Իսրայելում հաստատված դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանը հնարավոր է՝ մի օր վերադառնա
Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնի փակմանը՝ հոկտեմբերի 31-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ, որին մասնակցում են Իսրայելը ներկայացնող անվանի դաշնակահարներ Բորիս Գիլտբուրգը եւ Վահագն Պապյանը:
«Առավոտի» հետ զրույցում խոսելով հայաստանցի եւ արտերկրյա ունկնդիրների տարբերության մասին՝ պարոն Պապյանը նշեց. «Հայաստանցի ունկնդիրներից շատերին անձամբ ճանաչում եմ, գիտեմ նրանց քննադատական, պահանջկոտ վերաբերմունքը կատարման վերաբերյալ: Հայաստանում հանդես գալու պատասխանատվությունը շատ մեծ է ու չնայած պահանջկոտությանը, մեր ունկնդիրը շնորհակալ ունկնդիր է՝ եթե որեւէ մեկին տալիս է իր սիրտը, անկեղծ է տալիս»:
Մեր հարցին, իսկապե՞ս ինքը ժամանակին նեղացած է հեռացել հայրենիքից, մի թեմա, որը քանիցս շրջանառվել է երաժշտական դաշտում եւ մամուլում, պարոն Պապյանը պատասխանեց. «Ես Հայաստանից երբեք նեղացած չեմ գնա, նույնիսկ առանձին մարդկանցից չեմ նեղանա, հո նեղացկոտ օրիո՞րդ չեմ: Այստեղից գնացել եմ 91 թվականին, երբ խառը ժամանակներ էին բոլոր բնագավառներում, իսկ ես երիտասարդ արտիստ էի, երաժիշտ, որը օբյեկտիվ պատճառներ ուներ ինքն իրեն փորձելու արտերկրում: Նեղանալու մասին խոսք լինել չի կարող, ապացույցները շատ են. ես իմ գնալուց հետո 93 թվին ելույթ եմ ունեցել Կամերային նվագախմբի հետ, որը ղեկավարում էր Ռուբեն Ահարոնյանը, Ճգնավորյանի ղեկավարությամբ էլ երկու անգամ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եմ ելույթ ունեցել: Այսօր էլ Երեւանում եմ…»:
Ինչ վերաբերում է Վերադարձի դասական երաժշտության փառատոնին, իսրայելաբնակ արվեստագետն ասում է. «Փառատոնը հնարավորություն է ընձեռում մեզ՝ բոլոր գնացածներիս, հայրենիք վերադառնալ ոչ միայն զբոսաշրջելու, այլեւ հանդիսատեսին ներկայանալու համար»:
Քանի որ մեր զրուցակիցը ժամանակին ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, այժմ էլ արտերկրում երկու նվագախումբ է ղեկավարում, խնդրեցինք կարծիք հայտնել՝ արժի՞ ինչ- որ բան փոխել հայաստանյան նվագախմբերի «առօրյայում»:
«Ես նվագախումբը ղեկավարել եմ 80-ականներին, հիմա ուրիշ ժամանակաշրջանում ենք ապրում, կարելի է ասել՝ ուրիշ երկրում: Ցավոք, շատ ժամանակ չունեմ Հայաստանում ներկա գտնվելու, եւ տեղյակ չեմ խնդիրներին, մի բան պարզ է սակայն՝ երկրի լավագույն ավանդույթները պետք է պահպանել: Ինչ խոսք, անկասկած շատ բան կլինի, որ արժի փոխել, լրացնել»:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ կինոռեժիսոր Բորիս Հայրապետյանի բեմադրությամբ՝ Բելինիի «Նորմա» ֆիլմ-օպերային, որտեղ Վահագն Պապյանը ներգրավված էր իբրեւ երաժշտական ղեկավար, սակայն գործի հենց սկզբից անհասկանալի հեռացավ:
«Շատ էլ հասկանալի էր. «Նորմա» ֆիլմ օպերային ես մասնակցություն ունեի, որպես երաժշտական ղեկավար, բայց ստիպված էի այն հանձնել ուրիշ դիրիժորի՝ Կարեն Դուրգարյանին, որովհետեւ տեխնիկական պատճառներով չէի կարող զուգահեռել չինաստանյան հյուրախաղերս այդ նախագծի հետ: Ինձ բոլորը հարցնում էին՝ ինչո՞ւ, անգամ ընկերներիս հետաքրքրում էր պատճառը: Իսկ միակ պատճառն այն էր, որ ես Չինաստան մտնելու վիզան պետք է ստանայի Իսրայելում»,- պատասխանեց երաժիշտը:
Նա չթաքցրեց, որ եթե ողջամիտ առաջարկներ լինեն, չնայած գերծանրաբեռվածությանը, անպայման կընդունի, որովհետեւ նրա խոսքով, ցանկության դեպքում, ամեն ինչ հնարավոր է:
Իսկ հնարավո՞ր է մի օր իր ղեկավարած նվագախմբերի հետ հանդես գա Հայաստանում: Պապյանի խոսքով. «Պլանավորում էինք էդպիսի բան, ցավոք, դեռ հաջողության չհասանք: Կարծում եմ՝ ի վերջո, օրերից մի օր կկայանա, դա կապված է ոչ միայն մեծ կազմակերպչական աշխատանքի, այլեւ ֆինանսների հետ, որովհետեւ նվագախմբի ճանապարհորդելը թանկ հաճույք է»:
Հնարավո՞ր է մի օր նորից հաստատվի Հայաստանում:
«Աշխարհը շատ փոքր է, ես աշխատում եմ երկու երկրում, եթե ժամանակս ավելի լավ կազմակերպեմ, կարելի է երեք երկրում էլ աշխատել ու ապրել Հայաստանում»,- ասաց Վահագն Պապյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