Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիների մի մասը նույնիսկ խնդրում է բարձացնել կնոջ ամուսնության թույլատրելի տարիքը

Հոկտեմբեր 29,2012 17:40

«Ընտանեկան օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունները, ըստ որոնց ամուսնական տարիքը երկու սեռերի համար սահմանվում է 18 տարեկանը, (ներկայիս օրենքով կնոջ ամուսնության թույլատրելի տարիքը 17 է, իսկ տղամարդունը` 18) նախագծի հիմնավորումն այն է, որ լուծվում է գենդերային անհավասարության խնդիրը:

Այսօր Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի լսումներն էին, որին ավելի շատ մասնակցում էին հասարակական կազմակերպություններ, իսկ ներկա պատգամավորներն ընդամենը 5 էին` Դավիթ Հարությունյանը, Արա Բաբլոյանը եւ Էդմոն Մարուքյանը: Հանձնաժողովից, որտեղ որ ներառված է նախագծի քննարկումը, ներկա էին Ալեքսանդր Արզումանյանն ու Մարգարիտ Եսայանը, իսկ մնացած 7 պատգամավորները ներկա չէին: Այս առնչությամբ տիկին Եսայանն Aravot.am-ին ասաց` «Ցավալի է, որ ԱԺ մյուս պատգավորները չէին կարեւորել խնդիրը եւ հասարակական կազմակերպություններն էին ավելի շատ կարեւորել դա»:

Կնոջ եւ տղամարդու ամուսնության տարիքը 18-ը սահմանելուն լսումներին գրեթե բոլոր ներկաները կողմ էին: Այս նախագծի քննարկման նախնական շրջանում ազգային փոքրամասնությունների շրջանում որոշակի դժգոհություններ էին առաջացել, որ ամուսնության շեմը բարձրացնելը խնդիրներ կառաջացնի, քանի որ, օրինակ եզդիներն իրենց աղջիկներին շատ վաղ տարիքում են ամուսնացնում, իսկ 18 տարեկանն արդեն տանը մնացած է համարվում: Լսումներին ներկա «Միդիա Շանգալ եզդիների ազգային միավորում» հ/կ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը դիմելով հանձնաժողովին ուղղակի խնդրեց, որ անպայման ընդունվի 18 տարեկան շեմը:

Օրենքի նախագծով նախատեսվում է` «Անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Դատարանը բացառիկ դեպքերում, եթե դա է պահանջում անչափահասի շահը, կարող է թույլատրել անձի ամուսնությունը 16 տարեկան հասակում` վերջինիս ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ»:

ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանն էլ մի առաջարկ արեց` 18 տարեկանից ցածր ամուսնության դեպքում ընդամենը նշել. «Դատարանը բացառիկ դեպքերում, եթե դա պահանջում է անչափահասի շահը, կարող է թույլատրել անձի ամուսնությունը, վերջինիս ծնողի, հոգաբարձուի, որդեգրողի համաձայնությամբ եւ դատարանը վերջնական որոշում կկայացնի»:

Նախագծի շուրջ ծավալվող հիմնական անհամաձայնությունն այն էր, որ արդյոք միայն ծնողների համաձայնությունը բավարար չէ՞ 16 կամ 17 տարեկանի ամուսնության համար, կամ միայն դատարանի որոշումը բավարար չէ՞:

Քննարկմանը ներկա ՀՀ գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի խոսքերով էլ, բժշկական տեսանկյունից աղջիկների վերարտադրողական համակարգի ձեւավորումն ավարտվում է 18 եւ ավելի բարձր տարիքում, կինը մայրությանը պատրաստ է 18-ից բարձր տարիքում, իսկ ցածրի դեպքում բարձր են հղիության եւ ծննդաբերության բարդությունները` ինքնաբեր վիժում, վաղաժամ ծննդաբերություն եւ այլն: Ուստի ամուսնության շեմը 18 տարեկան սահմանելը ճիշտ է:

Լսումների ընթացքում հնչած առաջարկությունները արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը հաշվի առավ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031