Մարդկային պատմություններ, կերպարներ ու խոհեր առաջին գծից
«Հյութ կխմե՞ք»: Սա առաջին հարցն է, որ առաջին գիծ մեկնած լրագրողներին հարցնում են զինվորները: «Չէ, շնորհակալություն», պատասխանում ենք այն ցանկությամբ, որ հյութը մնա զինվորին: «Ինչո՞ւ», վիրավորվում են նրանք: «Շատ ունենք` մասուրի, ծիրանի, շատ համեղ է», շարունակում է զինվորներից մեկը: «Իսկ գուցե սո՞ւրճ խմեք», ընկերոջ խոսքն է շարունակում մյուս զինվորը: Սուրճից չենք հրաժարվում: Զինվորներից մեկը սուրճ է պատրաստում` շատ քաղցր ու կարծես այդ շաքարի պարունակությամբ փորձում իր ոգեւորությունն ու ուրախությունն արտահայտել: Առաջին գիծ այցելած զինվորներին քաղցրավենիք էինք տարել. կարծում էինք` քաղցրավենիքի կարոտ են, բայց այդպես չէր: Իրենց քաղցրավենիքն են հյուրասիրում ու հրավիրում սուրճի սեղանի: Ասում են` սնունդի պակաս չենք զգում, միակ խնդիրը սուրճի բացակայությունն է: Ընդհանուր սննդակարգում սուրճ չկա, զինվորներն իրենց զորամասի թեյարանից են գնում ու հավելում ենՙ եթե հնարավորություն կա, սուրճն էլ ընդգրկվի սննդակարգում:
Մինչ առաջին գիծ բարձրանալը մեզ զգուշացնում ենՙ գլուխներդ ցածր կպահեք, հակառակորդը մեզանից մի քանի հարյուր մետրի վրա է ու ամեն վայրկյան կարող է կրակել: Մինչ բլինդաժ հասնելը դժվար ճանապարհ ենք կտրում: Ուղեկցող զինվորն ասում է, որ աշնանն ու ձմռանն այս ճանապարհով անցնելն իսկական տանջանք է, բայց զինվորներն արդեն սովորել են:
Վերեւում տարբեր պատմություններ են, տարբեր մարդիկ, կենսագրություններ, մտածելակերպ: Ծառայության վեց ամիսը լրացած զինվորները 14 օրով բարձրանում են առաջին գիծ: Մինչ դիրքեր բարձրանալը նրանք տիրապետում են զենքի կիրառման նրբություններին, մարտական պատրաստվածությունը հասցվում է լավ աստիճանի, եւ միայն համոզվելուց հետո, որ սահմանի պահպանությունն ապահով ձեռքերում է, նորակոչիկ զինվորներին ուղարկում են առաջին գիծ:
Կարդացեք նաև
Թիկունքում հայրենիքն է
Միքոն զորամասի ռեփերն է: Նրա շնորհիվ զորամասում բոլորն անգիր գիտեն էմինեմի, 50cent-ի, Միշոյի ու այլ հայտնի ռեփերների ստեղծագործությունները: Հաշվել է` ծառայելու է 730 օր, դրանցից չորս ամիս մեկ օրն արդեն անցյալում է: Սիրային երգեր չի կատարում, կյանքի դրվագներից է երգերի թեմաներ ընտրում: Զինվորական կյանքի մասին դեռ ստեղծագործություն չունի, բայց խոստանում էՙ ապագայում դա էլ կլինի, դեռ նոր է ծառայության մեջ: Չորս ամսվա ընթացքում Միքոն հասկացել է, թե ինչպես պետք է ծառայել բանակում: «Ոչ շատ խելոք պետք է լինես, ոչ շատ չար, որ կարողանաս բանակային կյանքում ներգրավվել: Սկզբում ամեն ինչ դժվար էր, խորթ, հետո հարմարվում ես կերակուրին էլ, ռեժիմին էլ»: Միքոն կողմ է, որ բանակում խստություն լինի: «Եթե խստություն չկա, անկարգություններ կլինեն»: Ասում է` բանակ է եկել միայն մեկ նպատակով, որ բարձրանա առաջին գիծ: Առաջին գիծ բարձրանալու համար դեռ շուտ է: Դեռ պետք է սովորի ու որոշակի պատրաստություն անցնելուց հետո բարձրանա առաջին գիծ: «Ինձ համար ծառայությունն ընկալվում է միայն դիրքերում, ուզում եմ ապրել զգացողությունը, որ թիկնունքում հայրենիքն է ու դու քո ձեռքերով պետք է այն պահես»:
