Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդքան ինքնավստահ չէի լինի՝ ԲՀԿ-ի փոխարեն». ՀԱԿ պատգամավորը՝ Ծառուկյանի բիզնեսի խոցելիության մասին

Հոկտեմբեր 29,2012 23:28

«Միանշանակ համաձայն եմ, որ Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ-ն բիզնեսի հետ առնչություն ունեն, եւ Սերժ Սարգսյանի վերընտրվելու դեպքում խոցելի կդառնան այս առումով: Արդեն իսկ տեսանելի է, որ ԲՀԿ-ի ինքնուրույն քայլերը չեն գոհացնում Սերժ Սարգսյանին, եւ նա փորձում է տարբեր ճնշման մեխանիզմներ  կիրառել ԲՀԿ-ի նկատմամբ: Իսկ եթե չկարողանա սաստել, բնականաբար, նախագահականից հետո ԲՀԿ-ն, որպես քաղաքական միավոր, վտանգված է լինելու, որովհետեւ Սերժ Սարգսյանին պետք չի մի քաղաքական միավոր, որից վտանգ կարող է սպասել: Դրան գումարած նաեւ ֆինանսական հնարավորությունները: Մի բան է քաղաքական միավոր, որը մեծ կշիռ ունի եւ բավականին մեծ ներուժ, մի բան է, երբ դրան գումարվում է նաեւ գումարը, ֆինանսները»,-«Առավոտի» հետ զրույցում այսօր ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը:

Մենք տիկին Սարգսյանին փոխանցեցինք ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հավաստիացումները, թե Գագիկ Ծառուկյանի բինեսները հարկային դաշտում են գործում, խնդիր չկա այդ առումով: Լյուդմիլա Սարգսյանն այսպես աձագանքեց. «Եթե խնդիր չունեն, ուրեմն հանգիստ լինենք: Քաղաքական դաշտը հանգիստ լինի: Սերժ Սարգսյանը միշտ փորձում է կոմպրոմատներ հավաքել քաղաքական ուժերի լիդերների դեմ: Նրա հիմնական գործիքը կոմպրոմատն է, որը կիրառում է այս կամ այն քաղաքական ուժին սաստելու համար: Ես չեմ կարող ասել՝ ի՞նչ գործիքներ կկիրառվեն ԲՀԿ-ի նկատմամբ, բայց մեկն արդեն կիրառում է՝ Վարդան Օսկանյանի նկատմամբ: Ես հակված չեմ մտածելու, որ Վարդան Օսկանյանը լրիվ մաքուր դուրս կգա այս իրավիճակից, բայց որ հետապնդումը քաղաքական է՝ դա միանշանակ է, որովհետեւ այդ թեմայի շուրջ իրենք կարող էին քննություն անցկացնել երկու տարի առաջ, եթե կար մի բան, որը  հուշում էր իրենց, որ այնտեղ կոռուպցիոն դրսեւորումներ կար: Իրենք կոմպրոմատը հավաքում են, որ երբ պետք լինի այն՝ գործի դնեն»:

Ինչ վերաբերում է Միքայել Մելքումյանի այն դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանին բիզնեսի խոցելիության առումով տեղի չէ համեմատել Խաչատուր Սուքիասյանի հետ, քանի որ իրենց թիկունքում կա 500 հազար ձայն, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «ՀԱԿ-ի թիկունքում կար ավելի շատ ձայն, բայց պատահեց Խաչատուր Սուքիասյանի հետ: Ոչ ոք այս երկրում ապահովագրված չէ, քանի դեռ երկրում գործող ռեժիմն է աշխատում, եւ երկրի իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ է: Կարծում եմ, որ ոչ մի բիզնեսմեն, ոչ մի տնտեսվարող սուբյեկտ այսօր ապահովագրված չի հետապնդումներից: Այնպես որ, այդքան ինքնավստահ չէի լինի՝ «Բարգավաճ Հայաստանի» փոխարեն»:

Մեր հարցին՝ Ձեր՝ կնոջ եւ քաղաքական գործչի ինտուիցիան ի՞նչ է հուշում՝ ԲՀԿ-ն կգնա՞ ՀԱԿ-ի հետ համագործակցության, նկատի ունենալով, որ ինքը հայտնվում է գործող իշխանության թիրախում, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ողջամտությունն իրենց պիտի հուշեր, որ ԲՀԿ-ն ավելի պաշտպանված կլինի, եթե համագործակցի ՀԱԿ-ի հետ եւ միասնական թեկնածուով հանդես գանք նախագահական ընտրություններին: Ես կարծում եմ, որ երկու լրջագույն քաղաքական ուժեր ի վիճակի են ժողովրդի ուսերից թոթափելու այս իշխանություններին»: Հարցին՝ ըստ Ձեզ, ԲՀԿ-ն ինչո՞ւ է հապաղում, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Միգուցե բիզնեսները պահպանելու, չվտանգելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031