Ընտրությունները արդար ու ժողովրդավար դարձնելու համար «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն առանձնացնում է երեք կարեւոր պահանջ։
Ռուսաստանում ընդդիմադիր «Սպրավեդլիվայա Ռոսիա» («Արդար Ռուսաստան») խմբակցությունն առաջարկում է արմատական փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում, մասնավորապես, թանաքոտել ընտրողների մատներն ու պարտադիր դարձնել քվեարկությունը՝ երկրում տարածված ընտրակեղծիքները կրճատելու համար։
Նախաձեռնության հեղինակ, պատգամավոր Օլեգ Միխեեւի խոսքով, ընտրությունները արդար ու ժողովրդավարական դարձնելու համար իրենց կուսակցությունը առանձնացնում է երեք կարեւոր պահանջ. նախ, քվեարկությունը պետք է իրականացվի միայն ընտրողների մատնահետքերը ստուգելուց հետո, երկրորդ՝ խախտումների դեպքում հանձնաժողովների անդամները ստուգվելու են ստի դետեկտորով, եւ երրորդ՝ բոլոր տեղամասերում տեղադրվելու են, այսպես ասած, էլեկտրոնային քվեատուփեր, որոնք կարդում են քվեաթերթիկներն ու ինքնուրույն, առանց մարդկային միջամտության կատարում ձայների հաշվարկը։
Պետդումայի՝ մեծությամբ երրորդ խմբակցությունը նաեւ առաջարկում է վերացնել վաղաժամ քվեարկությունն ու ընտրողների լրացուցիչ ցուցակները, որոնք հնարավորություն են տալիս քվեարկել գրանցման վայրից դուրս՝ այլ տեղամասում։
Կարդացեք նաև
«Մենք ստիպված ենք արմատական փոփոխություններ կատարել համակարգում», – տեղական լրատվամիջոցներին ասել է ընդդիմադիր պատգամավորն ու ընդգծել՝ հոկտեմբերի 14-ին համայնքներում անցկացված ընտրությունները ուղղակի անցան թույլատրելի ու անթույլատրելի բոլոր սահմանները։
«Մեր առաջարկները կյանքի կոչելու համար պետբյուջեից հարկավոր կլինի ընդամենը 300 միլիոն դոլար։ Սա այնքան էլ մեծ գումար չէ, եթե հաշվի առնենք, թե ինչ ազդեցություն կունենան ժողովրդավարական ընտրությունները Ռուսաստանի վարկանիշի վրա», – ասում է պատգամավորը եւ հիշեցնում հայտնի ասացվածքը՝ «ժլատը երկու անգամ է վճարում», այնպես որ, լավ է մեկ անգամ խոշոր ծախսումներ անել, փոխարենը ՝ թափանցիկ դարձնել գործընթացը, հետո էլ տնտեսել ընտրությունների կազմակերպման վրա կատարվող գումարները։
Տնտեսումը, ըստ ընդդիմության, կիրականացվի, ասենք, դիտորդների ինստիտուտը վերացնելու հաշվին, քանի որ էլեկտրոնային քվեատուփերը կարող են իրենք ահազանգել լցոնումների մասին։ Կարիք չի լինի նաեւ հավելյալ գումար վճարել հանձնաժողովների անդամներին՝ գիշերները քվեաթերթիկները հաշվելու եւ արդյունքները արձանագրելու համար. այս գործընթացը եւս ավտոմատ կերպով կիրականացնեն մեքենաները, որոնք այսօր կիրառվում են աշխարհի մի շարք երկրներում։
Բացի այդ, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն նաեւ առաջարկում է պարտադիր դարձնել քվեարկությունն ու դրամական տուգանքներ սահմանել դրանցից խուսափող քաղաքացիների համար։
Նշենք, որ պարտադիր քվեարկության ինստիտուտը եւս լայնորեն կիրառվում է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում, Ավստրիայում եւ Լյուքսեմբուրգում։
Ակնկալվում է, որ այս մասին օրենսդրական առաջարկները ընդդիմադիր խմբակցությունը Պետդումայում շրջանառության մեջ կդնի արդեն այս շաբաթ։
եղինե Բունիաթյան
«Ազատություն» ռադիոկայան