիցներին, իսկ ուսումնական հաստատությունների համապատասխան վարպետները նախարարության շնորհակալագրեր ստացան:

Նախարարը վստահ է, որ ազգային օլիմպիադայի հաղթողները պատշաճ կերպով հանդես կգան Գերմանիայում. «Մեր երիտասարդներն ունեն հմուտ ձեռքեր եւ սիրով են կատարում կամովի ընտրած իրենց աշխատանքը: Կրթության համակարգում նախարարության համար չկան սիրելի եւ խորթ զավակներ, մենք շարունակելու ենք կառուցողական մոտեցում ցուցաբերել բոլոր կրթական հաստատություններին»:

PrevPhoto
NextPhoto

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031