Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայէլեկտրամեքենան» վաճառում են

Հոկտեմբեր 30,2012 13:59

Մանանդյան փողոցի 41 հասցեում գտնվող «Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերության պրոֆիլակտորիայում հաստատված, բնակեցված շենքը հանվել է վաճառքի: Այդ մասին պրոֆիլակտորիական շահագործման հանձնված շենքի բնակիչները տեղեկացել են պատահաբար: 1988 թվականից բնակվելով այդ շենքում՝ բնակիչները ցանկություն էին հայտնել բնակարանները սեփականաշնորհելու մասին, սակայն սպասվածին հակառակ՝ տեղեկացել են, որ «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ն, ունենալով մեծ թվով պարտքեր, այդ շենքը դրել է վաճառքի: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ շենքն ի սկզբանե շահագործման էր հանձնվել «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի կողմից՝ 1988 թվականի հունվարի մեկից, որի նպատակն էր ապահովել բանվորների պրոֆիլակտիկ բուժումը, ինչպես նաեւ ծառայում էր որպես ճաշատեղի: 1991 թվականի դրությամբ բնակվում էր արդեն թվով 42 տեղացի ընտանիք: Հետագայում այդտեղ ապաստան գտան նաեւ Ադրբեջանից բռնագաղթված հայերը, որոնք թվով 20 ընտանիք էին: 1995 թվականի վերջերին շենքի բնակարաններն արդեն բաշխված էին: Բնակիչներից յուրաքանչյուրին տրամադրվել էր պրոֆիլակտորիայում բնակվելու իրավունքի մասին օրդեր, որի մեջ նշվում էր, թե սենյակի սեփականաշնորհման դեպքում այդ օրդերները հանդիսանում են հիմնադիր փաստաթուղթ: Պրոֆիլակտորիայի վաճառքի մասին բնակիչներն առաջին անգամ տեղեկացել են 2012 թվականի հոկտեմբերի 5-ին: Ինչպես զրույցի ժամանակ տեղեկացրեց բնակիչ Լեմս Կիրակոսյանը. «Մենք տեղեկացանք հանկարծակի եւ այդ մասին մեր բողոքի դիմումը ներկայացրեցինք կառավարության շենքի առաջ: Հոկտեմբերի 15-ին արդեն դրել էին վաճառքի եւ վերջին օր էր նշանակվել հոկտեմբերի 25-ը, սակայն դեռեւս առաջարկություն չի եղել՝ գնորդ չի գտնվել»:

Շենքը գնահատվել է 391.661.000 ՀՀ դրամ: Շենքի բնակիչները հուզված փորձում էին որոշակի մանրամասներ պատմել կատարվածից եւ ինչպես տեղեկացրեց բնակիչներից մեկը. «Ամուսինս գնացել էր ճակատամարտի ու կուրացած աչքով վերադարձել էր: Ունեմ երեխաներ, ի՞նչ անենք, գնանք դրսում բոմժի կարգավիճակո՞ւմ ապրենք»:

