Արցախ տանող ճանապարհը դեռ երբեք այդքան երկար չէր թվացել: Նույնիսկ այն ժամանակ, երբ առաջին անգամ էինք գնում այս չափազանց սիրուն ու նույնքան սարսափելի ճանապարհով: Դա ընդամենը չորս ամիս առաջ էր` տղայիս բանակ զորակոչելուց հետո: Այն ժամանակ աշունը դեռ հեռու էր, և մեզ մինչև Ստեփանակերտ ուղեկցող սարերն այսքան գունեղ չէին: Ասենք` լարվածությունը թույլ էլ չէր տալիս հիանալու բնության գեղեցկությամբ. սիրտս շարունակ կծկվում էր նույն մտքից` տղայիս Մատաղիս են տարել` աշխարհի ծայրը… Դա իմ առաջին «դեմ առ դեմ» հանդիպումն էր Հայոց բանակի հետ, որի մասին, թվում է, ամեն ինչ գիտես, բայց իրականում գրեթե ոչինչ չգիտես: Ես, որ 88-ից երազում էի Արցախում լինել, այդ օրը գնում էի տագնապած, չուզենալով, և Արցախ տանող ճանապարհն ամենևին էլ իմ երազած ճանապարհը չէր:
Հիմա արդեն ուրիշ է: Գնում եմ լրագրողների խմբի հետ` գոնե մեկ օր Արցախի զորամասերից մեկում հայրենիքի պաշտպանների, առաջնագծում մարտական հերթապահություն կատարող զինվորների առօրյային ծանոթանալու նպատակով: ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությունն է, և, անկեղծ ասած, իմ հետաքրքրությունը սոսկ լրագրողական չէր: Նախապես հույս էի փայփայում, թե միգուցե լինենք նաև այն զորամասում, որտեղ որդիս է ծառայում: Թեև արդեն պարզ էր, որ գնալու ենք մեկ այլ` Մարտունու ուղղությամբ:
Չէի ասի, թե շատ տխրեցի. ես տեսնելու էի, թե ինչ պայմաններում է ծառայությունն անցկացնում հայոց բանակի զինվորը, ինչ է ուտում, որտեղ է քնում, ինչպես է հանգստանում, ինչպես է վարվում զենքի հետ, ի վերջո, ինչպես է կարողանում առաջնագծում 14 օր շարունակ աչքը չհեռացնել հակառակորդի դիտակետից: Եվ կարևոր չէ, թե ինչ է այդ զինվորի անունը, ում զավակն է նա և որ զորամասում է անցկացնում ծառայությունը: Նրանք բոլորը հայոց բանակի զինվորներ են և միավորված են միևնույն նպատակի շուրջ` անառիկ պահել հայրենիքի սահմանները:
Հետո պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, զրուցելով զինվորների հետ, խոստովանելու է, որ Արցախ կատարած յուրաքանչյուր այցելությունից ինքը մի քիչ ավելի է հայանում: Ու հավատացնելու է առաջնագծում դեռևս չեղած զինվորներին, որ հպարտության զգացողություն են ունենալու, երբ դիտակետում մարտական հերթապահություն անցկացնելիս հասկանան, որ իրենցն է հայրենիքի այդ փոքրիկ հատվածը, և որ իրենք պատասխանատու են հայրենիքի իրենց բաժին հատվածի համար…
Ի՞նչ իմանամ, գուցե իմ որդուն արդեն հասո՞ւ է եղել պատասխանատվության այդ զգացումը, որ անհամբերությամբ սպասում է, թե երբ պետք է դիրքեր բարձրանա: Իսկ ես մտածում էի` ախր շատ է երեխա, ի՞նչ նրա բանակ գնալու ժամանակն է… Բայց երբ տեսա մյուսներին` իմ տղայի պես 18-ը նոր լրացած զինվորների, հասկացա, որ բոլորն էլ երեխա են: Երեխա, որ երկու տարի անց տուն պիտի վերադառնան տղամարդ դարձած:
Սակայն մինչ այդ դժվար ճանապարհ են անցնելու: Այս զինվորները, նրանց հետ նաև իմ որդին, արդեն հաղթահարել են այդ ճանապարհի առաջին ոլորանները: Խոստովանում են, որ մինչ զորակոչվելը չէին պատկերացնում, թե ինչ է իրենց սպասվում: Եթե սկզբում անսովոր էր ու այդ պատճառով դժվարություններ կային, հիմա արդեն համակերպվել են, մտերմացել: Հիշեցի որդուս խոստովանությունը. «Սկզբում կարծես չէի հասկանում, թե որտեղ եմ հայտնվել, ինչ եմ անում այստեղ, ինչ է կատարվում շուրջս: Ամեն ինչ մեխանիկորեն էի անում: Հետո մի օր երկար մտածեցի ու որոշում ընդունեցի. ես զինվոր եմ ու երկու տարի պիտի ապրեմ զինվորական կարգուկանոնով: Եվ ընդունեմ բանակն այնպիսին, ինչպիսին այն կա»:
Նորակոչիկ զինվորի առօրյան սկսվում է առավոտյան 6 անց կեսից: Ձանձրանալու ժամանակ չեն ունենում: Նախ` նախավարժանք, վազք` առնվազն 3 կիլոմետր, 8-ին 10 պակաս` ճաշարան, որից հետո դաս` մինչև ժամը երկուսը: Հետո` ճաշ, մի քիչ հանգիստ ու կրկին դաս մինչև ժամը 5-ը: 5-ին` զենքի մաքրում, 7-ին` ընթրիք, ապա հանգիստ` մինչև 9 անց կես: Բոլորը միասին պարտադիր կերպով դիտում են «Հայլուր» լրատվական ծրագիրը: Հետո` երեկոյան զբոսանք: Զբոսանք կոչվածը պարզապես պետք է տեսնել… Երբ զորամասի հրապարակը դղրդում է զինվորների հատու քայլքից, իսկ օդը թրատվում է նրանց երգերի խրոխտ հնչյուններից, սիրտդ ուզում է դուրս թռչել մինչ այդ անծանոթ մի զգացումից…
Մտածեցի, որ հենց այս պահին իր զորամասում իմ տղան էլ է երգում: Տղաս, որ ամբողջ կյանքում միայն մեկ մանկական երգ է երգել, այսօր հայրենասիրական երգեր է երգում. չգիտեմ` ե՞ս եմ դրանից ավելի ոգևորված, թե՞ ինքը…
Զորամասում գտնվելու ամբողջ ընթացքում մտքով տղայիս հետ էի: Հիմա ինքն էլ ընթրիքի է գնացել, գուցե նույն կարտոֆիլով խյուսն է ուտում, ինչ այս զինվորները, թեյ է խմում նույնպիսի բաժակներից: Ճաշարանից դուրս է եկել` իր վաշտի երգը թնդացնելով… Հիմա «Հայլուրի» ժամն է, ուրեմն հեռուստացույցի առջև է նստած, ահա դուրս է եկել երեկոյան զբոսանքի …
Զինվորական մահճակալները փոքր-ինչ անսովոր էին, բայց գիշերը խաղաղ էր սահմանի վրա անքուն հսկող մեր զինվորների շնորհիվ: Իսկ սահմանն այնքան մոտ էր: Առավոտյան պիտի այցելենք նրանց, մի կարճ ժամանակով մեզ դիրքապահ զգանք…
Առաջնագծում
«Ներողամտությունը ուժեղի շնորհքն է, իսկ դաժանությունը` թույլի զենքը: Դաժան ես, ուրեմն թույլ ես: Որոշիր` ով ես դու»:
Այս տողերը արտագրեցի բլինդաժներից մեկի պատին փակցված կոչ-հորդորից, որի հեղինակը Պաշտպանության բանակի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նորայր Մկրտչյանն է: Հետո պարզվեց, որ բոլոր բլինդաժներում էլ այն կա: Հրամանատարները համոզված են, որ եթե ամեն մի զինվոր հերթական հերթապահության ժամանակ գոնե մեկ անգամ կարդա այս տողերը, հարաբերությունները զինվորների միջև շատ ավելի ջերմ կլինեն: Իսկ ջերմությունն այստեղ կարևոր հանգամանք է: Նրանց առջև` մի քանի տասնյակ մետրի վրա հակառակորդի դիտակետն է, և չափազանց կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր զինվոր գիտակցի պատասխանատվության իր չափաբաժինը…
