«Աշխատանքի արտադրողականությունը: Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններում մեկ օրվա ընթացքում մեկ աշխատողը 60-65 դոլարի արտադրանք է արտադրում: Եթե այդ 18 հազար դրամից հարկերը, վճարումները, էլեկտրաէներգիայի եւ այլ վարձերը հանում ենք, տակը հազիվ կարող է մնալ աշխատավարձ վճարելու համար 3-4, լավագույն դեպքում՝ 5 հազար դրամ: Բացասական ֆոն է ստեղծվել: Մարդիկ չեն ուզում աշխատել, որովհետեւ իրենց վճարած գումարը քիչ է, իսկ գործատուները չեն կարողանում ավելի վճարել»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում նշելով իր մտահոգությունները տնտեսական ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքերով՝ «Մենք դեմ էինք նվազագույն աշխատավարձի այս մակարդակին, չենք ընդունում տնտեսական զարգացման այն մոդելը, որն այսօր առաջարկում է կառավարությունը»: Նա նշեց, որ եվրոպական երկրներում աշխատավարձի չափով Հայաստանը վերջին տեղն է զբաղեցնում, իսկ ԱՊՀ-ում՝ վերջից երրորդ:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակի համակարգին՝ պրն Մելքումյանը նշեց, թե այն մեխանիզմը, որը դրված է մասնավոր ֆոնդերի կառավարիչների հիմքում, վստահություն չի ներշնչում:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է բյուջեի նախագծին՝ պատգամավորի խոսքերով. «Խորապես կասկածում ենք կառավարության կանխատեսելիության ունակություններին: 2013-2015-ի համար եռամյա միջնաժամկետ պետական ծախսերի ծրագրում հստակ արձանագրված է, որ ՀՆԱ աճը պետք է կազմի 3.8 տոկոս: 4 ամիս հետո նա բերում է մի փաստաթուղթ, որտեղ պիտի կազմի 6.2 տոկոս: Անհասկանալի է՝ ի՞նչ է պատահել այս 4 ամսում: Մենք կողմ ենք ոչ թե զսպող, այլ ընդլայնողական, խթանող հարկաբյուջետային քաղաքականությանը»:
Հարցին, թե նվազագույն աշխատաարձը բարձրացնելու համար Դուք ասացիք, որ մենք ունենք ռեզերվներ, որտե՞ղ են այդ ռեզերվները՝ Միքայել Մելքումյանը այսպես պատասխանեց. «Անցած 4 տարիների ընթացում տարեկան միջին ՀՆԱ աճը 3-4 տոկոս է կազմել, հարկային մուտքերը՝ մոտ 20 տոկոս: Մենք դեմ լինելով հարկային բեռի ավելացմանը, կողմնակից ենք, որ փոքր ու միջին բիզնեսից հարկային դերի վերաբաշխումը գնա դեպի խոշոր բիզնես: Հայաստանում 23-24 մլն տոննա հանքանյութ է արդյունահանվում: Ռոյալթին ակնկալվում է 13 մլրդ դրամ՝ 2013-ին: Մեկ տոննա հանքանյութի վրա 550 դրամ ռոյալթի է բաժին ընկնում: Դրանից դե գնահատեք: Նշեմ, որ ռոյալթին վճար է: Պետությունը պետական ունեցվածքը վարձով է տալիս արդյունահանողին: Ես ձեզ թիվն եմ ներկայացնում՝ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»:
Լրագրողները հետաքրքրվեցին, այն ժամանակ, երբ իշխանության մաս էիք, ինչո՞ւ մի օր նման վերլուծությամբ հանդես չեկաք, ինչո՞ւ նախորդ տարի սրանից 2500 դրամով պակաս աշխատավարձին կողմ քվեարկեցիք, հիմա՝ ձեռնպահ: Նա պատասխանեց. «Դուք գիտեք, որ մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում: Որեւէ մեկը աշխարհում դեմ չի, որպեսզի դրական փոփոխություններ կատարվեն: Ինչ վերաբերում է մեր ծրագրերի չներկայացմանը այդ տարիներին՝ ես այդ փուլում չեմ եղել պատգամավոր: Ես միշտ արել եմ այդ վերլուծությունները, այլ բան է, որ դրանք պետք է ներկայացվեին ձեզ»:
Լրագրողերը նաեւ հետաքրքրվեցին, թե ի՞նչ կապ կա ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ-ի միջեւ: Միքայել Մելքումյանի մեկնաբանությամբ. «Ինձ համար անհասկանալի է, Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ-ի համակարգողն է, իր հարցադրումներն է անում, ԲՀԿ-ն՝ մերը: Որեւէ պաշտոնական բանակցություն առայժմ չի վարվել»:
Aravot.am-ի հարցին՝ Դուք ասացիք, որ կուտակային կենսաթոշակի ֆոնդերի կառավարիչների հետ կապված կասկածներ ունեք, որ վստահելի չեն, Դուք է՞լ եք կարծում, որ դրանք հնարավոր է անցնեն Միքայել Մինասյանի, Արմեն Գեւորգյանի, Տիգրան Սարգսյանի հովանավորչության տակ, այսինքն՝ զուտ նրանց ջրաղացին ջուր լցնելու, նրանց հերթական բիզնեսն ապահովելու տեղ է բացվում՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ջրաղացային դիվանագիտութան մասին չխոսենք: Ես ասում եմ հետեւյալը՝ խնդրեմ, բերեք օրենք, օրենքի նախագիծ: Հարցը չվստահելը չի: Օրենսդրորեն երաշխիքների ապահովում պետք է լինի՝ մեր հարյուր հազարավոր քաղաքացիների համար: Որեւէ մեկը չի ժխտում, որ Հայաստանում ստեղծված իրավիճակում գոյություն ունի կառավարման արդյունավետության խնդիր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