Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան ազատամարտիկ. Միջազգային կառույցները «յան տվեցին» Ադրբեջանից` ինչպես չարաճճի լակոտից

Հոկտեմբեր 29,2012 16:18

Այսօր «Հայացք» ակումբում Արցախի անկախության ճանաչման նախաձեռնող խմբի անդամներ «Մեծ Տիգրան» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը եւ «Արդարության մարտիկներ» շարժման հիմնադիր Արման Դանիելյանը ներկայացրեցին մի շարք անհատ վերլուծաբանների ընդհանրական նկատառումները` կապված ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձմանը հաջորդած տարածաշրջանային լարված իրադրության հետ:

«Արդարության մարտիկներ» շարժման հիմնադիր Արման Դանիելյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 12-ին արցախյան ազատամարտի մի խումբ մասնակիցներ հանդես են եկել համայն հայությանն ուղղված հայտարարությամբ` Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը կասեցնելու կոչով: Դանիելյանը ներկայացրեց վերոհիշյալ դիմումին կցված նկատառումներն եւ կարծիքներն ամբողջացնող հայտարարությունը. «Տարածաշրջանում հայության համար առավել լուրջ մարտահրավեր է ներկայացնում Ադրբեջանի Հանրապետությունը: Կասպից-Արեւմտյան շրջանի (նկատի է առնվում Ադրբեջանի Հանրապետությունը)` Բաքվի կառավարության կողմից վերահսկվող այս գոտում ուրվագծվող տրամադրությունները հասկանալու համար անհրաժեշտ է դիտարկել այն փաստը, որ «Սաֆարովի գործի» շուրջ ծավալված միջազգային դատապարտումը լիովին արհամարհվեց Բաքվի կողմից, որը վերահաստատեց անփոփոխ տրամաբանությամբ գործելու իր վճռականությունը: Ի հաստատումն այդ վճռականության, Արցախի հետ սահմանում կրկին հայ զինվոր սպանվեց: Միջազգային անվտանգության համար պատասխանատու կառույցներն ու առաջատար պետությունները հասկանալ տվեցին, որ «Սաֆարովի գործ»-ի շնորհիվ բացահայտված «սպանությունների մեքենայի» ձեւավորմանը միտված պետական քաղաքականությունը խափանման ենթակա չէ: Միջադեպը, ի վերջո, համարվեց սպառված եւ վերսկսվեց Մինսկի գործընթացը: Նույն մեքենայի ձեւավորման տրամաբանությամբ` Բաքվի վարչախմբի կողմից իրականացվող ռասսայական խտրականության, ինչպես նաեւ` քաղաքական հողի վրա բանտերում եւ այլ վայրերում կտտանքների եւ սպանությունների իրողությունը լրացվեց եւս մեկ բացահայտումով. ադրբեջանցի զինվորների սպանությունները, որոնք իբր կատարվում են սահմանային գոտում, իրականում կատարվում են բոլորովին այլ վայրերում` մարդկային օրգանների միջազգային առեւտուր իրականացնելու համար: Չնայած բացահայտումներին` Ադրբեջանի իրավապահ մարմինները եւ քաղաքական ղեկավարությունը կոծկում են հանցագործությունները` միջազգային կառույցների տարօրինակ լռության ներքո»:

Արման Դանիելյանի խոսքով. «Այն հանգամանքը, որ սպանված զինվորների շարքում կան ծագումով արեւմտակասպից թուրքեր, վկայում է, որ Կասպից Արեւմուտքում ձեւավորված պետական համակարգը հատուկ դաժանության որակ է ձեռք բերում»:

Բանախոսները կարծում են, որ Կասպից Արեւմուտքում միջազգային նշանակության որոշակի խնդիրներ լուծելու համար կազմավորվում է զանգվածային սպանության մեքենա, որը կարող է օգտագործվել հայության դեմ, ինչպես օրինակ` 1915 եւ 1988-1994թթ: «Դա հաշվի առնելով` պետք է իրականացնել ստեղծված իրավիճակի անընդհատ գնահատում, անհրաժեշտ գործողությունների ծրագրում եւ իրականացում` տարածաշրջանի բոլոր շահագրգիռ ուժերի եւ միջազգային պատասխանատու ատյանների մասնակցությամբ: Պետք է նաեւ նախաձեռնել հայության հավաքական ուժի կենտրոնացում եւ անվտանգության համակարգի ձեւավորում»,-ասաց Արման Դանիելյանը:

«Մեծ Տիգրան» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված զինադարարից ելնելով` ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ամպագոռգոռ հայտարարություններ է անում եւ միայն Սաֆարովի դեպքից հետո հաթաթա տալիս Ադրբեջանին. «Իլհամ Ալիեւը բացահայտ ասաց, որ հայությունն իր թշնամին է եւ պետք է խմել հայերի արյունը, մինչդեռ միջազգային կառույցները ոչինչ չարեցին: Երբ չարաճճի լակոտին ասում են` խելոք մնա, բայց լակոտը շարունակում է անկարգություններ անել, նրանից այսպես ասած «յան են տալիս»: Այդպես վարվեցին միջազգային կառույցներն այն պարագայում, երբ Ադրբեջանը լկտիություն արեց: Հետեւաբար, մեր խնդիրը պետք է լինի հայության համախմբումը եւ ադրբեջանական ցեղասպանության մեքենայի կազմալուծումը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031