Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Սարգսյանի նախընտրական ծրագիրն որքանո՞վ կատարվեց

Հոկտեմբեր 30,2012 11:24

Այդ նախընտրական ծրագիրը, դե՛ հիշում եք, չէ՞, «Առաջ Հայաստան»-ը, կազմված էր 13 կետից եւ վերնագրված էր. «Հայաստան, որին ձգտում ենք եւ կհասնենք»։ Ծրագրի կետերի մեծագույն մասն այնպիսի խոստումներ են, որոնց կատարումը չափել հնարավոր չէ։ Օրինակ, ինչպես իմանանք՝ որքանով է կատարվել ծրագրի հետեւյալ կետը. «Փոխադարձ հարգանքը, սերը եւ ներողամտությունը կլինեն մեր կենցաղավարության անբաժան մասը» կամ «Ցանկացած հայ ընտանիքի համար կրթությունը եւ գիտելիքը կլինեն ամենամեծ պահանջարկ վայելող արժեքները» եւ այլն։ Բայց 13 կետերից 3-ը չափելի են, եւ կարելի է չափել դրանց կատարումը՝ օգտվելով պաշտոնական վիճակագրական տվյալներից։

Այսպես, «Մենք կդառնանք մրցակցային միջավայրում գործարարության եւ ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր»,- խոստանում էր ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը 2008-ի նախագահական ընտրություններից առաջ։ Ինչո՞վ դա չափենք, ո՞ր ցուցանիշով։ Կարելի է «Douing Business»-ով կամ այսուայն երկրին ինչ-որ վարկանիշներ շնորհող կազմակերպությունների՝ կասկածելի ցուցիչների վրա հիմնված «ռեյտինգներով»։ Բայց առավել ճիշտ կլինի օգտվել ավելի բացարձակ մեծությունից, որը, թերեւս, ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնի։ Եթե Հայաստանը պետք է դառնար ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր, ուրեմն՝ դա պետք է հանգեցներ, մասնավորապես, օտարերկրյա ներդրումների աճին։ Հիմա՝ պաշտոնական ցուցանիշը. 2008 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ իրականացվել է 515 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում, 2012-ի առաջին կիսամյակում՝ 266 միլիոն դոլարի։ Եթե «ներդրումների համար լավագույն պայմանների ապահովում» ասելով Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել այն, որ իր պաշտոնավարման ընթացքում ներդրումների ծավալը կնվազի մոտ երկու անգամ, ապա կարելի է արձանագրել, որ նրա նախընտրական ծրագրի այդ կետը կատարված է լիովին:

Հաջորդ կետը. «Հայկական ընտանիքների եկամուտներն առնվազն կկրկնապատկվեն»,- խոստանում էր Սերժ Սարգսյանը։ Ըստ պաշտոնական վիճակագրության, մեկ վիճակագրական հայաստանցու միջին ամսական եկամուտը 2008 թվականին կազմել է 26 հազար 866 դրամ։ 2011-ին այդ ցուցանիշը կազմել է 34 հազար 206 դրամ (2012-ի ցուցանիշները դեռ չկան): Աճը կազմել է 27 տոկոս։ Կարելի էր, իհարկե, սա համարել եկամուտների կրկնապատկման մասին նախընտրական խոստման կատարում, եթե չլիներ մի հանգամանք։ Այս 4 տարիների ընթացքում գնաճը Հայաստանում եղել է ավելի բարձր, քան եկամուտների աճը։ Այսինքն, իրականում «հայկական ընտանիքների եկամուտները» եթե չեն նվազել, ապա առնվազն չեն աճել, առավել եւս՝ կրկնակի։

«Կենսաթոշակային բարեփոխումները կհանգեցնեն նրան, որ քաղաքացու թոշակը կբավարարի արժանապատիվ կյանքով ապրելու համար»,- ասում էր Սերժ Սարգսյանը 2008-ի նախագահական ընտրություններից առաջ։ Ըստ պաշտոնական վիճակագրության, 2008-ին միջին կենսաթոշակը 21 հազար 370 դրամ էր, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը՝ 36 հազար 500: Այսինքն, «արժանապատիվ կյանքով ապրելու համար» 2008-ին մեր թոշակառուին չէր բավարարում մոտ 15 հազար դրամ։ 2012- ին միջին կենսաթոշակը կկազմի մոտ 30 հազար, իսկ 2012-ի հուլիսի 1-ի դրությամբ նվազագույն սպառողական զամբյուղը մեկ շնչի հաշվարկով ամսական կազմել է 53 հազար դրամ։ Այսինքն, այս տարի կենսաթոշակառուին «արժանավայել կյանքով ապրելու համար» չի բավարարի արդեն 23 հազար դրամ։ Առաջընթացը, ինչպես ասում են, ակնհայտ է։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031