Անգամ «Ոսկե ձկնիկն» այս պարագայում չի կարող ջոկել, թե որն է խողովակ տանող ալիքը, որը՝ գետի հուն
Փոքր ՀԷԿ-երի կառուցումը Վայոց ձորի ջրավազանների վրա հասել է աղետալի չափերի: Դրանց թվաքանակը մոտենում է մոտ 2 տասնյակի: Մի քանիսն արդեն գործարկվել են, մյուսները կառուցման ընթացքի մեջ են: Պատկերավոր ասած՝ Արփա գետը՝ իր փոքր ու մեծ վտակներով, մեր աչքի առաջ դարավոր հունից դուրս գալիս, տեղափոխվում է ՀԷԿ-երի խողովակաշարեր, որոնց տրամագիծը տեղ-տեղ հասնում է 1 մետր 70 սմ-ի: «Հիդրոցավով» տառապողները երեւի թե Արփան շփոթել են Վոլգա, Ամազոն գետերի հետ՝ այդպիսի ծավալով խողովակներ պատվիրելիս: Հիդրոկայանների կողք կողքի շարվելու տեսարանը հիշեցնում է 90-ականներին ծաղկում ապրած զանգվածային կրպակաշինությունը:
ՀԷԿ-երի կառուցման ներկա ընթացքը տեսնելով՝ ես մտավախություն ունեմ, որ դրանք կքառապատկվեն եւ հոսանք ստանալու, այսինքն՝ փող դիզելու մոլուցքից տուրբիններ կմտցվեն նաեւ տարածքի ցայտաղբյուրները: Արփան մեկ անգամ՝ տասնամյակներ առաջ, ջրազրկման փորձություն տեսել է, երբ փրկարար ալիքների հոսքը 48 կմ ստորգետնյա թունելով ուղղվեց Սեւանա լիճ: Սակայն այդ ժամանակ ղեկավարության, մասնագետների խելացի հաշվարկներով բարձրացել է 24 մլն խմ տարողությամբ Կեչուտի ջրամբարը, բաց թողնվել գետի նախկին մակարդակը ապահովող ջրահոսք, որպեսզի չխաթարվի տարածքի բուսական ու կենդանական աշխարհի անդորրը, եւ աշխատեն դաշտերը ոռոգող ջրհան կայանները: Արփային պատուհասած այս երկրորդ՝ մերօրյա վտանգը անհամեմատելի է առաջինի հետ, քանի որ խողովակաշար մտնող ջրահոսքը հատվածաբար, 1-2 կմ-ի վրա սլանալով՝ տեղ-տեղ ամբողջությամբ ջրազրկում, դատարկում է գետի հունը: Մինչդեռ հիդրոշինարարները հավաստիացնում են, թե իրենք չեն խախտում բնապահպանական նորմերը, չեն շեղվում հաստատված նախագծից եւ նույնիսկ ձկների շարժի համար սողանցքներ են թողնում: Անգամ հեքիաթի Ոսկե ձկնիկն այս պարագայում չի կարող ջոկել, թե որն է խողովակ տանող ալիքը, որը՝ գետի հուն, ուր մնաց թե բեղլուն կամ կարմրախայտը կողմնորոշվեն, չընկնեն մսաղաց հիշեցնող տուրբինների մեջ: Ձվադրումը ինչպե՞ս պետք է կատարվի կիսով չափ դատարկվող Հերհերի ջրամբարում կամ տեղ-տեղ ցամաքած գետաբերաններում: Էլ չենք խոսում չորացող ծառ ու թփերի, ջրից օգտվող վայրի կենդանիների մասին: Ոռոգման համար ջուր չի մնում:
Կարդացեք նաև
Ռազմավարական նշանակության հայեցակարգով կառավարությունը նույնիսկ ֆինանսավորում է փոքր ՀԷԿ-եր կառուցողներին, որոնց մեջ քիչ չեն նաեւ Վայոց ձորի գործարարները: Հասկանալի է, այդ գումարները անվերադարձ չեն տրվում:
Հիդրոկայաններ կառուցելու գաղափարը մենք էլ ենք կարեւորում, բայց չենք կարող հաշտվել, չտեսնելու տալ Արփա գետը՝ իր Եղեգիս վտակով, դարավոր հունից ամբողջությամբ խողովակաշար տեղափոխելու ներկա մեծամասշտաբ գործընթացը ու չընդվզել դրա դեմ: Պատմությունից հայտնի է, որ անգամ Նիկոլայ ցարը Վայոց ձորի հողազուրկ, քարքարոտ բնաշխարհը տեսնելով՝ հրամայել է հարկեր չհավաքել բնակչությունից: Ի՞նչ է, հայրենի իշխանավորները չե՞ն տեսնում, որ տարածքին սպառնացող անապատացման վնասը ավելի մեծ է լինելու, քան փոքր ՀԷԿ-երի բերած օգուտները:
Աննախադեպ ծավալների հասնող «հիդրոարշավը» կասեցնելու վճռականությամբ Շատին, Հորբադիտ համայնքներում բնակիչները դուրս են եկել, փակել պաշտոնյաների, կառուցողների ճանապարհները, պահանջել հեռանալ, բայց հետո խաբեության, խոստումների խայծեր են կուլ տվել, թե իբրեւ ձրի հոսանք կստանան, աշխատատեղեր կունենան, լռել, մի կողմ են քաշվել: Գյուղապետերը հողհատկացումներ են կատարում առանց հասարակական քննարկումների, անտեսում համայնքի շահը: Բարձրացված խնդրի շուրջ փորձեցինք ճշտել նաեւ Վայոց ձորի մարզպետարանի եւ բնապահպանության նախարարության ենթակայության մարզային տեսչության աշխատակիցների վերաբերմունքը, սակայն նրանք խուսափեցին որեւէ տեղեկություն տրամադրել եւ խորհուրդ տվեցին դիմել բնապահպանության նախարարություն:
Հասկանալի է, որ գործող հիդրոկայանները փակելու որոշումներ չեն կայացվելու: Նշենք, որ «հիդրոցավով» տառապող «լավագույն» տասնյակի առաջատարներից մեկն էլ Վայոց ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Աբրահամ Մկրտչյանն է:
ԱՐԹՈՒՐ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
«Ասպետ»-ի գլխ. խմբագիր
«Առավոտ» օրաթերթ