Լրահոս
Օրվա լրահոսը

«Տասը փետով էլ ծեծես՝ կոլեկտիվ լքող չի լինի»

Հոկտեմբեր 30,2012 14:04

Գ. Խանջյանի «Սասունցիների պարը»:

«Առավոտը» զրուցեց Հայաստանի պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանի, «Բարեկամության» տնօրեն Տիգրան Մխոյանի եւ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի տնօրեն Աշոտ Տիգրանյանի հետ: Նրանց ուղղեցինք ընդամենը մեկ հարց. պաշտոնի բերումով իրենք այն մարդն են, որ կոչված են լուծելու ֆինանսական խնդիրները, արդյո՞ք այդքան բարդ է խնդրի լուծումը, որ կոլեկտիվներն, առանց բացառության, շեշտադրում են հենց այդ հանգամանքը: Հետաքրքրվեցինք նաեւ, թե նրանք ինչպես են վերաբերվում վերջին օրերին ԱԺ-ում քննարկվող աշխատավարձի նվազագույն շեմը բարձրացնելու հանգամանքին, այն հասցնելով 35.000-ի:

Մեր զրուցակիցներից պարզեցինք, որ միայն «Բարեկամությունն» է, որ ընթացիկ համերգաշրջանում ունի հովանավոր՝ հանձին «ՎիվաՍել- ՄՏՍ»-ի: Տ. Մխոյանը հայտնեց, որ իրենց ցածր աշխատավարձը կազմում է 42.000 դրամ, սակայն ձեռնպահ մնաց բարձրաձայնել հովանավորչական գումարի չափը: «Ստեղծել ենք տոմսերի իրացման սեփական մեխանիզմ, այն է՝ գովազդը եւ պայմանագրային հիմունքներով անհատ տարածողներ: Բողոք՝ որպես այդպիսին, աշխատավարձի չափի մասին, մեր կոլեկտիվում չկա՛, բայց կա անբավարարվածություն, սկսած գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանից, վերջացրած նոր ընդունված արտիստից»,- ասաց պարոն Մխոյանը:

Աշոտ Տիգրանյանի խոսքերով՝ դժվարություններ կան, հենց թեկուզ այն առումով, որ իրենք հովանավոր չունեն, ցածր աշխատավարձն էլ կազմում է 40.500 դրամ: Մեր զրուցակցի համոզմամբ՝ այդ թիվը չէր լինի, եթե չլիներ արտաբյուջեն: «Միակ պարային կոլեկտիվն ենք, որ պլան ասվածը ոչ թե կատարել, այլ գերակատարել ենք. 2012-ի սկզբից մինչ օրս ունեցել ենք 34 համերգ՝ նախատեսված 25-ի փոխարեն: 7 համերգ ենք ունեցել մարզերում՝ Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում, Գյումրիում, Արթիկում, Մարալիկում, Եղեգնաձորում: Թեեւ մարզային համերգները եկամտաբեր չեն, բայց ուզում եմ շեշտել ողջ կոլեկտիվի պատրաստակամությունը, ինչպես նաեւ գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյանի եւ գլխավոր բալետմայստեր Հովհաննես Խաչիկյանի գիտակցական այն վերաբերմունքը, որ մարզաբնակները կարիք ունեն բարձր արվեստի հետ շփման, բայց հնարավորություն չունեն, ինչը մենք նրանց ընձեռում ենք, իհարկե՝ նախարարության աջակցությամբ»,- հայտնեց պարոն Տիգրանյանը: Աշխատավարձն ավելացնելու մասին էլ ասաց, որ եթե այն զգալի բարձրանա, իր խոսքով՝ «տասը փետով էլ ծեծես՝ կոլեկտիվը լքող չի լինի»:

Էրիկ Չանչուրյանն ասաց, որ իրենց մոտ միջին աշխատավարձը 37 հազար դրամ է, նշելով հովանավորի բացակայության փաստը: Անսամբլի համերգներին դահլիճների լեփ-լեցուն լինելն էլ բացատրեց ճիշտ գովազդով: Ինչ վերաբերում է ԱԺ-ում քննարկվող հարցին, կարծիք հայտնեց, որ մի երկու հազար դրամով աշխատավարձն ավելացնելը հարց չի լուծի…

Պարողներ-զինծառայություն մշտապես շրջանառվող թեմայի առնչությամբ պարզեցինք, որ Պարի պետականն ու «Բարեկամությունը» այդ խնդիրն այսօր չունեն, իսկ երգի-պարի անսամբլից 3 պարողներ գտնվում են պարտադիր զինծառայության մեջ, եւ տնօրեն Տիգրանյանի խոսքերով՝ անհրաժեշտության դեպքում պաշտպանության նախարարությունը ընդառաջելով իրենց խնդրանքին՝ թույլ է տալիս զինծառայող-պարողների մասնակցել համերգներին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031