Պաշտպանության բանակի ԱՀՏ բաժնի զինվորական կարգապահության և սոցիալ-իրավական աշխատանքների բաժանմունքի պետ, փոխգնդապետ Հովիկ Սարգսյանի հետ զրուցում ենք հենց առաջնագծում, որտեղ մարտական հերթապահություն էին անցկացնում դիրքապահները:
«Զինվորականի մասնագիտություն ընտրելը հեշտ բան չէ: 17 տարեկանում դժվար է ճիշտ ընտրություն կատարելը: Երբ ես 17 տարեկան էի, մտքովս չէր անցնում զինվորական դառնալ: Բայց այդպես ստացվեց. ընդունվեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Երբ գիշերվա 3-ին մի մայոր դուրս եկավ, որ մեզ դիմավորի, քնելու տեղ տա, մտքովս չանցավ, որ սպա է, մտածեցի` երևի ինստիտուտի պետն է: Մենք նման համազգեստ չէինք տեսել, իմ պատկերացրած սպան բոթասներով էր ու առատ թրաշով: Սովորելն էլ հեշտ չէր: 31 հոգի Ղարաբաղից գնացել ենք, 19-ը` ավարտել: Ուղղակի թասիբի հարց էր: Ես որ ընդունվել եմ, երդման արարողությունից հետո մի շաբաթ արձակուրդ են տվել: Եկել եմ տուն ու չգիտեմ` վերադառնալո՞ւ եմ, թե` չէ. բոլորը փախչում էին, չէին դիմանում զինվորական կանոններին: Հայրս մի մեծ խոզ է մորթել, հարևան-բարեկամները եկել ու կենաց են ասում` գիտենք, վստահ ենք, որ սովորելու ես: Ինձ ուղղակի պարտավորեցրին. ուրիշ ճար չունեի:
Զինվոր-սպա հարաբերություններում ամենակարևորը վստահությունն է: Սպայական կազմի մեծամասնությանը զինվորները վստահում են, բայց մնացած քիչ մասն էլ տոկոս է կազմում: Սպան պարտավոր է հասկանալ զինվորին, բայց սպայի դժվարություններն էլ պետք է չմոռանանք: Մի օր այստեղ մնալուց հետո հասնում եմ տուն ու միանգամից` լոգարան: Ւսկ էս մարդիկ 14 օր այստեղ են: Մանավանդ դժվար է ջահել ընտանիքների համար. նոր ամուսնացած` արդեն դիրքերում են: Պետք է հասկանալ, չէ՞:
Երբեմն գալիս են դիրքերում ստուգումներ կատարում ու ասում` սա ինչի է այսպես: Նման դեպքերում ուզում եմ ասել` մի անգամ դու արի արևի տակ կանգնի, խրամատի հոտը առ, տեսնեմ` վաղն էլ ես ասելո՞ւ…
…Զորամասերում դրոշը որ գունաթափվում էր, դիրքապահները խնդրում էին, բերում դիրքեր: Շատ էի ուզում հասկանալ, թե ինչի: Իմացա: Բերում, մի բարձր տեղ ամրացնում են: Դա հենց այնպես չէ, ինչ-որ բան պարտավորեցնում է:
…Ես միշտ այսպիսի մի բան եմ ասել: Տղերք, ասել եմ, ասենք` զորացրվում եք, Երևանի կենտրոնում կանգնած տղերքով զրուցում եք: Էլ չեմ ասում` եթե աղջիկներ լինեն ձեզ հետ: Մեկն ասում է` ես մայրաքաղաքային գնդում եմ ծառայել, դու ասում ես` ես Մատաղիսում եմ ծառայել, էսինչ պոստում: Դու չես զգո՞ւմ, որ քո գլուխն ավելի բարձր կլինի: Ասում են` ճիշտ է: Առաջնագծում ծառայած զինվորը պետք է տարբերվի մյուսներից: Նրա նկատմամբ վերաբերմունքն էլ պետք է ուրիշ լինի: Նրա դոշից մի ուրիշ տեսակի մեդալ պիտի կախված լինի: Մանրուք է, չէ՞, բայց պետք է:
