Լրահոս
Օրվա լրահոսը

Քահանան՝ Հելոուինի մասին. «Ես մի բան չեմ հասկանում, եթե ասում են` դա սրբերի տոն է, ապա ինչու՞ են նշում գիշերը»

Հոկտեմբեր 29,2012 15:09

 Հոկտեմբերի 31-ին նշվում է Հելոուինը: Այդ տոնի ընթացքում մարդիկ հագնում են զգեստներ, կրում դիմակներ, ու դրանց արդյունքում ստանում վախենալու կերպար: Գլխավոր խորհրդանիշը լամպե Ջեքն է: Այն ունի դդումի տեսք: Վրան փորագրվում է վախ առաջացնող դեմք, իսկ ներսում` դրվում է մոմ:

Ժամանակակից տոնը առաջացել է հին կելտական ավանդույթներից: Ավելի շատ այն նշվում է անգլախոս երկրներում: Հելոուինին բնորոշ է նաեւ տոնական սեղանի հատուկ ճաշացանկը եւ երաժշտությունը:
Ճիշտ է`մենք անգլախոս չենք, բայց արդեն քանի տարի է՝ նշում ենք այս տոնը:
Իսկ ինչպե՞ս է պատրաստվում հայ երիտասարդությունը տոնին. «Առավոտ երիտասարդական»-ը անցկացրեք հարցախույզ երիտասարդների շրջանում: Պարզվում է, որ սա նրանց համար ժամանակ անցկացնելու եւս մեկ ձեւ է: Մեզ հետ զրույցում 20-ամյա Աննան պատմեց, որ երկու տարուց ավել է ընկերների հետ նշում է տոնը: Ամեն տարի գնում է նոր դիմակ, հագուստ, մի խոսքով՝ այն ամենը, ինչը հարկավոր է երեկոյի ժամանակ վախենալու տեսքի համար: Ասում է, որ անցյալ տարիների համեմատ, այս տարի ավելի հեշտ է գտել անհրաժեշտ պարագաները. «Այն ժամանակ դրսում ապրող ծանոթ -բարեկամ էինք խառնում, որ մի հատ դիմակ ուղարկեն, քանի որ այստեղ չկար կամ էլ թանկ էր»,- ասում է նա:
18-ամյա Էդուարդն էլ կարծում է, որ այս տոնը հիմարություն է: Ասում  է՝ տոնի մեջ իմաստ չկա, ուղղակի հայերը տեսնում են, որ ամերիկացիները նշում են, իրենք էլ են նշում: Ըստ նրա, Հելոուինը վայել չէ քրիստոնյային:
«Առավոտ երիտասարդական»-ը զրուցեց նաեւ Արարատյան թեմի քահանա Տեր-Շմավոն Ղեւոնդյանի հետ: Նա ասաց, որ Հելոուինը մարդուն հեռացնում է Աստծուց: Եկեղեցին դեմ է նմանատիպ բոլոր տոներին: Թեեւ այն համարվում է հոգեւոր սրբերի տոն, այդուհանդերձ կրում են սատանայական զգեստներ: Քահանան նշեց, որ Հելոուինը բացասական ազդեցություն է ունենում նաեւ երիտասարդների ու երեխաների վրա, քանի որ նրանք շատ հաճախ վախենում են սատանայական կերպարներով հագնված մարդկանցից. «Ես մի բան չեմ հասկանում, եթե ասում են դա սրբերի տոն է, ապա ինչու՞ են նշում գիշերը, երբ մութ է, ինչու՞ են ահ ու սարսափ տարածում»:
Ում համար տոն, ում համար բիզնես: Դեռ մի քանի օր կա Հելոուինին, սակայն երեւանյան տարբեր ակումբները արդեն զբաղված են հաճախորդ գրավելու ավանդական գործով: Մեր զրուցակիցը, ով ակումբի տնօրեն է, ասաց, որ իրենք հատուկ այդ երեկոյի համար DJ են հրավիրել ուրիշ երկրից: Նա նկատել է, որ երիտասարդության շրջանում տոնը մեծ հետաքրքրություն է վայելում: Դրա վառ ապացույցը այն է, որ իրենց Հելոուին party-ի տոմսերն արդեն վաճառված են:   

Արամ Արարատյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031