Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության մասին գիրքը` բեսթսելեր Թուրքիայում

Հոկտեմբեր 30,2012 13:15

Թուրքիա - Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, Ստամբուլ, 13-ը սեպտեմբերի, 2012թ.

Գրքի հեղինակը ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռն է։

Թուրք ճանաչված լրագրող Հասան Ջեմալի` Հայոց ցեղասպանության մասին անցած ամիս հրատարակած գիրքը արդեն բեսթսելեր է դարձել երկրում, ինչը ցույց է տալիս այս հարցի նկատմամբ աճող հետաքրքրությունը թուրքական հասարակությունում։ Այդ է փաստում Zaman-ի վերլուծաբանը անցած շաբաթավերջին հրապարակած հոդվածում։

Zaman-ը ընդգծում է, որ աղմկահարույց այս գրքի հեղինակը երիտթուրքերի կառավարության առանցքային դեմքերից մեկի` Ջեմալ փաշայի թոռն է, ով ոչ միայն փաստագրական տվյալներ է ներկայացրել ողբերգության վերաբերյալ, այլեւ պատմել է, թե ինչպես են փոխվել իր անձնական ապրումները, եւ ինչ ճանապարհ է անցել ինքը մերժումից մինչեւ Հայոց ցեղասպանության ճանաչում։

Ծավալուն աշխատությունը, մասնավորապես, սկսվում է այս հարցի վերաբերյալ հեղինակի` դեռեւս 30 տարի առաջ հրապարակած առաջին հոդվածից, որտեղ Ջեմալ փաշայի թոռը պաշտպանել էր Թուրքիայի կառավարության պետական դիրքորոշումը, եւ ավարտվում նույն թեմայի շուրջ արդեն անցած տարի Կալիֆորնիայի համալսարանում ունեցած ելույթով, որտեղ Հասան Ջեմալը հրապարակավ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Սեփական տպավորություններից եւ տեսակետներից բացի, Հասան Ջեմալը գրքում նաեւ մեջբերել է պապի` Ջեմալ փաշայի հիշողությունները, որոնք հրապարակվել են 1919 թվականին Գերմանիայում։ Անցած դարի սկզբին լույս տեսած այդ հուշերում ցեղասպանության կազմակերպիչներից մեկը համարվող Ջեմալ փաշան, մասնավորապես, պնդել էր, թե կատարվածի մեջ մեղավոր է ռուսական քաղաքականությունը, որը, ըստ նրա, ստորաբար հրահրել էր հայերին եւ թուրքերին միմյանց դեմ։

Փաստելով, որ գրքի հեղինակի կամ հրատարակչի նկատմամբ մինչ օրս որեւէ հետապնդում չի իրականացվել Թուրքիայում` Zaman-ը շարունակում է. – «Սա ցույց է տալիս, թե որքան առաջ է գնում Թուրքիան տաբուները հաղթահարելու ճանապարհին»։

«Ժամանակին Հրանտ Դինքը ասել էր. – «Առաջինն անհրաժեշտ է ոչ թե ժխտել կամ ճանաչել, այլ` տեղեկանալ կատարվածին»։ Համոզված եմ` այս խոսքերը հրատապ են նաեւ այսօր», – եզրափակում է Zaman-ի հոդվածագիրը։

Հեղինե Բունիաթյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031