Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ Էլդա Գրինին պատասխանատվության կենթարկե՞ն

Հոկտեմբեր 29,2012 14:25

2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասում «ինքնասպան եղած» Արտակ Նազարյանի գործով այսօր լրատվամիջոցներին հանդիպեցին տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, Արտակի մայրը՝ տիկին Հասմիկը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը եւ  փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն անդրադարձավ «կեղծ, հանցավոր նախաքննության արդյունքում որակված ինքնասպանությանը»: Ռ. Մարտիրոսյանը պնդեց, որ մենք գործ ունենք ոչ թե ինքնասպանության հետ, այլ սպանության, մասնավորապես նշելով, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 1 պարկուճ, ապա այն ոչնչացվել է եւ դրվել մեկ այլ պարկուճ: Նա դարձյալ հիշեցրեց, որ Արտակ Նազարյանը, ըստ նախաքննության մարմնի ձեռք բերած ապացույցի, ստացել է 120 փամփուշտ, որը դեպքից հետո եղել է տեղում: Իրավապաշտպանը ուշադրություն հրավիրեց դարձյալ «կրակած» զենքի վրա, որտեղ մատնահետքեր չեն հայտնաբերվել կամ «անհայտ անձի կողմից ոչնչացվել է»: Նորից, ինչպես դատաքննության, այնպես էլ այսօրվա հանդիպման ժամանակ, Ա. Նազարյանի իրավահաջորդները նշեցին, որ Արտակը ծեծվել, խոշտանգվել է եւ  մահից առաջ մինչեւ 6 ժամ ժամանակահատվածը նախաքննության մարմնի կողմից որեւէ հարցեր եւ որեւէ գործողությունների չի հանգեցրել: Ըստ բանախոսների, տեղի է ունեցել համակարգային հանցագործություն, որը շարունակվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մինչ օրս:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ ամեն ինչ արվում է բանակը չհեղինակազրկելու համար եւ որ դա հստակ քաղաքականություն է: Նա հայտնեց, որ միջնորդել է Արտակի հագուստը դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննության ենթարկել, որպեսզի պարզվեն, թե արյան հետքերն ում են պատկանում՝ Արտակի՞ն, մեկ այլ անձի՞, թե՞ կենդանու: Երբ դատարան հրավիրված քննիչ Լեւոն Պետրոսյանին հարցրել են, թե ինչու հագուստները չեն ենթարկվել դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննության, քննիչը պատասխանել է, որ նպատակահարմար չէր: Մ. Շուշանյանը հայտնեց, որ փորձագետ Էլդա Գրինի հետ  կապված միջնորդելու է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության՝ կեղծ եզրակացություններ տալու համար: Փաստաբանը անգամ հեգնեց, թե Էլդա Գրինը նման եզրակցությունների արտադրություն է դրել: Նշվեց «ինքնասպանություն» գործած զինվորների՝ Թորգոմ Սարուխանյանի, Տիգրան Համբարձումյանի, Վալերի Մուրադյանի գործերով Էլդա Գրինի տված եզրակացությունների մասին եւս: Ըստ տուժողի իրավահաջորդների, 40 գործ կարող են բերել, որտեղ եզրակացությունները նման են իրար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031