«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Տիգրան Սարգսյանի համար լոբբիստական աշխատանքներ ՌԴ-ում իրականացնում են մասնավորապես մի շարք խոշոր բանկիրներ, գործարարներ, որոնց թվում են վարչապետի համակուրսեցի, «Գազպրոմ» ընկերության տնօրեն Ալ. Միլլերը, ԱՊՀ ֆինանսաբանկային խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինը եւ այլք: Մեր տեղեկությունների համաձայն՝ նման առաջարկով վարչապետ Սարգսյանին դիմել է անձամբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը` Յալթայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք Տիգրան Սարգսյանը մոտ ժամանակներս հրաժարական է տալու և անցնելու է այլ աշխատանքի արտերկրում, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը պատասխանել է.
«ՀՀ վարչապետի մոտալուտ հրաժարականի, պաշտոնանկության, պաշտոնը ժամանակավոր ստանձնելու, այլ աշխատանքի անցնելու վերաբերյալ խոսվում և գրվում է 2008թ. ապրիլի 9-ից: Վարչապետը նման խոսակցություններին հանգիստ է վերաբերվում, նույնն էլ խորհուրդ է տալիս լրագրողներին: Հավելեմ, որ Տիգրան Սարգսյանն այլ պետությունում աշխատելու առաջարկ չի ստացել»: