Լրահոս
Օրվա լրահոսը

Գ. Եղիազարյան. «Դատախազության համակարգում ոչ մեկին իր տեղում չպետք է թողնել»

Հոկտեմբեր 30,2012 13:27

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ  դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրել քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ Խոսելով կոնկրետ օրինակներով խնդիրների մասին` ՀՀ նախագահը նշել է. «Սակայն պետք է փաստեմ նաև, որ շարունակում է արդիական մնալ առանձին դատախազների անփութության կամ չարամտության խնդիրը, որը, ցավոք, արժանի գնահատականի չի արժանանում: Հիշեցնեմ, որ անցած տարվա դեկտեմբեր ամսին կայացած խորհրդակցության ընթացքում նախաքննության որակի և դատախազական հսկողության արդյունավետության հարցերը քննարկելիս առանձնապես շեշտվել էր հենց այս երևույթը և առաջարկվել դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ձեռնարկել: Ու թեև այս ուղղությամբ որոշակի քայլեր կատարվել են, ընդհուպ մինչև մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, սակայն առկա բացասական երևույթները չեն նվազել: Եվ մասնավոր հետևությունն այն է, որ առանձին անհատներ այս ամենից պարզապես դասեր չեն քաղել: Դասեր չեն քաղել, որովհետև դատախազության ներսում ես չեմ տեսնում սուր պայքար այդ երևույթների դեմ»:

Aravot.am-ը որոշ քաղաքական գործիչներից հետաքրքրվեց՝ Ս. Սարգսյանի հանդիպումը իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ նախընտրական շրջանում արվող հերթական քա՞յլն է, թե՞ լուրջ մտադրվածություն է նկատվում նշված ոլորտներում թերությունների և բացթողումների վերացման հարցում: «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Երբ երկու ամիս առաջ կառավարության նիստերից մեկում նախագահը փորձեց դիտողություն անել վարչապետին և դրան հաջորդեց նախկին նախարարների, չինովիկների նկատմամբ քրեական հետապնդումները ու Օսկանյանի գործը, ես ասում եմ, որ սա քաղաքական շոու է: Այդպիսի հանդիպումներ հիմա կաշխատեն հաճախ լինի: Դա հերթական շոուն է, և ես ոչ մի ակնկալիք չունեմ»: Մեր մյուս հարցին՝ կանխատեսումներ կա՞ն, որ ինչ-որ մարդիկ կձերբակալվեն, պարոն Մարգարյանն այսպես պատասխանեց. «Չի լինի, քանի որ կոռումպացված թիմ է, այդ բոլորը հենարաններ են: Երբ հետևեն պատիժները, առանձին նախարարների  պաշտոնանկությունը, պատասխանատվության ենթարկելը, եթե անհրաժեշտ է անգամ քրեական՝ միգուցե կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը փոխել է իր մոտեցումները»:

ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ նշեց. «Վովա Գասպարյանը գտնվում է իմ  հակառակ ճամբարում: Ցավով եմ նշում, որ նրա մասին ոչ մի վատ բան չեմ կարող ասել: Թող ինքը ուշադրություն դարձնի իրեն խորհրդական սարքած Ալիկին, ով թքած ունի ՀՀ օրենքների վրա և Կանաչուտ գյուղի փողոցը իր ազգանունով է սարքել: Այդպիսի օրինակ ունենք: Փառք Աստծո, որ Լեոյի փողոցը Վովա Գասպարյանն իր անունով չի սարքել: Սա Սերժ Սարգսյանը չի կարող հասկանալ: Մենք ունենք հետաքրքիր ճանապարհային ոստիկանություն: Այն կարող եմ ասել, որ 90 տոկոսով փոխված է: Մենք ունենք հանցագործության աճի տեմպեր և ըստ իմ ունեցած տվյալների՝ դրանք նվազում են, փառք Աստծո: Ի տարբերություն այն օլիգարխների, որ ամեն օր հացի, կարագի, մնացած սննդամթերքների գները բարձրացնում են: Այս պարագաներում ինչ ասեմ…Տպավորությունն այն է, որ հանդիպումը պոպուլիստական մի քայլ է: Որոշել է փորձի համար մի բան անել: Նրան խորհուրդ տամ, թող ինքն իր լկտի օլիգարխներին կարգի հրավիրի, որ ազգաբնակչությունը նորմալ ձևերով սննդամթերք ստանա:

Դատախազի առումով կարող եմ ասել, որ պայծառ է ասվել: Աղվանին շատ շուտվանից պիտի հաջողություն ասվեր: Ցավոք, հիմա նոր է հասկացել, որ հաջողություն պիտի անի նրան և այդ համակարգում ոչ մեկին իր տեղում չպետք է թողնել: Եթե մտադրություն ունի, ինչ-որ բան փոխելու, կողմնակից կլինեմ, բայց ինքը մտադրություն չունի, ինքը հերթական բլեֆն է անում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Զրույցի ավարտից հետո մեզ զանգահարեց Գ. Եղիազարյանը և հավելեց, որ իր հնչեցրած դիտարկումների հետ Գողթեցի Ազատը, ով լսում էր խոսակցությունը, «երկու ոտքով ձեռքով» համաձայն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031