Սյունիքի մարզում սիբիրախտի դեպքեր չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը:
Ըստ պարոն Թանգյանի` մարզում խիստ հսկողություն է սահմանաված սիբիրախտի մուտքը մարզի տարածք կանխելու համար: «Անասնաբուժական միջոցառումները շատ խիստ հսկողության տակ են գտնվում մարզում, սանիտարահիգենիկ պայմանները, եւ այլ մարզերից մեր մարզ մտնող անասունների մուտքն է հսկվում, մարզ մտնող անասունը պետք է ստուգված լինի եւ վակցինացիան կատարված: Մեր գյուղերում հնարավորին չափով այդ վակցինացիաները պետք է կատարվեն 100 տոկոսով: Այսօր գյուղացիների մոտ շահագրգռվածություն չի նկատվում իրենց անասունի նկատմամբ անասնաբուժական միջոցառումներ կատարելու ուղղությամբ, քանի որ նրանք մտածում են, որ անասնաբույժը պետք է գա եւ ասի, որպեսզի իրականացնեն այդ միջոցառումները: Որոշակի դրական տեղաշարժ թեեւ այսօր կա, քանի որ սրանից մոտ 10-15 տարի առաջ պետք է գյուղացուն խնդրեիր, որպեսզի դրանք կատարեին»,-նշեց պարոն Թանգյանը եւ հավելեց, որ յուրաքանչյուր անասնատեր, յուրաքանչյուր բնակիչ պետք է գիտակցի, որ իր ընտանիքի առողջությունը կախված է բրուցելյոզը ստուգելուց, սիբիրախտի վակցինացիան կատարելուց եւ այլն: «Միջոցառումները պետք է կատարվեն, ոչ միայն անասունի կյանքը փրկելու, վարակից զերծ պահելու համար, այլեւ` վարակը մարդկության մեջ չտարածելու համար», -մամլո ասուլիսի ժամանակ ասաց Սամվել Թանգյանը:
Այս պահի դրությամբ, ըստ պատասխանատուի, մարզի տարածքում անասունների շրջանում վարակիչ այլ հիվանդության դեպքեր եւս չկան եւ ընթացիկ տարվա ընթացքում նույնպես չեն արձանագրվել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև