Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բադալյան. «Կիսաավտորիտար կառավարման համակարգ ունեցող երկրներում ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվում»

Հոկտեմբեր 30,2012 10:45

 Հատված քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հարցազրույցից:

 Այս ընտրություններում մենք ուժեղ խաղացողներ չե՞նք ունենա:

– Ուժեղ խաղացողներ չենք ունենա, որովհետև խաղում են հասարակության ձայները գրավելու համար: Եվ եթե դրա կարիքը չկա, ապա բանակցություններ են վարում աշխարհաքաղաքական կենտրոնների` ՀՀ նախագահ նշանակելու հարցը ստանալուց հետո: ՀԱԿ-ի օրինակով ասեմ` եթե ՀԱԿ-ը չունենա աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությունը, ինչպիսի թեկնածու էլ ունենա, անիմաստ կլինի ընտրություններին նրա մասնակցությունը:

Եվ բանն այն է, որ այս պահի դրությամբ դեռևս չեմ կարող ասել, թե աշխարհաքաղաքական կենտրոններն ինչ-որ մի թեկնածուի վրա կանգ են առել: Բայց պետք է մի բան էլ հասկանանք, որ խաղադրույք դրվելու է ընդամենը ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի թեկնածուների վրա: Եվ այս երեք ուժերի թեկնածուներից դուրս մյուս թեկնածուները կլինեն ընդամենը ֆոնային թեկնածուներ: Դա հաստատ է: Կարող է և այսպես էլ լինել. աշխարհաքաղաքական մի կենտրոն մի ուժի վրա է դնում, մեկ այլ կենտրոն` այլ ուժի: Կարող են կոմպրոմիսային թեկնածու էլ գտնել:

Պարոն Բադալյան, շատ տխուր ներկայացրեցիք մեր ապագան: Եվ այս պարագայում մեզ ի՞նչ հեռանկար է սպասվում, իշխանական ինչպիսի՞ համակարգ ենք ձևավորելու երկրում:

– Սա տխուր չէ, սա իրականությունն է: Ես բերեմ Ուկրաինայի օրինակը. 2003 թվականին նարնջագույն հեղափոխությունը հաղթեց, որովհետև թիկունքին Արևմուտքն էր, 2009 թվականի նախագահական ընտրություններում Յանուկովիչը հաղթեց, որովհետև թիկունքին Ռուսաստանն էր, թեկուզ` չբացահայտված: Կամ` Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները կեղծվեցին, որոշ ժամանակ անց տեղի ունեցան ընդվզումներ, և պարզվեց, որ դրանց թիկունքին կանգնած են Ռումինիայի շահագրգիռ ուժերը: Վրաստան. Սահակաշվիլու իշխանության գալը, որն ինքնին ամերիկյան նախագիծ էր: Ղրղզստան. մի անգամ իշխանությունը փոխվեց Արևմուտքի կողմից, երկրորդ անգամ փոխվեց Ռուսաստանի կողմից: Անցնենք արաբական աշխարհ` Թունիս, Եգիպտոս, Լիբիա, Եմեն: Այս երկրների իշխանափոխությունների գործընթացին մեծապես նպաստեց Արևմուտքը:

Այսինքն` կիսաավտորիտար կառավարման համակարգ ունեցող երկրներում ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվում: Ընտրություններն ընդամենը վերջնականորեն հաստատված արդյունքի երևացող ֆորմալ կողմերն են:

Իսկ ինչ վերաբերում է ուժեղ խաղացողներին, ապա եթե ԲՀԿ-ն կամ ՀԱԿ-ը ունենան աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնի աջակցությունը, կանցկացնեն ակտիվ ընտրարշավ: Եթե այն չկա, ապա ակտիվ ընտրարշավը կլինի մի քիչ տարօրինակ: Որովհետև անմիջապես կբացահայտվի: Օրինակ, եթե ՀԱԿ-ի թեկնածուին աշխարհաքաղաքական որևէ կենտրոն չաջակցի, բայց նա մտնի ընտրապայքարի մեջ, կնշանակի, որ գիտակցաբար գնում է պարտության: Չեմ կարծում, թե առաջին նախագահը նման բան կանի: Նույնն էլ` ԲՀԿ-ի պարագայում. եթե տեսնենք, որ նրա թեկնածուին չի աջակցում արտաքին կենտրոններից որևէ մեկը, բայց դուրս է եկել ընտրարշավի, կարող ենք ենթադրել, որ նախագահական ընտրությունների` գրված սցենարի իրականացնողներից է: Այնպես որ, էլի՛ կրկնեմ` ուժեղ խաղացողը խաղում է հասարակության համար: Այնտեղ, որտեղ թույլ է հասարակությունը, հնարավոր չէ ստեղծել ուժեղ խաղ:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

«Հայացք»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031