Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախիջեւանցին ծննդավայր վերադառնալու հույսը դեռ չի կորցրել

Հոկտեմբեր 30,2012 14:11

Նախիջեւանահայերի հոկտեմբերյան հավաքը:

Սումգայիթյան տխրահռչակ դեպքերից հետո հայերի տեղահանության ալիքը աստիճանաբար հասավ նաեւ Նախիջեւան եւ հայրենի բնօրրանից հարկադրաբար տեղահանվեց երկրամասի իրական տերը՝ հայը: 1988թ. Հին Ջուղան լքեցին վերջին հայ, Գողթան գավառի Փառակա գյուղում ծնված Մարիամ Եգիյանը, Գաղ գյուղի բնակիչները, Գողթանի հայաշունչ Դեր, Վերին Ազա, Ռամիս (7 տուն), Ցղնա, Տանակերտ, Բիար, Ալահի, Մեսրոպավան (12 տուն) եւ Փառակա (50 տուն) գյուղերի բնակիչները՝ երբեւէ վերադառնալու անմար հույսով: Սրանք լեռնային Գողթանի այն բնակավայրերն էին, որոնց առյուծասիրտ քաջերը 1918թ. չէին հպատակվել թուրքական զորահրամանատար Խալիլ բեյի բանակին, Էդիֆ էֆենդու հրոսակախմբերին: Մինչեւ 1988թ. դեկտեմբեր հայաթափվեցին նաեւ Ջուլֆա եւ Նախիջեւան քաղաքները, դեկտեմբերին՝ 450 ընտանիք ունեցող Ազնաբերդ գյուղը:

Երկրամասի հայության մի մասը, վտանգելով կյանքը, 1989թ. գարնանը կրկին հետ վերադարձավ՝ խորհրդային գերտերությունից հույսեր փայփայելով, սակայն ազգային նոր զարթոնքի եւ հայ-ադրբեջանական հայտնի իրադարձությունների կտրուկ վատթարացման արդյունքում Նախիջեւանի հայերը հիմնովին լքեցին այն (Նախիջեւանի Սոցիալիստական Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մարիամ Մեսրոպավանցի Հակոբջանյանը 1989թ. մարտին եւ Գողթան գավառի Ցղնա գյուղի վերջին 7 հայերը՝ 6 կին եւ 1 տղամարդ, 1989թ. հունիսի 13-ին):

Արցախյան գոյամարտի տարիներին նախիջեւանցին զենքը ձեռքին մասնակցեց հայրենիքի պաշտպանությանը եւ ազատագրմանը, Սպիտակի արհավիրքի փրկարարական աշխատանքներին:

Նախիջեւանահայերը՝ դառնալով փախստական եւ զրկված լինելով ծննդավայր այցելելու, հարազատների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունից, 1989թ. դեկտեմբերին Երեւանում կազմակերպեցին առաջին հավաքը՝ փառակեցի Հայրապետ Սահակյանի նախագահությամբ, որից հետո 1990թ. մարտի 24-ին հիմնվեց «Նախիջեւան» հայրենակցական միությունը եւ ընտրվեց 30 հոգանոց վարչություն, առաջին նախագահ ընտրվեց Հայրապետ Սահակյանը եւ տեղակալ՝ Ֆիլիպ Բիստեցի Օհանյանը: Հայաստանի կոմունիստական վերջին կառավարության 1990թ. հուլիսի 9-ի որոշմամբ հայրենակցական միություն «Նախիջեւանը» գրանցվեց որպես հասարակական-քաղաքական, բարեգործական կազմակերպություն:

Որպեսզի պահպանվի եւ սերունդներին փոխանցվի պապական նախնյաց ավանդույթներն ու ծիսակարգերը, ինչպես նաեւ մատուցվի հարգանքի տուրք նախնիների շիրիմներին ու երկրորդ աշխարհամարտում զոհված նախիջեւանահայերին՝ հայրենակցական միության մտավորականության շնորհիվ եւ հայրենասերների օժանդակությամբ 1996թ. հոկտեմբերի 13-ին Նոր Խարբերդում վերաբացվեց եւ օծվեց Հազարափրկիչ սրբավայրը, տարածքը հետագայում ցանկապատվեց, անցկացվեց ծառատունկ եւ տեղադրվեց Մեծ հայրենականում զոհվածների խաչքար: Այս ուխտավայրը հետագայում կվերածվի Նախիջեւանի երկրամասի պատմամշակութային կենտրոնի: Ավանդույթի համաձայն, այս տարի եւս հոկտեմբերին նախիջեւանահայերը հավաքվեցին Նոր Խարբերդի Հազարափրկիչի ուխտին: Հայրենակցական միության եւ հատկապես Մասիսի տարածաշրջանի կազմակերպության ղեկավար Բաբաջան Գյոմուրցի Բաբախանյանի նախաձեռնությամբ այդ արարողությունը իրենց ներկայությամբ էին պատվել նաեւ Արարատի մարզպետ Է. Բարսեղյանը, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, «Արծիվ-մահապարտների միություն» հ/կ նախագահ, գեներալ-մայոր Ա. Պետրոսյանը, մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչներ, զինվորականներ ու գիտնականներ: «Արծիվ-մահապարտների» հատուկ գումարտակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ Արցախյան ազատամարտի Մասիսի տարածաշրջանի նախիջեւանցիները գեներալ-մայոր Ա. Պետրոսյանի հրամանով հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացան պատվոգրի, ցավոք՝ ոմանք հետմահու…

Նախիջեւանցին ծննդավայր վերադառնալու հույսը դեռ չի կորցրել, եւ տա Աստված, որ իր գերդաստանով նախ իջեւանի կրկին նախնյաց հայրենիքում եւ հնչեցնի Գողթան երգերը:

ԽԱՉԻԿ ՇՄԱՎՈՆՅԱՆ

(գ. Փառակա)

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031