Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Թովմասյանը՝ ՀԱԿ-ի մասին. «Դա ոչ թե Հայ ազգային կոնգրես է, այլ հայ ազգային կատակերգություն»

Հոկտեմբեր 29,2012 13:40

«Ինձ անհանգստացնում է աշխարհի խաղաղությունը: Աշխարհը եռում է, եւ հնարավոր է՝ Հայաստանը եւս ներքաշվի այդ գործընթացների մեջ: Պայթյունավտանգ երեւույթներ են տեղի ունենում, ինչը տանում է լարման իրավիճակի: Իսկ մենք չպետքէ վրիպենք արտաքին հարաբերություններում:

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը եւս եռում է, բայց պղպջակների տեսքով, իսկ թե որտեղից կպայթի, դա կերեւա մինչեւ նախագահական ընտրությունները: Իսկ այդ ընտրություններում լինելու է այն, ինչ եղել է վերջին 23 տարում: Նույն մեթոդներով նորից աշխատելու են այն ուժերը, որոնք այժմ ազգակցական ժողովում են»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Բանախոսն անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ ասաց, թե ինչ պետք է խոսեն նրանք, իր համար զարմանալի է. «Միջնորդների ցանկությունն է վերականգնել երկխոսությունը, բայց այն, ինչ տեղի ունեցավ՝ սաֆարովյան դեպքերն ու դրանից հետո եղած արձագանքները, անընդունելի է. դա ցեղասպանության փոքրիկ մոդել էր, իսկ ցեղասպանություն բառը անընդհատ լսելի է լինելու բոլորի ականջների համար»:

Դառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Թովմասյանը նշեց. «Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ բարձրացված հիստերիան ինձ արդեն անհանգստացնում է: Սա դավաճանություն է, հատկապես, երբ որոշ մարդիկ ճչում են, թե պետք է ռուսական զորքը դուրս բերել մեր երկրից: Բայց ես մնում եմ այն կարծիքին, որ Հայաստանը պետք է շարունակի մնալ Ռուսաստանի հետ»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, ապա Թովմասյանը գտնում է, որ ԱՄՆ-ի հայ համայնքը ճիշտ է արել, որ այս անգամ չի պաշտպանել թեկնածուներից որեւէ մեկին: Ըստ նրա՝ ի վերջո ինչքան կարելի է խաբված լինել. ամեն անգամ ցեղասպանության ճանաչման խոստումներ էին տրվում ու չէին իրականացվում:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, նախագահական ընտրություններում կլինի՞, արդյոք, ընդդիմության միասնական թեկնածու, թե՞ ոչ, Թովմասյանը հետեւյալն ասաց. «Այս իրավիճակում ես ընդդիմության միասնական թեկնածու չեմ տեսնում: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործոնին, ապա կարծում եմ՝ նա, ով կարող է համագործակցել Քոչարյանի հետ՝ ընդդիմություն չէ»:

ՀԱԿ-ի մասին խոսելիս էլ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը այսպես բնորոշեց վերջինին. «Դա ոչ թե Հայ ազգային կոնգրես է, այլ հայ ազգային կատակերգություն: Երբ քո հետեւից 100 հազար մարդ է գալիս, իսկ դու 10-ը զոհ ես տալիս, ապա այսքանից հետո նույնիսկ գնահատական տալն է սխալ»,-նշեց Թովմասյանը, որի համոզմամբ՝ հայ ժողովրդի շահագործմանը վերջ կդնեն միայն կոմունիստները: Իսկ արդարությունը հնարավոր է վերցնել միայն բռունցքներով:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031