Բնակիչները չորս անգամ դիմել են ընկերության տնօրենին՝ Սեյրան Մաթեւոսյանին, որպեսզի բնակարանները սեփականաշնորհեն, սակայն, ինչպես իրենք տեղեկացրեցին այդ մասին, պատասխան չեն ստացել: Այդուհետեւ դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ պատասխան նամակը եղել է այն, որ բնակիչների ու ընկերության տնօրենի միջեւ ծագած խնդիրները պետք է կարգավորվեն իրենց միջեւ, քանի որ նա իրավասու չէ այդ հարցի լուծմանն աջակցել: «Ինչու արտադրական շենքերը, որոնք չեն գործում՝ թիվ 2, 3, 12, 13, 20, 22, 26, 27, չեն դրել դատարանում կալանքի, այլ հենց դրել են այն, որը բնակեցվում է»,- անկեղծանում էր բնակիչ Լեմս Կիրակոսյանը: Այդ ու այդօրինակ հարցերի պատասխաններն են ուզում գտնել բնակիչները, որոնց ապրելու պայմանների մասին խոսելն ուղղակի ավելորդ է, այն միայն տեսնել է պետք: Զրույցի ժամանակ պարզ դարձավ, որ իրենք մշտապես ժամանակին են վճարել բոլոր կոմունալ վարձավճարները: Տարիների ընթացքում բազում փոփոխությունների են ենթարկել շենքը՝ կատարվել են վերանորոգման աշխատանքներ: Փաստացի, բնակիչներն այժմ հայտնվել են լինել- չլինելու, փողոցում հայտնվելու եւ անտարբերության մատնվելու անիվի վրա: Այդ մասով «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի աշխատակազմի ղեկավար Գոռ Մաթեւոսյանն ասաց. «Չկա պայմանագրային ոչ մի նշում այն մասին, որ ընկերությունը պարտավորվում է սեփականաշնորհելու իրավունք տալ բնակիչներին: Պրոֆիլակտորիայում բնակվելը հաստատվել է որպես ժամանակավոր կացարան՝ առանց վարձավճարի, ինչպես նաեւ մնացած բոլոր պարտավորությունները կատարում է մեր ընկերությունը, օրինակ՝ գույքահարկը: Բոլորն էլ մեր բնակիչներն են, եւ մենք նույնպես չենք ուզում անմնացորդ լինենք՝ անցնենք մի կողմի վրա, մենք նույնպես ուզում ենք օգնենք իրենց, սակայն շենքը կազմակերպության սեփականությունն է համարվում: Իրենց տրվել է ժամանակավոր կացարանի մասին գրքույկ, իրենք վճարել են իրենց բոլոր կոմունալ վարձավճարները: Այսօր մեր ընկերությանը ոչ մի շահ, նպատակ չկա: Իրենց տեղեկացվել է, որ կարող են գնալ կադաստր, վճարել շենքի հարկերը, որոնք հասցվել են մինիմալի՝ քառակուսի մետրի համար 22.000 դրամ եւ միայն այդ դեպքում շենքը կարող է փոխանցվել իրենց: Այսօր ընկերությունն այնքան ծանր վիճակում է գտնվում, որի վրա հարկադիր ծառայությունների պարտավորություններ են առաջացել եւ դրել են արգելանքի»:

Ստեղծված վիճակում ով է շահողը, եւ ով է տուժողը, դա բոլորիս ակնհայտ է, սակայն «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի պրոֆիլակտորիայում բնակվողներն իրենց ուժն ու եռանդն են ներդրել սկսված վաճառքին դադար տալու համար: Հարկ ենք համարում նշել, որ առք ու վաճառքի մասին իրենց վերջնական տեղեկություն կհայտնվի 2012 թվականի դեկտեմբերի 6-ին: Մինչ որոշվում է թվով 209 մարդու ճակատագիր, բնակիչներն իրենց բողոքն են ներկայացնում նաեւ կառավարությանը: Լեմս Կիրակոսյանը, որն ընկերության աշխատակիցն է եղել 1961 թվականից մինչեւ 2010 թվականը, խորապես վշտացած ասաց. «Այս շենքում իմ բնակարանը բացարձակ վատ վիճակից հասցրել եմ որոշակի նորմալ վիճակի: Գումարներ եմ ծախսել նորոգելու համար, իսկ հիմա ինչպես ես դուրս գամ եւ որտեղ ապրեմ»: Փախստական ընտանիքները տեղեկացրեցին, որ իրենք իրենց հերթին դիմել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը՝ օգնության ձեռք մեկնելու խնդրանքով, սակայն բոլոր դեպքերում Միգրացիոն պետական ծառայությունից ստացել են պատասխան, որ իրենց ծառայությունը չի կարող ֆինանսավորել:

Բնակիչները պայքարում են իրենց իրավունքների համար եւ փորձում անել ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի իրենց հայրենիքում չհայտնվեն բռնագաղթվածի կարգավիճակում:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031