Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Ներսիսյանը «վերադարձել է». Նրա ձայնը եւ դասախոսությունները՝ «ULTIMA VERBA» գրքում

Հոկտեմբեր 29,2012 15:38

«Ժամանակին՝ ջահել տարիներիս, ուզում էի իմ ծրագրած բազմաթիվ գրքերից մեկը, որ պիտի գրեի, եւ որ բնականաբար այդպես էլ չգրեցի, անվանել ULTIMA VERBA, ինչը լատիներեն նշանակում է «Վերջին խոսք»,- ժամանակին ասել է անվանի մտավորական եւ անկրկնելի դասախոս Լեւոն Ներսիսյանը: Այս ցանկությունն իրականացրել են  նրա ուսանողներ  Շուշան Սիրունյանն ու Ռուզան Տոնոյանը: Եվ այժմ ՝  ներսիսյանական դասախոսություններով  «ULTIMA VERBA»՝  «Վերջին խոսքը» ընթերցողի սեղանին է: Ավելին՝ գրքույկում զետեղված է Լեւոն Ներսիսյանի ձայնը՝ դասախոսությունների CD-ն:

Իսկապես երջանկություն է, որ բախտ  ենք ունեցել լսել Լեւոն  Ներսիսյանին, որը համալսարանի ամենալուսավոր մարդկանցից էր, սակայն բուհի ղեկավարությունը հնարավորություն չտվեց, որ ուսանողները սիրված դասախոսին վերջին հրաժեշտը տան ԵՊՀ-ում:

Հիշում եմ՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողներս հաճախ նստելու տեղ չէինք ունենում  բանասիրականի 2-րդ հարկի ամենամեծ լսարանում, որովհետեւ այն «զավթված»  էր լինում  այլ բուհերի՝ դասերից փախած ու Լեւոն Ներսիսյանին «վայելելու» եկած ուսանողներով: Մեկ էլ բացվում էր լսարանի դուռը ու ներս էր մտնում Լեւոն Ներսիսյանը՝ պատկառազդու, արիստոկրատ կեցվածքով,  վառվռուն աչքերով,  կանաչ քարով մատանիով, ձեռնափայտը ձեռքին ու քայլելով աստիճաններով՝ իջնում էր դեպի ամբիոն, որը պիտի 80 րոպե մեր ուշադրության կիզակետը դառնար:

Հաճույքով նորատիպ գրքից կարդացի Լեւոն Ներսիսյանի՝ դասախոսության ժամանակ արված արտահայտությունը մարդ արարածի մասին. «Ասում են՝ մարդը Homo Sapiens է, այսինքն՝ բանական արարած: Հիմա հարց տամ ձեզ՝ իսկ ապուշները՝ ապուշներն ի՞նչ է, մարդ չե՞ն: Մարդ են… Իբր թե բանականությունը տարբերում է մարդուն անասնական աշխարհից. շատ թեական պատասխան է: Ասում են՝ մարդը տարբերվում է ուրիշ դասերից զգացմունքներով: Իբր մարդը սիրել գիտի, ատել գիտի, իբր անասունը չգիտի:  Մինչդեռ ի՞նչ սեր, երբ մարդիկ  հազարամյակներով իրար կոտորել են, դավաճանել են, իսկ այնքան կան լավ գազանիկներ, որոնք երբեք ոչինչ իրար չեն արել…»:

Ուսանողներս ոգեւորվում էինք, երբ Լեւոն Ներսիսյանը դասախոսությունների ժամանակ հիշում էր հոր՝ մեծագույն դերասան Հրաչյա Ներսիսյանի մասին որեւէ պատմություն: Դրանցից մեկը տեղ է գտել այս գրքում. «Իմ  հայրը, որ դերասան էր, ժողովրդի կողմից սիրված մարդ էր էս աշխարհում: Ինչ-որ մի թշվառական ներկայացում կար Սունդուկյան թատրոնում: Հորս վիճակվել էր խաղալ գերմանացի սպայի դեր՝ գերմանացի սպա: «Ինժեներ Սերգեյ» էր կոչվում այդ պիեսը: Չեմ հիշում, թե ով էր հեղինակը, բայց ապուշի մեկն էր: Անցած-գնացած բաներ են: Մի խոսքով՝ գերմանացի սպա: Պատերազմը դեռ նոր էր վերջացել, էս մարդը (Հրաչյա Ներսիսյանը- Գ.Հ), որ մտնում էր բեմ, ըստ սովորության, ասում եմ սիրված էր, ամբողջ դահլիճը՝ մեկ էլ որոտընդոստ ծափահարություններ: Լավ՝ մի ներկայացում, երկու …. Երրորդ ներկայացումից հանեցին էդ դերից: Ասում է՝ թե ի՞նչ պատահեց, վա՞տ եմ խաղում գերմանացու դերը: Ասում են՝ եղբայր, ուրեմն չհասկացա՞ր: Պատերազմը նոր է ավարտվել, ֆաշիստը դուրս է գալիս բեմ, եւ որոտընդոստ ծափահարություններ…»:

Ինչպես ցանկացած թեմա, Զեւսի գլխից Աթենաս Պալլասի ծնվելու պատմությունն էլ  Լեւոն Ներսիսյանի շուրթերով այլ  «համուհոտ» ունի. «Զեւսը, այսինքն՝ մարդկանց եւ տղամարդկանց մեջ ամենահզորը, աստվածը եւ արքան աստվածների, ծննդաբերում է, էն էլ՝ Աթենաս Պալլասը, ծնվում է նրա գլխից, պատրաստի եւ անգամ զրահապատ: Տո ձեր ծնածն ի՞նչ է, 3,5 կիլոյանոց կատվի ձագ, էդ չի՞ կնոջ ծնածը, իսկ երբ տղամարդն է ծնում, նա  ծնում է Աթենաս Պալլաս…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031