Հատված Լեռնիկ Ալեքսանյանի (ՀՀԿ) հարցազրույցից:
– Գագիկ Ծառուկյանի առաջադրումը հնարավոր տարբերակ չե՞ք համարում։
Կարդացեք նաև
– Գագիկ Ծառուկյանի բոլոր ելույթներն ու կարծիքները հաշվի առնելով՝ չեմ կարծում, որ նա իր թեկնածությունը կդնի։ Շատ ենք լսել, որ նա ասել է, թե նույնիսկ վարչապետ չի ցանկանում դառնալ։
– Հավատո՞ւմ եք այդ հրապարակային խոսքերին։
– Եթե մի խոսք լիներ, այն էլ իրավիճակային, չէի հավատա, բայց Ծառուկյանը միշտ ասել է, որ պաշտոն ունենալու խնդիր չունի։ Հետո էլ ինքն ունի ֆինանսական իշխանություն, ու այսօր նրա ինչի՞ն է պետք պաշտոնը։ Ինչ է, փո՞ղ է ուզում։ Կարծում եմ՝ Ծառուկյանն ինքը հակված չէ թեկնածություն դնելու։ Ի վերջո, այսօր Սերժ Սարգսյանին այլընտրանքային մրցակից լինելն է շատ դժվար։ Չեմ կարծում, որ այսօր քաղաքական դաշտում կա մեկը, որը կարող է այդպիսին լինել։
– Լեւոն Տեր–Պետրոսյանն այլընտրանքային չէ՞։
– Այլընտրանքայինը միայն մարդու անձը չէ, այլև քաղաքական կենսագրությունը, սատարող ուժերը։ Այսօր որևէ մեկը չի կարող ունենալ այնպիսի հզոր կուսակցություն, ինչպիսին ՀՀԿ-ն է, ու ավելի մեծ կենսափորձ, որքան Սերժ Սարգսյանինն է։ Այսքանով հանդերձ, նաև մյուս կուսակցությունների հետ հարաբերակցությունն է բարձր մակարդակի վրա, և հասարակության մեջ ունեցած վարկանիշն է մեծ։ Տեր-Պետրոսյանի անձը չթերագնահատելով, իր չափորոշիչներով շատ թույլ է նախագահ ընտրվելու համար։
– Իսկ ՀԱԿ–ԲՀԿ հնարավոր միավորումով ու նախագահի միասնական թեկնածուով հանդես գալու պարագայում կարելի՞ է խոսել մրցակից թեկնածուի մասին։
– ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն երբեք չի լինի։ Գաղափարական, սկզբունքային ու նաև մարդկային որակների առումով դա երբեք չի ստացվի։ Ժողովրդի համար արդյունավետ աշխատանք էլ չի լինի այդ համագործակցությունից։ Թե վերևներում ինչ կխոսեն ու կստորագրեն, չգիտեմ, բայց գիտեմ, թե շարքային ՀԱԿ-ականներն ու ԲՀԿ-ականներն ինչպես են իրար հետ ընտրություններ անցկացնելու, օրինակ, որևէ շրջանում։ Միայն ասելով չէ, ժամանակի ընթացքում պիտի այդ միասնությունը ձևավորվի։ Օրինակ, ՀԺԿ-ն ու ՀՀԿ-ն, երբ միավորվեցին, ահագին ժամանակ՝ վեց-յոթ ամիս էր պետք, որ նրանք կարողանային միասին քաղաքական գործունեություն ծավալել։ Երկու ամիս հետո ընտրություններ են, ու նո՞ր պիտի միավորվեն, դրա արդյունավետությունը չեմ տեսնում։
– Դուք նշեցիք, որ ԲՀԿ–ն կսատարի Սերժ Սարգսյանին, սակայն ԲՀԿ–ական պատգամավորները համառորեն «չեն ճանաչում» հուշագիրը։ Ինչպե՞ս հասկանալ։
– ԲՀԿ-ական պատգամավորները հարց որոշող չեն։ Հարցը լուծում է Ծառուկյան Գագիկը, որը հայտարարություններում շատ զուսպ է, ավելի շատ լուռ։ Սա նշանակում է, որ խնդիրը դեռ որոշված չէ։ Սրանք քաղաքական խաղիկներ են մինչև վերջնական որոշում կայացնելը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Իրատես de facto»