Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը՝ ԱԺ-ի Toyota Camry-ների մասին. «Թող գազ դնեն, շատ էժան կլինի»

Հոկտեմբեր 29,2012 19:56

Այսօր «Փաստարկ» ակումբում հարցին՝ թանկարժեք մեքենաներից հրաժարվելու ՀԱԿ-ի առաջարկը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ընկալվել է որպես նախընտրական PR, դուք նման բան չե՞ք տեսնում՝ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Բացարձակ: Ի՞նչ PR  կարող է անել ՀԱԿ-ի՝ մեքենայից հրաժարվելը: Ուղղակի մենք գտնում ենք, որ երկիրն այն վիճակում չի, որ նման շռայլություն է թույլ տրվում Ազգային ժողովի կողմից, եւ գնվում են  շատ թանկ մեքենաներ՝ ֆրակցիաների համար, հանձնաժողովների համար: Մենք գտնում ենք, որ մի քիչ ավելի համեստ մեքենա կարող են տրամադրեն:  PR-ի դրսեւորման ոչ մի էլեմենտ չկար այդտեղ: Մենք գտնում ենք, որ այնքան էլ ճիշտ չի, որ մեր ժողովուրդն այսքան ծանր սոցիալական վիճակում է, եւ ԱԺ խմբակցությունները կարող են ստանալ նման թանկ մեքենաներ: Մենք կարող ենք շատ ավելի զուսպ մեքենաներով շրջել»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ ԲՀԿ պատգամավորներն էլ բացատրում էին, որ այդ մեքենաներն ավելի քիչ ծախսատար են, քիչ վառելիք են ծախսում եւ այլն, տիկին Սարգսյանը պատասխանեց` «ԲՀԿ-ն իր կարծիքն ունի, մենք մերը ունենք: Միգուցե ԲՀԿ-ն ավելի հարմար է գտնում լավ մեքենաները: Իսկ ո՞վ է ասել, որ վատ է, երբ լավ մեքենաներ են ունենում: Եթե ուզում էին քիչ  ծախս լիներ, մեքենաների վրա թող գազ դնեն, շատ էժան կլինի: Ես դեմ չեմ, եթե օրենքով սահմանված կարգով ինձ էլ մեքենա հասներ: Վատ բան չեմ տեսնում դրա մեջ, բայց՝ համեստ»: Թե ինչ մեքենա կցանկանար ունենալ տիկին Սարգսյանը՝ նա ասաց, որ մեքենաներից գլուխ չի հանում. «Կարեւորը՝ էժան: Որովհետեւ մեքենան ընդամենը տեղաշարժվելու միջոց է, իսկ մեր երկրում վերածվել է դա կուռքի: Մարդու սոցիալական վիճակն է հուշում, թե ինչ մեքենայով է մարդը ման գալիս: Մեզ դա չի հուզում: Մեզ պետք է եղաշարժի միջոց, այդքան բան»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե սահմանված նվազագույն աշխատավարձով` 35 հազար դրամով, որպես տանտիկին, ի՞նչ կարող է գնել. «Ես ԱԺ-ում ելույթ եմ ունեցել եւ հարցս ուղղել եմ կառավարությանը՝ պատկերացնո՞ւմ են իրենց կյանքն այսօր՝ 35 հազար դրամ աշխատավարձով: Եթե պատկերացնում են՝ թող ներկայացնեն իրենց նվազագույն զամբյուղը եւ դա առաջարկեն ժողովրդին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031