Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի վախեցեք պարտվելուց

Հոկտեմբեր 30,2012 13:18

Մեր քաղաքական ուժերը վատ սովորություն ունեն՝ հակամարտության առաջին ճակատ ուղարկել կանանց: Այդ հոռի ավանդույթը գալիս է այն ժամանակներից, երբ ՀՀՇ-ն իր հեղափոխական ծրագրերն իրագործելու համար ոստիկանների ու կոմունիստական նոմենկլատուրայի դեմ կիրառում էր «կանացի ներուժը»՝ այդ ջոկատների անդամներին անվանում էին «բետեեռներ»: Նրանք պատրաստ էին հանել սկզբում կոմունիստների, այնուհետեւ՝ ՀՀՇ-ականների եւ հետագա բոլոր իշխանավորների աչքերը, փիտրել նրանց, ինչպես նաեւ՝ սեփական մազերը: Վերջին տարիներին ՀԱԿ-ի հանրահավաքներում, եթե ուշադրություն եք դարձրել, օպերայի թատրոնի աստիճանները մեկ-երկու շարքով շրջապատում էին այդ կանայք, որոնց շարքերը, ճիշտ է, նոսրացել են, եւ մարզավիճակն էլ, հասկանալի պատճառներով, այն չէ:

Խորհրդարանում նույնպես ժամանակ առ ժամանակ հայտնվում են «վալկիրիաներ» (սկանդինավյան էպոսում ռազմատենչ կանայք), որոնք հանուն սեփական կուսակցությունների պատրաստ են մտնել այնպիսի լեզվակռվի մեջ, որից տղամարդիկ սովորաբար խուսափում են: Մեղավորն, իհարկե, տղամարդիկ են. եթե բան ունեք ասելու, դո՛ւք ասեք, կանանց «բլիժնի բոյ» մի ուղարկեք: Բայց իրենք՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, նույնպես պետք է զգան, որ ինչ-որ մի պահից ցանկալի է թրերը դնել պատյանների մեջ, վերջապես՝ մենք հյուսիսային, սկանդինավյան ժողովուրդ չենք: Մեզ մոտ, հակառակը՝ կինը ավանդաբար զսպող, սուր անկյունները հարթեցնող, հաշտեցնող դեր է խաղում:

Ընդհանրապես, բոլոր տեսակի «բազարային» վեճերը (ոչ միայն կանանց մեջ) առաջանում են այն պատճառով, որ երկու կողմն էլ ցանկանում է, որ իր խոսքը վերջինը լինի: Այդ «վերջին» խոսքն ասելու համար վեճի ամեն մի փուլում կողմերը բարձրացնում են իրենց տված լուտանքների «վոլիումը», որպեսզի այդ՝ «վերջին խոսքը» լինի շշպռող, ջախջախիչ, հակառակորդին կապիտուլյացիայի մատնող: Բայց այդ խոսքը իրականում վերջինը չի լինում, գալիս է հաջորդ՝ «ավելի ջախջախիչ» խոսքը: Եվ այսպես շարունակ՝ ճիշտ մի կաթիլ մեղրի պատմության նման: Ճիշտ է, այդ մի կաթիլ մեղրի դերում կարող է հանդես գալ… Սեւրի պայմանագիրը:

Այստեղից՝ խորհուրդ փորձված եւ անփորձ քաղաքական գործիչներին, ինչպես նաեւ այլ մասնագիտությունների մարդկանց. մի՛ վախեցեք լուտանքին չպատասխանելուց, մի՛ մտահոգվեք, որ ձեր ընդդիմախոսը դա կընկալի որպես թուլության դրսեւորում կամ փաստարկների բացակայություն: Այլ կերպ ասած՝ մի՛ վախեցեք նման «բանավեճերում» պարտվելուց:

Օրինակ՝ երբ իմ մասին են վատ բան գրում՝ ոչ թե ճշմարտությունը պարզելու նպատակով, այլ՝ ելնելով ինչ-ինչ անձնական կամ թայֆայական (կուսակցական) նկատառումներից, ես անմիջապես «հանձնվում եմ»՝ մտքումս ասելով. «այո, դուք լավն եք, ես՝ վատը»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031