19-ամյա Էդուարդ Մուսայելյանն արդեն 11 ամիս ծառայության մեջ է: Փորձ, շփում, ինքնուրույնություն: Սրանք այն հատկանիշներն են, որ ձեռք է բերել ծառայության ընթացքում: Մինչ բանակ զորակոչվելն Էդուարդին ամենատարբեր խորհուրդներ են տվել, ինչպիսի նայվածքով ու քայլվածքով մտնել զորամաս, ի՞նչ ասել ու չասել, ո՞նց ուտել ու խոսել… հիմա նա ծիծաղով է հիշում այդ օրերը… ասում է` նման բան չկա: Ինքն էլ բանակ զորակոչվողներին խորհուրդ է տալիս. «Եղեք ուժեղ, հոգեբանորեն պատրաստվեք ծառայության: Ինչպես կյանքում, այնպես էլ ծառայության մեջ, կարեւորը մեկն է` չխաբել, եթե սուտ չես խոսում, ապա բանակում ոչ մի խնդիր չես ունենա»: «Անբասիր մրմունջներ», «Վարդանանք», «Քո հնարավորությունները, մարդ»: Սրանք այն գրքերն են, որ Էդուարդը կարդացել է ծառայության ընթացքում: «Համարյա բոլորը գիրք են կարդում», ասում է նա ու հավելումՙ ծառայությունը ոչ դյուրին գործ պատկերացրեք, ոչ էլ չափազանցրեք:
«Բանակում ծառայելը կյանքի մի հատված է: էնպես չէ, որ հեշտ է, բայց դե մենք տղա ենք, պետք է ծառայենք: Մենք ծառայում ենք, արթուն ենք, որ մեր ընտանիքները հանգիստ քնեն: Եթե մեր ազգի մեջ հայրենասիրություն չլիներ հիմա երեւի մեր ազգը չէր լինի: Էն ժամանակ էլ մեր նման տղերքն են պահպանել երկիրը, հիմա հերթը մերն է: Սա կյանքի դպրոց է, որ պետք է անցնես, մի հատված է, որ պետք է լինի քո կյանքում», ասում է նա: Մելոյան Արտակին զորամասում անվանում են դեմբել: 50 օրից նա կվերադառնա քաղաքացիական կյանք: Բանակից ե՛ւ լավն է տանում, ե՛ւ վատը: «Տղամարդկությունդ կրկնապատկվում է, քո մեջ նոր իդեաներ ու իդեալներ ես ձեւակերպում: Վատ բանն էլ այն է, որ այստեղ տարբեր մարդիկ են հավաքված ու երբեմն այնպիսի բաներ ես տեսնում, նախանձ ու չարություն, որ երեւի քաղաքացիական կյանքում դժվար հանդիպես: Էս ամեն ինչը մեզ կոփում է, դառնում ենք հասուն: Մենք տեսնում ենք ուրիշի սխալներն ու սովորում»:
Սեւանից Եգոր Պողոսյանը բանակից մտերմություն ու ընկերություն է տանում, ռազմական գիտելիքներ, բնավորության կայունություն ու համբերատարություն: Միակ բացասական բանը, որ զգացել է բանակում, զինվորի մահվան մասին լուր լսելն է: «Որ լսում ենքՙ բանակում մեկին սպանել են, մեկին ծեծել են, մենք էլ ենք ծանր տանում: Ճիշտ է, մեզ մոտ նման բան չկա, մենք նման բան չենք տեսել, բայց որ իմանում ենքՙ նման բան է եղել, վատ ենք զգում, նեղվում, կուզենայինք, որ դա չլիներ»:
«Իմ մեջ հաղթեց հայրենասեր զինվորը…»
Պայմանագրային զինծառայող Գեւորգ Բաղդասարյանին զորամասում եւ դիրքերում բոլորն են ճանաչում: Նա զորամասի լավագույն դիպուկահարներից էՙ օրինակելի սպա ու մարդ: Գեւորգն արդեն 10 տարի ծառայության մեջ է, իրեն անվանում է սահմանի զինվոր: «Սահմանում ինձանից առավել կարեւոր են իմ զինվորներն ու իմ դիրքը: Դա այն հատվածն է, որ տվել են ինձՙ ու ես պետք է պահպանեմ»: Առաջին անգամ դիպուկահարի հրացանով կրակել է 26 տարեկանում: «Ուրախ չեմ, որ կպավ, ամեն դեպքում ինքն էլ է մարդ: Առաջին կրակոցից հետո շատ ծանր էի տանում: Շատ դժվար էր, ես էլ ամուսնացած եմ, ընտանիք ունեմ, ու բոլոր զգացողությունները խառնվել էին: Դիմացինն էլ երեւի ընտանիք ուներ, երեխա..