Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնի «Փուչիկների» գործով քրեական նոր գործ հարուցելու պահանջով օրերս հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշելով նոր հիմքեր այդ գործով նոր նախաքննություն իրականացնելու համար։
Դատախազությունն այս դիմումին պետք է պատասխանի տասնօրյա ժամկետում, այսինքն՝ մինչեւ հաջորդ ուրբաթ։
Գրասենյակի դեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, այս գործը չի կարելի փակված կամ ավարտված համարել, քանի որ կարող են նոր հանգամանքներ ի հայտ գալ, եւ գործը կարող է բոլորովին այլ ընթացք ստանալ։ Երեկ նա մեզ հայտնեց, որ դատախազություն ներկայացված բողոքին կցվել է գործով մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի կնոջ՝ Մարինե Բոզոյանի լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույց. «Դիմումի մեջ մենք հղում ենք կատարում նրա հարցազրույցում տեղ գտած հանգամանքներին, պահանջում ենք ուսումնասիրել դրանք եւ քրեական գործ հարուցել։ Ես ասել էի, որ եթե քննչական մարմինները, դատախազությունը Բոզոյանի կնոջ հարցազրույցի հետքերով նոր քրեական գործ չսկսեն, ապա ես դիմելու եմ այդ պահանջով։ Մնում եմ այն համոզմանը, որ դատախազությունը կոնկրետ նոր հանգամանքներով նոր քրեական գործ պետք է հարուցի, պետք է հարցաքննվեն նորից եւ Բոզոյանը, ե՛ւ նրա կինը՝ Մարինե Բոզոյանը, ե՛լ էլի մարդիկ, ովքեր արդեն հարցաքննվել կամ ընդհանրապես չեն անցել այս գործով։ Սերոբ Բոզոյանի կինը խոսքում վկայակոչել է մի հանգամանքի մասին, որը քննությամբ գնահատական չի ստացել։ Խոսքը փուչիկներ պատվիրողի մասին է։ Քրեական գործով մեղադրանք առաջադրված է միայն փուչիկներ փչողին, բայց ո՞վ է պատվիրատուն եղել, ինչքա՞ն է օրինաչափ եղել այդ պատվերը, ո՞վ է վճարել եւ ինչու՞»,- ասաց Սաքունցը։ նշենք, որ Մարինե Բոզոյանը «168 ժամ»-ին ասել էր, թե իր ամուսինը միջոցառման կազմակերպիչներին նախօրոք զգուշացրել էր, որ փուչիկները վտանգավոր են, սակայն պատվիրատուները համաձայնվել էին հենց այդ փուչիկների դիմաց վճարել, քանի որ անվտանգ գազով լիցքավորված փուչիկների համեմատ դրանք էժան էին։ Ըստ քրեական գործի նյութերի, Բոզոյանին վճարվել է 770 հազար դրամ, մինչդեռ անվտանգ փուչիկների համար կպահանջվեր տասն անգամ ավելի շատ գումար։
Կարդացեք նաև
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ այս գործի ֆինանսական կողմը շատ կարեւոր է։ «Ի՞նչ գումար էր վճարվել Բոզոյանին. դա կուսակցական բյուջեի՞ց էր, թե այլ տեղից։ Այս հարցերին էլ պետք է պատասխան լինի։ Ես հարց եմ բարձրացնում՝ օրինական պայմանագիր եղե՞լ է, գումարը ո՞վ է վճարել, նախընտրական հիմնադրամի՞ց է եղել այդ գումարը։ Նախընտրականի ժամանակ պետք է օգտագործվեն նախընտրական հիմնադրամի միջոցները: Մեզ հետաքրքիր է՝ այդ գումարը նախընտրական հիմնադրամի՞ց է դուրս եկել, թե՞ ոչ։ Մեզ հետաքրքիր է՝ այդ հանգամանքը քննության առարկա դարձե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց նա։
Նրա խոսքով, վերոնշյալ խնդրում առկա են քաղաքական կոռուպցիայի ռիսկեր, եւ
սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է հնչեր գործով դատաքննության ընյօացքում, ինչը, սակայն, չի արվել։
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հայկական ժամանակ»