Այսօր Peoplemeter ակումբում կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն անդրադարձավ կրթական համակարգի խնդիրներին եւ ասաց, որ դրանք բազմաթիվ են` կապված կրթության կազմակերպման եւ կառավարման, կրթական ծրագրերի անհամապատասխանության եւ դասագրքերի բարդության հետ. «Կառավարության ծրագրի համաձայն` առաջիկա հինգ տարում միջնակարգ կրթությունը պետք է պարտադիր լինի: Կարեւորագույն խնդիրը կրթության որակի ապահովումն է: Այն կրթությունը, որն այսօր ստանում է երեխան, հեռու է ծնողի ակնկալիքից այն առումով, որ կրթության ապահովումը միայն դպրոցի ուսերին է մնացել»:
Տիկին Բախշյանը հայտնեց, որ հիմնական դպրոցները 6-7 բալով ավարտած աշակերտները թեստավորման կենտրոնի քննությունները հանձնելիս ստանում են 4 բալ. «Թեստավորման կենտրոնի տվյալներով` մաթեմատիկա առարկայից կտրվել է դիմորդների 35, իսկ հայոց լեզվից` 25 տոկոսը: Իսկ բնագիտական առարկաների միջին գնահատականը եղել է 2,5-3 բալ: Ուրեմն` ինչու՞ խնդիրը չի վերլուծվում կրթության համար պատասխանատու տարբեր մարմինների կողմից: Պետք է հասկանալ` ծրագրե՞րն են բարդ, թե՞ այլ պատճառ կա: Նման խնդիրներից խուսափելու համար առաջարկում եմ լայն համագործակցությամբ իրար կապել կրթության նախարարությունը, գնահատման եւ թեստավորման կենտրոնը, Մանկավարժական համալսարանը եւ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Այդ կառույցները պետք է խփեն նույն կետին` երեխայի որակյալ կրթությունն ապահովելու համար»:
Անահիտ Բախշյանը անհրաժեշտություն է համարում տեղական ինքնակառավարման մարմինների հետ համապատասխան համաձայնագրի ստորագրումը, ըստ որի` կրթության ազգային ինստիտուտի մասնագետները անարգել կկարողանան մուտք գործել դպրոցներ. «Այսօր մեր մասնագետները չեն կարողանում դպրոց մտնել եւ հետամուտ լինել, թե ինչ աշխատանք է իրականացնում իրենց իսկ վերապատրաստած ուսուցչուհին: Դպրոցը փակ կառույց է, եւ այնտեղ մտնելու համար պետք է թույլտվություն ստանալ մարզպետարանից կամ քաղաքապետարանից: Խնդրին լուծում տալու համար դպրոցները պետք է օգտվեն կրթության համար լիազոր կառույցի` ԿԳ նախարարության ենթակայության տակ»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով երեւանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցին, որի տնօրենն է եղել ութ տարի, Անահիտ Բախշյանը հիշեցրեց, որ օգոստոսին դպրոցի տնօրենի հրամանով աշխատանքից ազատվել է երկու երիտասարդ ուսուցչուհի. «Կրճատվել են հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհիներ Գոհար Ստեփանյանը եւ Սուսաննա Էլոյանը` նվազագույն քանակությամբ դասաժամեր ունենալու պատճառով: Ճիշտ է, դպրոցի աշխատանքն օպտիմալացնելն անհրաժեշտություն է, սակայն լավ ուսուցիչները չպետք է կրճատվեն: Խնդրի մասին գրություն եմ թողել քաղաքապետի «ֆեյսբուքյան» էջի պատին, բայց ապարդյուն»:
Խոսելով ավագ դպրոցներից` կրթության փորձագետն ասաց. «Ավագ դպրոցների համար մշակված ռազմավարության համաձայն` դրանք պետք է լինեն նորարար, վերանորոգված, ապահովված համապատասխան լաբորատորիաներով եւ գրադարանով եւ այլն, մինչդեռ ավագ դպրոցները չեն համապատասխանում այդ չափանիշներին: Մարզերի եւ Երեւանի ավագ դպրոցները միայն «ավագ դպրոցի» ցուցանակով են այդպիսին համարվում: Միաժամանակ, որոշ ավագ դպրոցներ արդեն կայացման ճանապարհին են, օրինակ` թիվ 198-ը եւ 118-ը»:
Չնայած կրթության ոլորտի խնդիրներին` Անահիտ Բախշյանը փաստեց, որ հայ երեխաները ընդունակ են սովորել. «Նրանք պայծառ ուղեղներով գալիս են դպրոց, որտեղ, ցավոք, զմրսում են նրանց ուղեղները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