Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին, Հայաստանի դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն հրավիրեց` քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ: Եթե այս ամենը դիտենք սեպտեմբերի 15-ի համատեքստում, երբ ՀՀ նախագահը կառավարությունում հրավիրեց խորհրդակցություն և քննադատեց կառավարության վերջին տարիների աշխատանքը, իսկ դրանից հետո անցավ առանձին գերատեսչությունների աշխատանքների «վերանայմանը», ապա դժվար չէ կռահել, որ Նախագահն այս անգամ ևս ավելի շատ քննադատեց, քան խոսեց «որոշ դրական տեղաշարժերի» մասին, իսկ թե կոնկրետ ինչ նպատակով դա դեռ ապագայում կպարզվի…
Ինչևէ, մի շատ ուշագրավ պահ հարկ է առանձնացնել: ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը «որոշակիորեն բարելավված» համարեց զինվորական դատախազության աշխատանքը: Հիմա հարց է ծագում, զինվորական դատախազության աշխատանքնե՞րն են բարելավվել, թե՞ Նախագահն առիթը օգտագործելով` փորձեց սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ դաղածը եղել:
Դժվար է այս պարագայում հստակ պատասխան տալ, բայց հուսանք, որ այնուամենայնիվ, պաշտպանության նախարարությունը առնվազն հանձին ռազմական դատախազության սկսել է ավելի լավ աշխատել: Ի վերջո, դա բոլորիս շահերից է բխում:
Վերադառնալով վերոնշյալ խորհրդակցյությանը` հեշտ չէ կապ չտեսնելը սեպտեմբերի 15-ին կառավարությունում հրավիրված խորհրդակցության հետ: Ամենայն հավանականությամբ դրանք սերտորեն կապված են: Մնում է հետևել իրադարձություններին և հասկանալ դրանց ուղղակի արդյունավետությունը հասարակության իրական կյանքում:
Էրիկ ԵՐԻՑՅԱՆ