էդ պահին իմ մեջ երկու հոգի էր խոսում, մարդ ու հայրենասեր զինվոր..էդ պահին իմ մեջ հաղթեց հայրենասեր զինվորը: Ամեն անգամՙ կրակելուց հետո ինձ շատ վատ եմ զգում, խիղճս տանջում է, բայց նույն պահին հիշում եմ, որ քեռիս կռվի տարիներին վիրավորվել է, բարեկամներիցս մեկը մահացել, մյուսնՙ անհայտ կորել: Իրանք ինձ ուժ են տալիս, ու ես հասկանում եմ, որ դա պետք է, որ ես պաշտպանում եմ իմ հողը: Դա ինձ օգնում է, որ խիղճս հանգիստ լինի: Մենք երբեք առաջինը չենք կրակում, նրանք են կրակում: Վախից են կրակում: Մարդ եթե վախենում է, ամեն ինչի ընդունակ է լինում: Իրանք կրակում են, որ մեզ հասկացնեն, որ իրենք արթուն են: Իրենք զգում են մեր ուժն ու վախից նման քայլերի են դիմում», ասում է Գեւորգն ու հավելում. «Եթե պատերազմը քոնն է, խաղաղությունն էլ քոնը կլինի»:
«Իմ դիմաց թշնամին է, բայց իմ կողքին հայ զինվորն է»
Մասնագիտությամբ բժշկուհի Ալվարդ Օհանջանյանը Մարտունու զորամասերից մեկում աշխատում է 2003-ից: Ռազմական կյանքն անվանում է ճակատագիր. Միակ նպատակըՙ ծառայությունը պատվով կատարելն է: «Սկզբում էնքան դժվար էր: Եսՙ կին արմատ, երեք հարյուր տղամարդու հետ: Կնոջ բացակայությամբ տղամարդիկ իրար հետ գռեհիկ, կոպիտ էլ են խոսում, բայց որ տեսնում ենՙ իրենց հետ կին է նստածՙ քիչ-քիչ սովորում են, հարմարվում են քո ներկայությանը: Տղամարդիկ ասում են, «Ալվարդ, ինչ եկել ես մեզ մոտ, մեզ ավելի զգաստ ենք զգում»:
Շաբաթական երկու անգամ տիկին Ալվարդը բարձրանում է դիրքեր, առաջին գծում բուժօգնություն տրամադրում զինվորներին: «Դիրքեր բարձրանալուց ես միշտ ասում եմ` իմ դիմաց թշնամին է, բայց իմ կողքին հայ զինվորն է»: Տիկին Սլվարդը շատերի կյանքն է փրկել, առաջին օգնություն ցուցաբերել, արտակարգ դեպքեր շատ են եղել, սակայն կա մի դեպք, որ հիշողությունից ջնջել չի կարողանում:
«Երկրորդ գումարտակից Մովսիսյան Խաչատուր կար: Բարձրացա դիրքեր, ասում ենՙ հիվանդ է: Ջերմությունը չափում եմՙ 41 աստիճան: Երեխուն առաջին օգնության մեքենայով իջեցրինք ներքեւ, իմ ձեռքն էր բռնել ու ոչ մի կերպ բաց չէր թողնում: Տղան մեկ զառանցում էր, մեկ ուշաթափվում: Տեղափոխեցինք հոսպիտալ, ծանր վիճակում թոքաբորբ էր տանում: Ամբողջ ճանապարհին աստծուն խնդրում էի, որ ուշացած չլինենք, որ տղան փրկվի: Հոսպիտալից հետո տղային անմիջապես ուղարկեցինք Երեւանՙ Մուրացանի հիվանդանոց: Տղան փրկվեց… հետո նա պատմում է, որ երբ ուշքի է եկել, մորն ասել էՙ «Մա, բա ո՞նց էիր իմացել, որ հիվանդ եմ, եկել էիր դիրքեր, ձեռքս բռնել»: Մայրը զարմացել էր ու ոչինչ չէր հասկացել: Տղային թվացել էր, որ ամբողջ ճանապարհին ու մեքենայի մեջ իր ձեռքերը բռնել էր մայրը…:
«Զինվորի հետ աշխատելը հեշտ գործ չէ: Նրա հետ պետք է լինես հոգեբան, մանկավարժ, մայր, ընկեր, հարազատ: Իմ զնվորների հետ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան երեխաներիս: Երբեմն երեխաներս բողոքում են, ասում են` մամ դու իրենց մեզանից շատ ես սիրում, ասում ենՙ նրանք էլ են իմ բալեքը, իրենց ուրիշ ձեւ եմ սիրում, իրանց շնորհիվ է, որ դուք անվտանգ ապրում եք: Բոլորն էլ գիտեն, որ չորս երեխա տանն ունեմ ու մի քանի հարյուր երեխա զորամասում»:
Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ազգ»