Ուրբաթ օրը աննախադեպ գողության դեպք է գրանցվել «Ոսկու աշխարհում», ավելի կոնկրետ՝ Վաղարշ Աբրահամյանին պատկանող «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ում, որը հանրությանը հայտնի է որպես «Բաղնիքի ոսկու շուկա»։ Ընկերության փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը, «Արարատ» բանկից վերցնելով 7 կիլոգրամ ոսկի, անհետացել է։ Մասնավորապես ուրբաթ օրը, ժամը 16-ի սահմաններում Արմեն Բաղդասարյանը, ով նաեւ «Արիստոս» ՍՊԸ տնօրենն է, ունենալով համապատասխան լիազորագիր, վերցրել է ընկերության կնիքը, առանց Վաղարշ Աբրահամյանին զգուշացնելու գնացել բանկ, ստացել ոսկին եւ դիմել փախուստի։ «Մինչեւ իմացանք, որ գնացել ա բանկ, արդեն ուշ էր, զանգեցինք՝ ասեց, բա գալիս եմ, պռոպկի մեջ եմ։ Բայց մինչեւ էս կոդմ-էն կողմ, արդեն ուշ էր՝ հասել էր օդանավակայան»։ Աբրահամյանն անմիջապես դիմել է ոստիկանություն, սակայն մինչ կձեռնարկվեին անհրաժեշտ քայլեր, Արմեն Բաղդասարյանը հասցրել է ամենակարճ չվերթով թռչել Մինվոդի։ «Եթե մի քիչ երկար թռչեր, մենք կհասցնեինք օդի մեջ բռնել նրան։ Բայց հասցրել է ամենակարճ ռեյսով թռնել Մինվոդի, բայց թե հիմա որտեղ է, չգիտեմ»,- ասաց Աբրահամյանը։
«Ոսկու աշխարհի» տնօրենի պատմելով, Բաղդասարյանը, ով 15 տարուց ավելի աշխատում էր իրենց շուկայում եւ վստահություն վայելում, գնացել է այդ քայլին, քանի որ վերջին երկու ամսում «փորձանքի մեջ էր հայտնվել»՝ տարվել էր ինչ-որ խաղերով։ Խաղացել էր եւ 10 հազար ԱՄՆ դոլար տանուլ տվել։ Ապա փորձել էր հետ բերել գումարը՝ այդ ճանապարհին, բնականաբար, տանուլ տալով մի քանի անգամ ավելի խոշոր գումար, ինչը, հավանաբար, փորձել է փակել շեֆի փողերով։
«2 ամսվա մեջ դարձավ տականք, բայց կարեւորը՝ մենք ֆինանսական ճեղքվածքը փակում ենք, որ չվարկաբեկվենք, իսկ մնացածը, թե ինչ կլինի, արդեն երկրորդական է»,- ասաց Վաղարշ Աբրահամյանը։
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենք արդեն բանկին վճարել են ամբողջ գումարը, որը կազմում է մոտ 400 հազար ԱՄՆ դոլար, եւ արդեն խնդիր չկա։ Իրավապահները կգտնեն գողին, թե չէ, տնօրենը դա արդեն երկրորդական է համարում։ «Քանի որ մենք պատասխանատու ենք դրա համար, այդ գումարը մենք պիտի վճարենք։ Ես պատասխանատու եմ նաեւ էն մարդկանց համար, որին գարանտ նամակ եմ տվել։ Նրան երաշխավորել եմ, որ պիտի գնա բանկ ու բերի ոսկին։ Հիմա չի բերել, ո՞վ պիտի պատասխան տա։ Բնականաբար՝ երաշխավորողը։ Ես էլ տվել եմ»,- հանգիստ տոնով ասաց
տնօրենը:
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հրապարակ»