Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «ՀԱԿ-ն այն ուժը չէ, որ մտնի ԲՀԿ-ի թեւի տակ, դառնա կցորդ»

Հոկտեմբեր 29,2012 14:54

 Այսօր «Փաստարկ» ակումբում ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը տեսակետ հայտնեց, որ այս իրավիճակը հանգիստ է՝ փոթորկից առաջ. «Իմ կարծիքով՝ ակտիվությունը առաջիկա 15-20 օրերի արդյունքում շատ ավելի տեսանելի կլինի: Մի փոքր բացառիկ իրավիճակ է, դա էլ գալիս է նրանից, որ հաջորդաբար կեղծվող ընտրությունները ժողովրդին դրել են մի իրավիճակի մեջ, երբ ժողովուրդն ակնկալիք այս ընտրութուններից այլեւս չունի:  Ինչ վերաբերում է թեկնածուներին, իշխանություններն այն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի, բայց դա չափից դուրս ինքնավստահություն է: Առավել եւս, երբ համեմատում ես իշխանության ուժը, ես գտնում եմ, որ մենք ունենք թույլ իշխանություն»: Լրագրողները մի շարք հարցեր տվեցին ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցության մասին, Լեւոն Զուրաբյանի հայտարարության, արդյո՞ք դա իր անձնական կարծիքն է, ինչպե՞ս կարող եք համագործակցել ԲՀԿ-ի հետ եւ այլն: Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Եթե կան քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են այս պահին մեզ հետ միասին պայքարել ազատ, արդար ընտրությունների համար, ապա չկան հավերժ թշնամիներ եւ բարեկամներ: ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի մեջ, եղել է իշխանության անդամ, եթե գիտակցել է, որ այս իշխանությունը ոչ մի լավ բան չի արել ժողովրդի համար, ուրեմն՝ ինչո՞ւ ոչ»:

Դիտարկմանը, որ ՀԱԿ-ը իրեն արդեն սպառել է եւ դաշտում մնալու համար ուզում է մտնել, այսպես ասած, ԲՀԿ-ի թեւի տակ՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «ՀԱԿ-ը այն ուժը չի, որ մտնի ինչ-որ մեկի թեւի տակ, դառնա կցորդ, այսպես ասած: ՀԱԿ-ը դեռ ցույց կտա իր ուժը: Չի եղել մի ուժ, որ կարողանա միավորել այսքան ուժերին: Լինում են պահեր, որ քաղաքական ուժը անկում է ապրում, վերելք է ապրում: ՀԱԿ-ը հիմա վերելք է ապրում»: Հարցին՝ իսկ ՀԱԿ-ը երբեւէ անկում ապրե՞լ է, հիմա վերե՞լք է փաստորեն՝ պատգամավորը պատասխանեց. «Լինում են պահեր: ՀԱԿ-ը որոշ չափով պասիվացավ, հիմա վերագտել ենք մեզ»:

Անդրադառնալով Գուրգեն Եղիազարյանի հայտարարությանը, որ պատրաստ են համագործակցել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ՝ ՀԱԿ պատգամավորը դա այսպես մեկնաբանեց. «Նա ասել է, որ երկիրը փրկելու համար բոլորի հետ էլ կարելի է համագործակցել, իսկ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասով իրենց ուղղակի պետք է հուշել, որ թողեք- գնացեք: Համագործակցությունը այսպես ենք հասկանում»:

Aravot.am-ի հարցին՝ Դուք ասացիք շուտով փոթորիկ է լինելու, ո՞վ է անելու այդ փոթորիկը, մի քիչ փակագծերը բացեք՝ նա պատասխանեց. «Վախենում եմ սխալվել, որովհետեւ մի անգամ ասացի մինչեւ հոկտեմբերի 10-ը, ուշացավ: Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը արդեն փոթորիկ կառաջացնի»:

Լրագրողները հիշեցրին Մարտի 1-ի մեղավորների ցուցակը, որտեղ ԲՀԿ ղեկավարի անունն էլ կար, հարցին՝ դա հաշվի առնելով՝ Լեւոն Զուրաբյանը ո՞նց է գնում համագործակցության՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, որ Մարտի 1-ի համար բոլորը պատասխան են տալու, բայց ինչ վերաբերում է քաղաքականությանը, եթե ռեժիմի հետ հնարավոր չէ պայքարել, պետք է մտնես համագործակցության՝ ուրիշ քաղաքական ուժերի հետ: Ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ ԲՀԿ-ն հիմա հնարավորություն ունի լրջագույն քաղաքական միավոր դառնալու. «Իսկ եթե ոչ, նա ՕԵԿ-ի տեղը կզբաղեցնի»:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածուներին՝ պատգամավորը պատասխանեց. «ՀԱԿ-ում միանշանակ բոլորն են այդ կարծիքին, որ մենք պետք է ունենանք սեփական թեկնածուն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031