Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 3-9-ը կմեկնարկի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 4-րդ կինոփառատոնը

Հոկտեմբեր 29,2012 16:52

«Փառատոնը մանկական մուլտֆիլմերի ֆեստիվալ չէ, նկարված են նույն մեծահասակների թեմաները շոշափող ֆիլմեր, սակայն չենք կարող մոռանալ երեխաներին` ունենք մանկական ծրագիր եւ համագործակցում ենք Խնկո- Ապոր անվան մանկական գրադարանի հետ, մանուկները կարող են գնալ այնտեղ եւ նայել ֆիլմերը: Ցանկը հետաքրքիր է, փորձել ենք լավագույն ֆիլմերը բերել, նոր ֆիլմեր են եւ հնարավորություն է ընձեռվում հայ հանդիսատեսին իսկապես արվեստի գործեր դիտելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 4-րդ կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Լուսինե Քասարջյանը:

Նոյեմբերի 3-9-ը Երեւանում կմեկնարկի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 4-րդ կինոփառատոնը:

Փառատոնի շրջանակներում կներկայացվեն մրցութային եւ հատուկ ծրագրեր, կլինեն պրեմիերաներ, հրավիրյալ հյուրերի կողմից կանցկացվեն վարպետության դասեր: Փառատոնն ունի 6 մրցութային ծրագրեր` լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական, երաժշտական, հեռուստատեսային/գովազդ, ինչպես նաեւ մանկական ընտրություն:

Փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին կինոփառատոնը երջանիկ փաստ համարեց: Այն կրելու է շարունակական բնույթ եւ հաղթահարվելու են բոլոր խնդիրները.

«Բացմանը սպասում ենք անհամբեր, հյուրերի քանակը քիչ է, սակայն որակ կա: Հայաստանի անիմացիոն կինոն լավ դիրքում է: Աշխատասիրության եւ լավ թիմերի շնորհիվ մենք կհասնենք հաջողությունների: Փառատոնը հանդիպման կետ է հանդիսանում միջազգային վարպետների եւ մեր հայրենակիցների հետ: Այս տարի փառատոնին կհյուրընկալեն անիմատորներ Բրազիլիայից, Գերմանիայից եւ Ռուսաստանից, որոնք կանցկացնեն վարպետության դասընթացներ եւ սեմինարներ»:

Ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանի պնդմամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության համար փառատոնը պարզապես մշակութային միջոցառում չէ, այն լուրջ ստրատեգիական հենակետ է, որը համահունչ է.

«Բոլոր մարդիկ պետք է միավորվեն, խոսում ենք դժվարություններից, սակայն աշխատակազմը ցանկանում է ստեղծել բարին եւ կրկնապատկել այն: Մուլտերը ներկայացվելու են ամենապահանջկոտ հանդիսատեսին` երեխաներին, նրանք են ձեւավորում մեր վաղվա տեսակը: Կարծում եմ՝ թիմը նվիրվյալների է, պարզապես մաղթում եմ բարի մեկնարկ»:

Փառատոնում կներկայացվի մոտ 400 ֆիլմ՝ աշխարհի 40-ից ավելի երկրից: Ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում, «Նարեկացի» մշակութային կենտրոնում, Մալյանի անվան թատրոնում, Խնկո -Ապոր անվան մանկական գրադարանում, «Բուրբոն» ակումբում, ինչպես նաեւ «Թումո» կենտրոնում եւ «Այբ» կրթահամալիրում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031