Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը «պարտաճանաչ հարկատու» է, Խաչատուր Սուքիասյանի հետ էլ նրան տեղին չէ համեմատել

Հոկտեմբեր 29,2012 22:32

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն «Ազատություն» ռ/կ-ի հարցին՝ ի՞նչը կարող է ստիպել հաջողակ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին` պայքարի մեջ մտնել ընդդեմ Սերժ Սարգսյանի, ասելն էր, որ այսօր ոչ ոք իրեն երաշխավորված չի զգում. «Մարդիկ, որոնք ունեն սեփականություն, բիզնես, այսօրվա արատավոր քաղաքական համակարգում իրենց չեն զգում ապահով»:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ Գագիկ Ծառուկյանի  բիզնեսները որքանո՞վ են ապահով, նկատի ունենք՝ հարկային դաշտում նա ինչքանո՞վ է մաքուր աշխատում, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, կուզենայի այդ հարցն ուղղեիք հենց Լեւոն Զուրաբյանին, բայց պետք է ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ հիիմնադրել է տարբեր բիզնեսներ: Ինքը այսօր, պարզ է, բիզնեսով չի զբաղվում, բայց հանդիսանում է բաժետեր, հիմնադիր: Դուք տեսնում եք, որ նրա բիզնեսները լուրջ հաջողություններ ունեն: Լուրջ հաջողություններ ունեն միայն երկարատեւ ձեւավորված հարաբերությունների արդյունքներում: Ինքը պարտաճանաչ հարկատու է»: Սա այն դեպքում, երբ տիկին Ռոզա Ծառուկյանը ընդամենը 5 տարի առաջ «Ժամանակ» թերթին հարկերը թաքցնելու հետ կապված հայտարարել էր, որ «Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն ճիշտ ենք անում»: Միքայել Մելքումյանի համոզմամբ՝ «Ինքը ներկրող չի: Մեկ-մեկ դուք նայում եք՝ ասում եք՝ այսինչը այսինչ տեղում է, չէ՞, ներկրող է: Իսկ ինքը ներկրող չի, արտահանող է ավելի շատ: Ես փաստում եմ, որ նրա բիզնեսը շատ կայուն է, որովհետեւ ինքը հիմնված է շատ կայուն հարաբերությունների վրա եւ տարիներով իր իմիջը իր համբավը ձեռք է բերել»:

Մենք հետաքրքրվեցինք՝ մեր երկրում բիզնեսը մեծ կապ ունի քաղաքականության հետ, եթե քաղաքական դաշտում խնդիրներ ստեղծվեն գործող իշխանության հետ, նրա բիզնեսները խոցելի չե՞ն դառնա, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, մենք գնում ենք այն ճանապարհով, մեր ցանկությունն է, որ քաղաքականությունը որեւէ կերպ չազդի բիզնեսի ճակատագրի վրա: Բայց, ցավոք սրտի, չենք կարողանում խուսափել, հատկապես՝ փոքր տնտեսություն ունեցող երկրներում: Նաեւ, ինչու չէ՝ եվրոպական  երկրներում, բոլոր տեղերում էլ ազդում է: Մեր պայքարը նրանում է, որ մենք ստեղծենք առողջ, տեսանելի ապագա ունեցող բիզնես միջավայր: Միայն դրա արդյունքում ներդրումների հոսքը կշատանա Հայաստանում: Ես կիսում եմ, որ քաղաքականությունը բիզնեսի հետ շատ կապված է: Դա ամբողջ աշխարհում է: Ուղղակի պետք է փոխադարձ ազդեցությունների չափը թուլացնել»:

Մեր հարցին՝ այն, ինչ տեղի ունեցավ Խաչատուր Սուքիասյանի հետ, չի՞ սպառնում Գագիկ Ծառուկյանին՝ նա պատասխանեց. «Կարծում եմ, որ ոչ: Նախ, Խաչատուր Սուքիասյանը…եկեք բովանդակային այդպիսի բաներ չասենք, էլի»: Մեր դիտարկմանը, որ նա, երբ կանգնեց ուրիշ քաղաքական թիմի կողքին, տեսանք ինչ եղավ, Միքայել Մելքումյանը չհամաձայնեց. «Եկեք այդպես մերկապարանոց չասենք, էլի: Պետք է խորանալ խնդրի էության մեջ եւ տեսել՝ այդ նույն տիպի սիտուացիա  կառաջանա՞, թե՞ չէ: Դուք չե՞ք կարծում, որ 2008-ի եւ 2012-ի Հայաստանի մեջ տարբերություններ կան: Մենք գնում ենք դեպի ինչ-որ բանի ճանապարհով: Մենք տեսանք, որ եթե մի քաղաքական ուժ ստացել է 500 հազար ձայն, կարծում եմ, այդքան ձայն ստացած անձնավորության եւ այդ թիմի նկատմամբ շատ դժվար է ոտնձգություններ անելը»: Հարցին՝ կարծում եք՝ Խաչատուր Սուքիասյանը մենա՞կ էր, դրա համա՞ արյդպես եղավ, նա պատասխանեց. «Չէ, ես ասում եմ 2008-ի վիճակը եւ 2012-ի վիճակը: Դուք կարծում եք, որ 500 հազար ձայն ստացած կուսակցության ղեկավարին այդքան հե՞շտ է: Զուգահեռ անցկացնելը տեղին չի, էլի: Ես չէի համեմատի»:

ԲՀԿ պատգամավորն այսօր ասուլիսում առաջարկում էր հարկային բեռը փոքր ու միջին բիզնեսի համար է՛լ ավելի թեթեւացնել՝ հաշվի առնելով հետճգնաժամային իրողությունները, իսկ խոշոր բիզնեսի համար դա պետք է օպտիմալացվի: Քանի որ խոշոր բիզնեսն ունի շատ մեծ հնարավորություններ՝ որակյալ մենեջերներ պահելու, երկարատեւ պայմանագրեր ունի, այսինքն՝ շուկաների խնդիր չունի, ինքը ապահովագրված է, ուստի ըստ պատգամավորի, այդ փուլում պետք է փոքր ու միջին բիզնեսի ավելի ազատություն տան, իսկ խոշորով ավելի շատ հետաքրքրվեն: Մեր հարցին՝ խոշոր բիզնեսներ ունի նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ձեր առաջարկը նրան չի՞ վնասի՝ Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ ոչ. «Մենք հո չե՞նք ասել հարկային բեռն ավելանա խոշորի վրա, մենք ասում ենք ազատություն տալ փոքրերին, ուշադրությունն ուղղենք խոշորին: Ես  կողմնակից եմ առողջ մրցակցային հարաբերությունների ձեւավորմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031