Ինչպես տեղեկացրել էինք, նախորդ օրը գյումրեցի Լևոն Մանուկյանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, իրենց տան մեջ վիճաբանել ու դանակահարել էր 81-ամյա հորը` Մկրտիչ Մանուկյանին: Վերջինիս, գրեթե արնաքամ եղած վիճակում, տեղափոխել էին Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն, որտեղ և վիրահատել էին `մտավախություն ունենալով, որ ծերունին հնարավոր է և չփրկվի: Այսօր հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Իսահակյանը Aravot.am –ին փոխանցեց, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, հեռացրել են Մկրտիչ Մանուկյանի փայծաղը, նա վերակենդանացման բաժնում է, և վիճակը նորմալ է:
Շիրակի մարզի դատախազություն էլ մեզ փոխանցեց, որ Լևոն Մանուկյանը ձերբակալված է, նրա դեմ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, այն ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը : «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»,- նշված է սույն հոդվածում:
Նշենք, որ, ըստ ոստիկանության տվյալների, «հերոսը» ընդամենը 15 օր առաջ էր դուրս գրվել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև