Մայրաքաղաքի «Սպիտակ» մարզաառողջարարական համալիրի լողավազանում ավարտվեց ջրագնդակի հանրապետության պատանեկան առաջնությունը, որին մասնակցեցին վեց թիմեր` միայն Երեւանից: Մրցանակային եռյակը ըստ հերթականության կազմեցին «Վիկտորիան», «Սպիտակը» եւ «Տիտան 1»-ը:
Առաջնության ավարտին Atavot.am-ը զրուցեց Ջրագնդակի հայկական դաշնության նախագահ Կարեն Գյունաշյանի հետ:
– Պատանիների առաջնությանը մասնակցեցին միայն Երեւանի թիմերը:
Կարդացեք նաև
– Ցավոք, սա է ներկայիս իրավիճակը: Մեր առաջնահերթ խնդիրներից է` մարզաձեւի աշխարհագրությունն ընդլայնել: Մոտ ժամանակներս պետք է որ Վանաձորի լողավազանն սկսի աշխատել` պայմանավորվել ենք: Այնուհետեւ, աչքներիս առջեւ Գյումրին է: Այդպես, ուզում ենք աստիճանաբար մարզաձեւը տարածելու համար պայմաններ ստեղծել մյուս մարզերում:
– Ջրագնդակի հայկական դաշնությունը հիմնադրվել է մի քանի ամիս առաջ: Ի՞նչ եք հասցրել անել:
– Վերջերս անցկացրինք հանրապետության մեծահասակների առաջնությունը, հիմա ավարտվում է պատանեկանը: Սեպտեմբերին մեր ջրագնդորդները Թբիլիսիում հանդես եկան միջազգային մրցաշարում եւ գրավեցին 3-րդ տեղը: Ի դեպ, այնտեղ Ադրբեջանը հրաժարվեց մեզ հետ խաղալ` հավանաբար, զգուշանալով պարտվելուց: Ունենք աշխատանքային ծրագիր, որով էլ առաջնորդվում ենք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Այսօր Հայաստանում կա ջրագնդակով զբաղվող երկու կազմակերպություն` Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիան(ՀՋՖ) եւ Ջրագնդակի հայկական դաշնությունը (ՋՀԴ), որոնք միմյանց չեն ընդունում: Երկրորդը ստեղծվել է այս տարվա հուլիսին եւ դեռեւս ամռանը պատճառների մասին ասուլիս է հասցրել անցկացնել: ՋՀԴ-ի նախագահ Կարեն Գյունաշյանի հետ զրույցը կարդացեք «Առավոտի» վաղվա տպագիր տարբերակում: