Քաղաքագետ Արմեն Աղայանի գնահատմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նեղելու ու Ռոբերտ Քոչարյանի հետ հաշվի նստելու խնդիր է լուծում:
Ըստ նրա, ՀՀ երկրորդ նախագահը քաղաքականություն է վերադարձել որպես ընդդիմադիր. «Քոչարյանն ակնկալում է ամբողջ ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանով, ակտիվ ու պասիվ համախոհներով, ընտրակաշառք ստացողներով գրավել: Նրա նպատակն է դեմոկրատական ընդդիմության հատված ունենալ, ինչի համար էլ գործարկել է Վարդան Օսկանյանի կերպարը, որը իր «Սիվիլնեթով», արեւմտամետ բառապաշարով ելույթներով փորձում է ընկալվել դեմոկրատական ընդդիմության ներկայացուցիչ: Եթե նա լինի Քոչարյանի նախընտրած թեկնածուն , դեմոկրատական շերտը ԲՀԿ-ի ձայներին գումարելու հավանականությունը կմեծանա»:
Քաղաքագետը ԲՀԿ-ից իշխանափոխություն չի ակնկալում. «Հավանականությունը քիչ է, որ նրանք կարող են զրկել Սերժ Սարգսյանին իշխանությունից: Բացի այդ, Քոչարյանը իշխանության գալու նպատակ չունի, նա պարզապես Սարգսյանի հետո իշխանությունը վերադարձնելու մենաշնորհն է վիճարկում : Արդյոք Սարգսյանը պե՞տք է նշանակի իր ժառանգորդին, թե այդ ժառանգորդը հիմիկվանից պետք է պարզ լինի, որ լինելու է Քոչարյանը»:
Պարոն Աղայանը չի կիսում որոշ քաղաքագետների այն տեսակետը, թե այն պահից, երբ հասարակությունը Քոչարյանին տեսնի ԲՀԿ-ի թիկունքում, ԲՀԿ-ն մի վայրկյանում կհեղինակազրկվի. «Մարդիկ քաղաքականությանը հետեւոմ են սերիալի կանոններով կամ ինչպես կհետեւեին ակումբային ֆուտբոլին. շահերով կապված չեն, բայց գրեթե միշտ ուժեղին են երկրպագում: Եթե մարդիկ Քոչարյանին ավելի ուժեղ են ընկալում, նրանց համար ի՞նչ տարբերություն՝ ով կլինի, Քոչարյա՞նը, որը մարտի մեկ արեց, թե՞ Տեր-Պետրոսյանը, որ Արցախը ծախեց»:
Կարդացեք նաև
Գնահատելով ՀԱԿ-ի դերակատարումը քաղաքական դաշտում՝ պարոն Աղայանը նորից կրկնեց իր ավելի վաղ հայտնած տեսակետը, որ ՀԱԿ-ն անկում ապրած ուժ է եւ քաղաքական դաշտում այլեւս անելիք չունեցող կազմակերպություն. «Ավելի ճիշտ, ՀԱԿ-ը կազմակերպություն չի էլ եղել , դա եղել է Տեր-Պետրոսյանին որպես կուռք ընդունողների ակումբ, եւ այդ ակումբն այլեւս անիմաստ է, որովհետեւ նա որպես թեկնածու՝ փոփոխություն բերող անձ, գոյություն չունի»:
Նրա խոսքերով, Տեր-Պետրոսյանն այնքան ռեսուրս ուներ, որ կարող էր իշխանափոխություն անել 2008-ին, բայց նա դա չարեց, որովհետեւ իշխանության վերադառնալու մտադրություն չուներ . «Քաղաքական վարկն էր փորձում փոխել թոշակի գնալուց առաջ: Նա ուզում էր, որ հայ ժողովուրդը իրեն չհիշի որպես Արցախը ծախող, ուզում էր ցույց տալ, որ Արցախը ծախելու մեջ մեղադրվողները իր կողքին կանգնած են՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը, երկրապահները: Այն սխալը, որ գործեց Սերժ Սարգսյանը փետրվարի 26-ի հանրահավաքը կազմակերպելով, երբ ժողովուրդը գնաց Տեր -Պետրոսյանի մոտ , այդ օրը իշխանությունը փաստացի Տեր- Պետրոսյանինն էր , ընկած էր նրա ոտքերի տակ, բայց նա չցանկացավ կռանալ, վերցնել. նախընտրեց ձեռքերը բարձրացնել: Որովհետեւ իրեն իշխանություն պետք չէր, մի քանի տարի հետո նրան նորից սկսելու էին հայհոյել, որովհետեւ ինքը ոչ մի հետաքրքիր փոփոխություն անելու ի վիճակի չէր»:
Ըստ քաղաքագետի, ՀԱԿ առաջնորդը հիմա մի խնդիր ունի՝ ինչպես հեռանա, որ համակիրների կողմից չընկալվի դավաճան. «Հաճույքով կհեռանար 2009-ին, 2010-ին, բայց այն ժամանակ համախոհների բանակն ավելի մեծ էր: Տեր- Պետրոսյանը իր թեկնածությունը չի առաջադրի, եթե, իհարկե, չի խելագարվել: Հիմա նա փորձում է իր փոխարեն մեկ ուրիշին առաջադրել , ինչն էլ կոնգրեսական շրջանակներում ձեւավորում է մրցակցային վիճակ այն թեկնածուի միջեւ, որ կնշանակվի Տեր-Պետրոսյանի կողմից եւ այն թեկնածուի միջեւ, որը ավելի շատ ժողովրդականություն ունի ու համաձայն չէ, որ Տեր-Պետրոսյանի ժառանգը լինի մեկ ուրիշը»:
Նա այն կարծիքին է, որ երբ հստակեցվի ՀԱԿ թեկնածուն, ՀԱԿ-ի ներսում նոր պառակտումներ կլինեն. «Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հաջորդին նշանակելիս կողմնորոշվելու է իր շահով, ում նշանակի, որ այդ ֆոնի վրա ինքն արդարացում ունենա: Նա նշանակելու է Լեւոն Զուրաբյանին, բայց Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ հեղինակություն ունի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