Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարի. «Ինձ համար որոշումն անսպասելի չէր»

Հոկտեմբեր 29,2012 16:04

«Մենք ապրում ենք այն երկրում, որ ապրում ենք, ես անում եմ այնքան, որքան ունեմ հնարավորություն: Ինձ համար որոշումն անսպասելի չէր, ի վերջո սա ոչ սկիզբն է, ոչ վերջը: Սա է… որքան քաղաքացիական շարժումն ակտիվ լինի, նման բաներն ավելի հաղթահարելի կլինեն»,-Aravot.am-ի հետ զրույցում իր դեմ կայացված որոշման առիթով այսպիսի կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա դատավճռով Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով՝ խուլիգանություն: Դատարանը պատիժ է նշանակել նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, սակայն օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելով՝ վերջնական պատիժ նշանակվեց տուգանք նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով, այսինքն՝ 30 հազար դրամի չափով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդգես Գասպարին 2011թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ կառավարության թիվ 1 շենքի մոտակայքում դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ինչն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով: Ըստ մեղադրանքի, շուրջ 15 րոպե տևողությամբ աղմկել է և հայհոյել, իր այդ դիտավորյալ գործողություններով խանգարել անցորդների և ներկաների հանգիստը:

Aravot.am-ը Վ. Գասպարիի պաշտպան Ռոբերտ Ռևազյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ իրենք բողոքարկելու՞ են և արդյոք իրավական տեսանկյունից արդարացի՞ որոշում է կայացվել: Պարոն Ռևազյանը պատասխանեց. «Գտնում ենք, որ ընդհանրապես այդ անձի նկատմամբ մեղադրանք կամ քրեական գործ հարուցելու հիմքեր չկային: Այստեղից խոսքը գնում է նաև խոսքի և հավաքների ազատության իրավունքի մասին: Վ. Գասպարիի արարքը որևէ խուլիգանության նշույլ անգամ չի պարունակում: Իհարկե, դատավճռի հետ համաձայն չեմ»:

Փորձեցինք հստակեցնել՝ Վ. Գասպարիի դեմ կատարվածում կա՞ քաղաքական ենթատեքստ: Ռ. Ռևազյանը պատասխանեց. «Չեմ ուզում քաղաքական հայտարարություններ անել, բայց չեմ բացառում»:

Պարոն Ռևազյանը նաև տեղեկացրեց, որ իրենք բողոքարկելու են դատավճիռը վերաքննիչ դատարան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031