Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի» գործով դատը շարունակվում է

Հոկտեմբեր 29,2012 16:45

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա նիստում ճանաչեց բանդիտիզմի գործով ամբաստանյալների պաշտպանների լիազորությունները:

Այսպիսով, փաստաբան Հովիկ Արսենյանը պաշտպանում է ամբաստանյալ Արտուշ Հակոբյանին, փաստաբաններ Յուրա Ալոյանը և Էդուարդ Աղաջանյանը՝ ամբաստանյալ Քյարամ Ամոյանին, փաստաբան Վաչագան Քոսյանը՝ ամբաստանյալ Արման Դալլաքյանին, փաստաբան Ստեփան Ոսկանյանը՝ ամբաստանյալ Դավիթ Գալստյանին, փաստաբան Կարեն Հակոբյանը՝ Սամվել Դավթյանին, փաստաբան Ռաֆիկ Սարդարյանը՝ ամբաստանյալ Արթուր Մանուկյանին: Մեղադրանքը պաշտպանում է մեղադրող Ջոն Ֆարխոյանը:

Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդություններն ամբաստանյալներ Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Սամվել Դավթյանի, Դավիթ Գալստյանի, Արման Դալլաքյանի՝ հարազատների հետ տեսակցությունների ու հեռախոսազանգերի սահմանափակումները վերացնելու մասին: Դատարանը բավարարեց Հ. Արսենյանի միջնորդությունը իր պաշտպանյալ Ա. Հակոբյանի բջջային և բնակարանի հեռախոսահամարների մուտքային ու ելքային հեռախոսազանգերի վերծանումները հեռախոսային օպերատորներից պահանջելու մասին:

Պաշտպան Հ. Արսենյանի միջնորդության հիման վրա որոշում կայացվեց նախաքննության ընթացքում իր անմեղության և այլուրեքության մասին Ա. Հակոբյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-բողոքները կցել գործին:

Ըստ պաշտպան Արսենյանի, գործում չկան փաստական տվյալներ առ այն, որ իր պաշտպանյալը ստեղծել և ղեկավարել է բանդա, ուստի միջնորդեց ոստիկանությունից պահանջել այդ փաստական տվյալները: Դատարանը մերժեց միջնորդությունները՝ ապացույցները կհետազոտվեն և կգնահատվեն դատարանի կողմից դատաքննության ընթացքում: Դատարանը մերժեց նաև պաշտպանի միջնորդությունը՝ պարզելու, թե ինչի կապակցությամբ է իր պաշտպանյալը հայտնվել օպերատիվ-հետախուզական մարմինների տեսադաշտում՝ օպերատիվ աշխատողների աշխատանքը գաղտնի է, և դատարանը նրանցից տվյալներ պահանջելու լիազորություն չունի:

Փաստաբան Կարեն Հակոբյանը միջնորդեց իր պաշտպանյալ Սամվել Դավթյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են 6 անձինք: Ըստ մեղադրական եզրակացության, Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին (վերջինս, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, որի ընթացքում, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր է ընկել և մահացել) ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա, ապա բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:

Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների` Ա. Հակոբյանը 2011 թվականի մայիս-օգոստոս ամիսներին կազմակերպել և ղեկավարել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:
«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031