Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Երբեք չեմ լինի մի շարժման անդամ, որտեղ որևէ մեկն այլընտրանք չունի»

Հոկտեմբեր 29,2012 11:25

Հատված «Առաջին լրատվական»-ին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցազրույցից:

Պարոն Բագրատյան, որոշ հրապարակումների կամ կարծիքների արդյունքում ակնհայտ է դառնում, որ 2013թ. նախագահական ընտրությունների հետ կապված ՀԱԿում տարաձայնություններ կան: Ի՞նչ հարցերի շուրջ են այդ տարաձայնությունները: 

– ՀԱԿ-ը որևէ որոշում չունի, թե ում պետք է պաշտպանի: Այս պահին ակնկալիքներն այն են, որ կարծես թե ՀԱԿ-ը կունենա սեփական թեկնածու: Հավանաբար Լևոն Տեր-Պետրոսյանը:

Կարծիքներ էին հնչում Ձեր հնարավոր առաջադրվելու մասին: Կայքերից մեկում անցկացված քվեարկության արդյունքում դուք վարչապետի ցանկալի թեկնածուների շարքում առաջին հորիզոնականում էիք: Միգուցե դա Ձեր առաջադրվելու համար հի՞մք հանդիսանա: 

– Նման կարծիքներ կան, ես էլ եմ լսել: Բայց ՀԱԿ-ի ներսում այդպիսի քննարկումներ ինձ հայտնի չեն, մենք նախագահի թեկնածուի հետ կապված քննարկում չենք ունեցել:

Հենց թեկնածուի հետ կապված, ասում են, թե ՀԱԿում կոնսենսուս չկա: 

– Ես դրա հետ համաձայն չեմ, ՀԱԿ-ում այդ թեմայով քննարկում չի եղել, որ կոնսենսուս լինի կամ՝ ոչ:

Իսկ Դուք կողմ կլինե՞ք ԲՀԿի հետ ընդհանուր թեկնածուով հանդես գալու տարբերակին: 

– Ո՛չ, ես դեմ եմ այդպիսի քննարկմանը, և նման քննարկում չի էլ եղել: Ես կարծում եմ, որ մեր խնդիրն առաջին հերթին ոչ թե այլ կուսակցությունների հետ հնարավոր համագործակցությունը քննարկելն է կամ կարծիք հայտնելը, այլ ներսում քննարկելն է: Մեր ներսում մեր թեկնածուին առաջադրելը: Նախ պետք է քննարկենք, թե ինչ թեկնածուներ մենք ունենք: Այսօրվա դրությամբ մենք ունենք ընդգծված թեկնածու՝ Լ. Տեր-Պետրոսյանը: Պետք լինի, էլի կունենանք: Եվ դեռ մերը չքննարկած՝ ինչ գործ ունենք այլ կուսակցությունների հետ, որ ես էլ կարծիք հայտնեմ:

Կոնգրեսում ավելի կտրուկ արտահայտվողներ էլ կան, որ ՀԱԿի թեկնածուն Լ. ՏերՊետրոսյանն է. այդպիսով կարծես թե նրան չառաջադրվելու այլընտրանք չեք թողնում: 

– Ես միանգամից ասեմ, որ երբեք չեմ լինի մի շարժման անդամ, որտեղ որևէ մեկը այլընտրանք չունի: Այդ դեպքում շարժումը դեմոկրատական չի լինի: Մի անգամ չեմ ասել, որ Տեր-Պետրոսյանից բացի, մենք այլ թեկնածուներ էլ ունենք: Հարմարն այսօր նրան եմ համարում: Մնացածը պարզապես ինչ-որ ռևերանս է կամ Տեր-Պետրոսյանին քծնելու, անձի պաշտամունք առաջացնելու նման բան, ինչը ես ատում եմ:

Կարծիք կա, որ եթե Լ. ՏերՊետրոսյանը չառաջադրվի, ապա խնդիրներ կառաջանան, և ՀԱԿը վերջնականապես կքանդվի: 

– Չգիտեմ, կարող է, մեկ-երկուսը դուրս գան: Ինչ խոսք, այսօր Տեր-Պետրոսյանի առկայությունը շատ ծանրակշիռ փաստ է: Բայց եթե շարժումը մի մարդու հետ կապված շարժում է, ուրեմն դա քաղաքական շարժում չէ:

Խորհրդարանական ընտրություններին Կոնգրեսը որոշակի համագործակցություն ունեցավ ԲՀԿ հետ: ԲՀԿն այդ ընտրություններին կրկնակի ավելի շատ ձայներ ստացավ, քան ստացել էր 2007թ. խորհրդարանական ընտրություններին, և կարծիք առաջացավ, թե դա ՀԱԿի հաշվին էր ու ՀԱԿի շնորհիվ էր: Բացառո՞ւմ եք, որ նախագահական ընտրությունների ժամանակ էլ ԲՀԿ հետ հնարավոր համագործակցությունից նորից ՀԱԿը կտուժի: 

– ՀԱԿ-ի որոշ անդամների ինչ-որ արտահայտություններ գուցե նման մտորումների առիթ են դառնում: Կարող եմ ասել, որ այս պահին որևէ ուժի սատարելու որոշում ՀԱԿ-ում չի եղել: Ինձ ծանոթ չէ նման նախագիծ: Ուզում եմ նաև նշել, որ ես ՀԱԿ-ի հիմնադիր անդամներից եմ: Եվ եթե ՀԱԿ-ի ոչ հիմնադիր անդամը նման հայտարարություններ անի, դա միմիայն իր կարծիքն է, որովհետև նման կարգի որոշումներ ՀԱԿ-ում պետք է ընդունվեն բոլորի կողմից: Ես ոչ միայն դեմ եմ եղել նման հնարավոր որոշմանը, այլ նման որոշում չեն էլ բերել քննարկման: Ավելին` ասեմ ձեզ, որ մի անգամ չէ, որ ՀԱԿ-ում հարցրել եմ (ես շատ զբաղված եմ լինում և ՀԱԿ քիչ եմ գնում), այդպիսի որոշումներ կա՞ն: Մի անգամ չէ, որ հավաստիացրել են, որ նման բան չկա: Եվ եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ այդպիսի բան կա, մի կողմ դնենք խնդրի էությունը, բնականաբար ես այդ մարդկանց հետ ճանապարհ չեմ գնալու: Եթե նման բան կա, պետք է լինի բաց, հրապարակային քննարկում: Քննարկման խնդի՞ր կա, բերեք ԲՀԿ-ի հետ էլ, ՀՀԿ-ի հետ էլ, ՕԵԿ-ի, ԱԺՄ-ի ու ցանկացած այլ կուսակցության հետ քննարկենք: Մենք դեմոկրատական շարժում ենք:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031