Հետո դիրքերում հերթապահությունը զինվորին փոխում է. ինքնուրույն են դառնում: Բլինդաժը դառնում է նրանց տունը: Համարյա բոլոր դիրքերում երեխեքը աղոթքի տեղ են սարքում: Դա էլ է պետք, իրար հետ թող մոմ վառեն, որ պետք եղած դեպքում հանդուժող լինեն միմյանց նկատմամբ ու հոգատար: Փառք Աստծո, հասել ենք ինչ-որ բանի»:
Դիտակետից նայելը վտանգավոր է. մի քանի վայրկյան միայն: Բայց դա էլ բավական է, որ հասկանանք, թե ինչ ասել է առաջնագիծ, դիրքապահ զինվոր, մարտական հերթապահություն: Բավական է, որպեսզի սիրտս նվաղի այն մտքից, որ վաղը իմ տղան էլ այսպես զգաստ կանգնելու է դիտակետում և անքթիթ հետևելու է հակառակորդի դիրքերին… Ինձ ոչինչ չի մնում անել` աղոթելուց բացի:
Ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը մեզ` լրագրողներիս կտեղեկացնի մարտական հերթապահության նոր կարգի մասին. այսուհետ զինվորը կհերթապահի ոչ թե 3, այլ 4 հերթափոխով: 2 ժամ հերթապահությունից հետո 4 ժամ կքնի, ինչի շնորհիվ առաջնագծում կնվազի լարվածությունը, կբարձրանա զգոնությունը: Բացի այդ` առաջին գիծը կկահավորվի նոր էլեկտրոնային սարքավորումներով, ինչը կհեշտացնի ծառայությունը: «Առաջնագծում այսօր մեր զինվորը կարող է հանգիստ դիտարկում կատարել` առանց կյանքը վտանգելու, և համարժեք պատասխան տալ հակառակորդի ոտնձգություններին»,- հավաստիացրեց նախարարը:
Մովսես Հակոբյանը հավատում է իր զինվորին և համոզված է, որ նա այսօր ցանկացած տեղում կկատարի իր խնդիրը: Իսկ ինքը դիրքերում լինում է երկու դեպքում. մեկ` երբ անհրաժեշտ է լինում, և երկրորդ` երբ զայրացած է: Գնում է այնտեղ` առաջին գծում կանգնած զինվորի կողքին հանգստանալու…
…Վերադառնում ենք: Տղայիս չտեսա, բայց տեսա Հայոց բանակի հարյուրավոր այլ զինվորների: Փորձեցի հասկանալ նորակոչիկի զգացմունքները, կիսեցի նրանց ընթրիքն ու նախաճաշը, բլինդաժներում զինվորի ձեռքով պատրաստած սուրճ խմեցի: Եվ ինձ այքան հարազատ զգացի այդ ամենին, որ թեև հոգնել էինք, բայց վերադարձը փոքր-ինչ տխուր էր: Գիտեի, որ դեռ երկար ժամանակ մտքով այնտեղ եմ լինելու, և ականջներումս շարունակելու են հնչել հայ զինվորի խրոխտ երգի հնչյունները:
Հնարավոր է` շատ բաների մասին չխոսեցի, շրջանցեցի բոլոր այն կարևոր թվերը, որոնք հրապարակեց նախարարը այցելության ավարտին տված ասուլիսի ընթացքում: Չպատմեցի զորամասի անցած ուղու մասին, կամ թե ինչպես են այստեղ պահպանվում Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հիմնադրած ավանդույթները: Չթվարկեցի, թե ինչ կար դիրքապահ զինվորի պահարանում…
Բայց ուզում եմ ասել, որ բանակի հետ այս հանդիպումից հետո ես առավել անհամբերությամբ եմ սպասում, թե երբ պիտի տղաս արձակուրդ ստանա, որպեսզի նրա հետ կիսեմ այդ երկու օրերի իմ զգացողությունները: Չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ միայն ինքը ինձ կհասկանա…
Անուշ Սամվելյան