Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում այսօր քաղաքական կյանքում կարող են տեղ ու դեր ունենալ, քվե ապահովել այն կուսակցությունները, որոնք բարեգործական կազմակերպություններ ունեն»

Հոկտեմբեր 30,2012 12:22

Հատված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ հարցազրույցից:

ԲՀԿ-ի օգուտը ո՞րն է ՀԱԿի հետ համագործակցելուց, ու ՀԱԿն ի՞նչ օգուտ ունի՝ համագործակցելու ԲՀԿի հետ։

– Ես չեմ ուզում խորանալ, թե ի՞նչ շահ ունեն այս երկու ուժերն իրարից։ Ես ուզում եմ հասկանալ, թե այս միավորումից ի՞նչ կշահի հասարակությունը։ Քաղաքացին ուզում է ապրել մի երկրում, որտեղ իր իրավունքները դատական համակարգով պաշտպանված լինեն։ Հիմա հայ քաղաքացին հավատո՞ւմ է, որ դատարանն իր իրավունքները հավասար կպաշտպանի, եթե նախագահը լինի ոչ թե Սերժ Սարգսյանն, այլ, ասենք, Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը։ Կարծում եմ՝ ոչ, որովհետև ժողովուրդը չի հավատա այն մարդու իշխանության արդարությանը, խոսքս Վարդան Օսկանյանի մասին է, ով Մարտի 1-ի դեպքերը համարում էր ոչ թե հետընթաց, այլ ժողովրդավար կարգերից փոքր-ինչ շեղում։ Նույնն էլ ԲՀԿ բազմաթիվ այլ անդամներին, որոնք կապ ունեին ԲՀԿ նախագահի հետ, որոնք ձերբակալվեցին, և այլն, և այլն։ Մարդիկ տեսել են, թե այս կուսակցությունն ինչպես է մասնակցում ընտրարշավին։ Ու, ցավոք, ստացվում է, որ Հայաստանում այսօր քաղաքական կյանքում կարող են տեղ ու դեր ունենալ, քվե ապահովել այն կուսակցությունները, որոնք բարեգործական կազմակերպություններ ունեն, ովքեր բարեգործություն են իրականացնում ու միաժամանակ հավատացնում են, որ դրանք բացարձակապես կապ չունեն իրենց քաղաքական կամքի հետ։ Եվ այս պարագայում դու պետք է գնաս ու իրենց հետ մրցե՞ս։ Չգիտեմ, թե իրենց ի՞նչ կտա այս միավորումը, բայց հայ մարդուն ոչինչ այս համագործակցությունը, կարծում եմ, չի տա։

ԱԳ նախկին նախարար, ԲՀԿական Վարդան Օսկանյանի գործի առիթով շատ քաղաքագետներ պնդում էին, որ ԲՀԿից այս կերպ արհեստականորեն ընդդիմություն են կերտում։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն նպատակ ունի ՀԱԿի հաշվին ընդդիմություն դառնալ։

– ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին շատ ձեռնտու է այն իրավիճակը, որն այսօր տիրում է։ Ու ամենաշատն այս իրավիճակից, դժբախտաբար, կարողացավ օգտվել ԲՀԿ-ն: Եթե համեմատական վերլուծություն անցկացնենք նախորդ ընտրությունների հետ՝ կտեսնենք, որ ԲՀԿ նախագահն այսօր իր սեփականությունը, ունեցվածքը գրեթե կրկնապատկել է, պատգամավորական մանդատների թիվը կտրուկ աճել է, հավաքական հեղինակության առումով համար մեկ հարց է դարձել երկրում՝ ո՞ւմ կպաշտպանի Գագիկ Ծառուկյանը։ Եվ գումարած այս ամենին՝ ԲՀԿ-ն հստակ հայտ է ներկայացրել վարչապետի պաշտոնի համար։ Արդյոք այս հարցերը քննարկվո՞ւմ են Սերժ Սարգսյանի մոտ, թե՞ ոչ, կարևոր չէ. կարևոր է, որ հասարակությունը քննարկում է։ ԲՀԿ-ն, միանշանակ, շահեց։ Իսկ ժողովուրդը շահե՞ց, թե՞ ոչ, կարծում եմ՝ ոչ։՝

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031