Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ բարդույթներ ունենք մենք

Հոկտեմբեր 29,2012 17:52

Ինչպես նշում են մասնագետները՝ բարդույթներ ունեն բոլորը, սակայն յուրաքանչյուրն այն տարբեր կերպ է զգում: «Առավոտ երիտասարդականը» փորձեց հարցումների միջոցով պարզել՝ ո՞ր բարդույթներն են բնորոշ հայ երիտասարդներին:

19-ամյա Քնարիկը հավատացնում է՝ հայերիս ամենամեծ բարդույթը մարդաշատ վայրերում` միջոցառումների ժամանակ չպարելն է. «Ասում են՝ ամաչում ենք, բայց իրականում դա ավելի շատ բարդույթ է, քան ամաչկոտություն»,- ասում է նա:

«Մենք հայերս երբեմն անշնորհքությունը շփոթում ենք ամաչկոտության հետ. օրինակ, երբ տղան աղջկան ծաղիկ է նվիրում և աղջիկը նվերը չի ընդունում, դա պատճառաբանվում է այսպես՝ կամ աղջիկը այնքան է ատում տղային, որ նույնիսկ նրա նվիրած ծաղկին չի ուզում ձեռք տալ, կամ էլ ամաչում է վերցնել (բա ի՞նչ կասեն մարդիկ-Մանե), իրականում դա ոչ այլ ինչ է, քան անշնորհքություն, որը գալիս է հենց բարդույթավորված լինելուց», – ասում է 25-ամյա Մանեն:

22-ամյա Անին էլ ասում է. «Երբեմն նայում ենք հայելուն ու ասում՝ ինչ տգեղ եմ, ու դա էլ բարդույթավորվելու պատճառ է դառնում, և երբ փողոցում հանկարծ մեկը մեզ է նայում, երբեք չենք մտածի, որ պատճառը մեր գեղեցկությունն է, այլ ընդհակառակը, մտածում ենք՝ կարո՞ղ ա մի բան էն չի, հենց դա էլ բարդույթն է կամ ցածր ինքնագնահատականի արդյունքը, որն ունի փողոցով քայլող ամեն երկրորդ աղջիկը»:

Հոգեբան Լիանա Կարապետյանի խոսքով՝  թերարժեքության բարդույթը ամենատարածված բարդույթներից մեկն է. «Հաճախ բարդույթավորված մարդ ասելով` հասկանում ենք ամաչկոտ, ինքնամփոփ, կաշկանդված, բայց իրականում այդ ամենը տարբեր բարդույթները թաքցնելու ձև է միայն: Երբեմն տեսնում ենք ազատ, արտաքուստ ինքնավստահ մարդու ու կարծում, թե նա բարդույթավորված չէ, բայց շատ հաճախ այդ թվացյալ ինքնավստահության տակ մարդը թաքցնում է իր անվստահությունն ու անկաշկանդությունը, այսինքն՝ բարդույթների թվացյալ բացակայությունը հենց խոսում է տվյալ անձի բարդույթավորված լինելու մասին», – ասում է հոգեբանն ու բացատրում՝ պարզապես տարբեր մարդիկ տարբեր ձևով են դրսևորում իրենց բարդույթները։ Ընդհանրություններ և որոշ օրինաչափություններ իհարկե կան, բայց բարդույթի բովանդակությունն անհատական է. մեկի համար բարդույթ է համարվում ցածր հասակը, մյուսի համար մեծ քիթը և այլն: Հոգեբանը խորհուրդ է տալիս լինել ինքնավստահ, սիրել սեփական անձը և երբեք չասել՝ չեմ կարող, չի ստացվի… այլ միայն ասել՝ կարող եմ ու մտովի խաղալ այն իրադարձությունները, որոնց կենսագործման համար համարձակությունը չի ներում:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031