Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը չցանկացավ մանրամասնել Նաիրի Հունանյանի հետ զրույցը

Հոկտեմբեր 30,2012 12:39


Վերջին շրջանում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ եվրաինտեգրացման մշտական հանձնաժողովի անդամներն այցելում են քրեակատարողական հիմնարկներ` ծանոթանալու կալանավորների բնակության պայմաններին: Հերթական այցն ուրբաթ օրն էր` ԱԱԾ մեկուսարան: Այցից հետո մամուլում հակասական հրապարակումներ եղան, այն մասին, թե ԱԱԾ մեկուսարանում ինչ խոսակցություն են ունեցել պատգամավորները «հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի հետ: Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանից խնդրեց հստակեցնել` ի վերջո ի՞նչ են խոսել Նաիրի Հունանյանի հետ:

«Առանձնակի խոսակցություն չի եղել: Ընդամենը խցի դուռը բացվել է եւ մենք ցանկացել ենք տեսնել այն միջավայրը, որտեղ իր հանգրվանն է ստացել Նաիրի Հունանյանը»,- ասաց պարոն Էնֆիաջյանը:

Ըստ՝ «168 ժամի» հրապարակման, Վահե Էնֆիաջյանը Հունանյանին հարցրել է, թե արդյո՞ք նա փոշմանել է իր արածի համար: Նաիրի Հունանյանն էլ ի պատասխան մասնավորապես ասել է, որ իրենց բոլորի հոգիներն իր մեջ են: Համենայն դեպս, իր արածի համար զղջման կամ փոշմանելու մասին ոչ մի խոսք չի ասել: Այս առնչությամբ պրն Էնֆիաջյանն «Առավոտին» հայտնեց. «Մենք ընդհանուր շրջել ենք ամբողջ տարածքով ու տարբեր կալանավորների հետ շփվելով տարբեր հարցեր ենք տվել: Կոնկրետ իր վրա էդպես չենք կենտրոնացել: Պարզապես հետաքրքիր է եղել, թե բանտախցում ինչ պայմաններ են»: Թե ի՞նչ պայմաններ էին Հունանյանի բանտախցում, ըստ Վահե Էնֆիաջյանի` «առանձնապես ոչ էլ տարբերվում հարեւանությամբ գտնվող կալանավորների պայմաններից»:

Հիշեցնենք, որ տարբեր քրեակատարողական հիմնարկներ այցերի տպավորությունները պատգամավորները պետք է վերլուծեն եւ նոյեմբերի 20-ին տեղի ունենալիք լսումների ժամանակ արդեն հստակ առաջարկներով հանդես գան:

Խմբի անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը կարծիք էին հայտնել, որ ԱԱԾ մեկուսարանում առավել լավ պայմաններ էին, քան մյուս մեկուսարաններում: Հետաքրքրվեցինք` կիսո՞ւմ է Էնֆիյաջյանն այս կարծիքը: Պատասխանը եղավ. «Այո»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031