Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդրական մեկ անեկդոտ

Հոկտեմբեր 30,2012 12:30

«Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է:
Անհրաժեշտության դեպքում, որպես լրացում, գովազդատուի հայեցողությամբ, գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաեւ այլ լեզուներով` համեմատաբար փոքր տառերով»:
Սա Գովազդի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածն է: Պետական օրենքի այս հոդվածն իրոք անեկդոտ կթվա, եթե թեկուզ մի տասը րոպե քայլենք Երեւանի ցանկացած փողոցով:
Պետական հռչակված լեզվի հանդեպ այսպիսի քամահրանք, օտարամոլության այսպիսի անզուսպ կիրք երեւի այլ տեղ չես հանդիպի: Եթե նույնիսկ կա էլ, դրա մասին կիմանան առաջավոր փորձ ձեռք բերելու նպատակով արտասահման գործուղվող պաշտոնյաները, հատկապես նրանք, որոնք ի պաշտոնե կոչված են վերահսկելու սույն օրենքի իրականացումը, այսպես ասած, լիազորված մարմինները:
Չնայած մեզանում «օրենքի իրականացում» ասվածն էլ ուրախ արտահայտությունների շարքն է դասվել:
Ո՞րն է անկախ Հայաստանի մայրաքաղաքի ճակատի գիրը եւ մանավանդ` ո՞ւմ համար: Ճշգրիտ միայն մի բան կարելի է ասել` ոչ մեզ համար, քանի որ խանութների, սրճարանների, ժամանցի վայրերի (դժվարանում եմ ասել, թե Երեւանում ուրիշ ինչ կա) ցուցանակներին, կանչող ու հնչող գրություններին նայելիս իրեն օտար է զգում միայն հայը:
Իսկ, այ, ասենք, Շրի Լանկայից մեր կրթահամակարգի ղեկավարներին ղեկավարելու եկածն իրեն զգում է ինչպես ձուկը` ջրում: Ցուցանակների գերակշիռ մասում ոչ միայն պահպանված չէ հայերեն եւ օտար տառերի չափերի համամասնությունը (ինչպես պահանջում է վերը հիշատակված եղած-չեղած հոդվածը), այլեւ հայերեն տառ էլ չկա, որ համեմատես:
Եվս մեկ մեջբերում սույն օրենքից.
1-ին հոդված, ե) կետ. «կանխել այն գովազդների տարածումը, որոնք առաջ են բերում ոտնձգություններ հասարակական արժեքների եւ բարոյականության համընդհանուր նորմերի նկատմամբ»:
Բանից պարզվում է` մեր երկրում ամեն ինչ հասարակական արժեք ունի, բացի պետական լեզվից, որի հանդեպ ոչ թե ոտնձգություններ են կատարում, այլ ենթարկում բացահայտ ծաղրուծանակի:
Բայց այս առումով մենք պիտի համեմատաբար հանգիստ լինենք, որովհետեւ գոյություն ունի Լեզվի պետական տեսչություն, որի առաջնահերթ պարտականություններից մեկը հայերենի գործառության ապահովումն է բոլոր բնագավառներում եւ լեզվի հանդեպ ոտնձգություն կատարողներին, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվության ենթարկելը: Բայց այս չաղլիկ մարմինը կարծես չի կատարում իր պարտականությունները:
Ուստի, հավանաբար, անզոր հայացքով միայն հետեւում է օտարալեզու շքերթին, տնքում եւ սկսում մտածել էսպերանտոյի մասին: Թերեւս այսպես է, քանի որ հիմա այս տեսչության ձայնը պիտի լսվեր ամենուրեք, քանզի լեզվական առումով այսպիսի խայտառակ վիճակ չի եղել երբեք:
Նախկինում լեզվի պետական տեսչությունը կառավարությանն առընթեր մարմին էր, ինչը ենթադրում է լիազորությունների ավելի մեծ շրջանակ: Այժմ գիտության եւ կրթության նախարարության մի պատրաստակամ ստորաբաժանում է` լիազորությունների հասկանալի շրջանակով: Մինչդեռ պիտի գոյություն ունենար Լեզվի դատախազություն` մեծ լիազորություններով: Թող չափազանցություն չթվա, բայց լեզվի պաշտպանությունը նաեւ ազգային անվտանգության խնդիր է:
Էլ ինչ լեզվի մասին օրենք, որի առաջին հոդվածով ամրագրված է.
«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է»:
Եթե մի օրենքում պետական հռչակված լեզվին վերապահվում է ոչ թե պարտադիր գործառական, այլ սպասարկուի դեր, այդ օրենքն իրականացնողներն էլ իրենց պիտի զգան լեզվի հանդեպ տիրոջ դերում:
Եվս մեկ անեկդոտ.
Լեզվի մասին ՀՀ օրենք, 5-րդ հոդված. «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար»:

Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031