Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանվածի մայրը դիմել է ՀՀ նախագահին, դատախազին, ոստիկանապետին

Հոկտեմբեր 29,2012 11:14

Գյումրեցի Անահիտ Իսկանդարյանը Կարեն Եսայանի մայրն է: Կարենը, որը նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան պիտի լիներ, սպանվեց այս տարվա ապրիլի 12-ին՝ իր նշանադրության օրը, նախկին ոստիկանապետի որդու՝ Հարություն Սարգսյանի կողմից:

Նա իր որդու սպանության գործի հետ կապված դիմել է հանրապետության արդարադատության երաշխավորներին, ինչպես ինքն է գրում՝ իր մեջ ուժ գտնելով և փորձելով հասկանալ, «թե ինչ կատարվեց, ինչ է կատարվում և թե ինչ է լինելու»:

Անահիտ Իսկանդարյանը նամակում գրում է. «Առաջինը, որ հասկացա՝ այն էր, որ հանցագործին իբր տաք հետքերով բռնել են, և ինչպես հայտարարել էր ոստիկանության պետը՝ մարդասպանը բռնված է և սպանությունը բացահայտված է: Առաջին հայացքից թվում է, թե ես պետք է շատ շնորհակալ լինեմ իրավապահ մարմիններից, որ այսպես արագ են գործել և հայտնաբերել հանցագործին: Ասում եմ թվում է, թե քանի որ եթե չլինեին որդուս ընկերները՝ հաստատապես համոզված եմ, որ այդ ոճրագործը մինչև հիմա ազատության մեջ կլիներ, քանի որ որդուս ընկերներն էին գտել տեսախցիկները և ներկայացրել քննությանը»:

Ըստ սգակիր ընտանիքի, «դեպքերի նման զարգացումը թույլ է տալիս կարծիք հայտնել, որ եթե իրենք չլինեին, իրավապահները ձեռնպահ էին մնալու ոճրագործին բռնելուց, քանի որ նա ինչպես արտոնյալ եղել է դրսում, նույն կերպ նաև արտոնյալ է մեկուսարանում»:

Ա.Իսկանդարյանի կարծիքով, հանցագործի նման արտոնյալ վիճակը պայմանավորված է նրանով, որ նա նախկին ոստիկանության պետի տղա է: «Ազատության մեջ գտնվելու ընթացքում ոճրագործ Հարություն Սարգսյանը ամիսներ շարունակ մեքենան անարգել վարել է արտասահմանյան համարանիշներով և դրա վրա աչք են փակել բոլորը, զբաղվել է ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով, որը իրենց պարագայում՝ հաստատապես համոզված եմ, որ ապօրինի է, ոճրագործը բանակում էլ չի ծառայել, երևի թե նույն պատճառով և մի շարք այլ արտոնություններ, որոնք կարծում եմ՝ պետք է հետաքրքրեին քննիչներին, եթե իհարկե նրանք ցանկանային»:

ՀՀ նախագահին ուղղված նամակում նա տեղեկացնում է, որ Սարգսյանի հայրը խոչընդոտում է վկաներին ցուցմունք տալ քննիչի սենյակում, որոշում է, թե ով պետք է ցուցմունք տա կամ չտա:

Սպանվածի մորն անհանգստացնում է, իր իսկ խոսքերով՝ «վախեցնում է», կատարվող նախաքննությունը. «Գործը տանուլ տված է, կատարվում է ոչ թե օբյեկտիվ քննություն, այլ ոճրագործին փրկելու ուղղությամբ քննություն, դեռ չգիտեմ նաև թե հոր անօրինական քայլերի վերաբերյալ որևէ քայլ ձեռնարկվե՞լ է, թե՞ ոչ»:

Նա տեղեկացնում է, որ Երևանում քննիչից տեղեկացել է, թե ոճրագործի հանդիպումները հարազատների հետ արգելված են, այնինչ թերթերից մեկից իմացել է, որ ՀՀ ոստիկանապետը Սարգսյանի հորը թույլատրել է հանդիպել որդու հետ, առնաձնազրույց ունենալ: «Ենթադրում եմ, որ պարոն ոստիկանապետի համար, ով հայտարարում էր, թե բոլոր հանցագործները պետք է պատժվեն և որ օրենքի առաջ բոլորը հավասար են, օրենքի շրջանցելը նույնպես պայմանավորված է եղել մարդասպանի հոր նախկին ոստիկանապետ լինելու, և թույլ եմ տալիս ինձ ասելու՝ հզոր կապեր ունենալու հանգամանքով, որը դարձյալ խոսում է նրա արտոնյալ կարգավիճակի մասին»,- հավելում է տիկին Անահիտը:

«Ի՞նչ է սա նշանակում, որ մեր պետությունում խրախուսվում են նախկին ոստիկանության աշխատակիցների որդիների հանցագործությունները, ոճրագործությունները: Թե՞ իրենք արտոնյալ են և կարող են իրենց որդուն կարոտել, օրենքը շրջանցել և տեսնել նրան, իսկ ես ի՞նչ անեմ, որտեղ տեսնեմ որդուս, արդյոք սառը գերեզմանաքարը գրկելուց ես իմ կարոտս կառնեմ»,- գրում է տիկին Անահիտը, որը ՀՀ նախագահից խնդրում է այս գործի նախաքննությունը վերցնել իր հսկողության տակ:

«Սա իր դաժանությամբ իր նախադեպը չունեցող ոճրագործություն է և էլ ավելի մեծ ոճրագործություն կլինի մեր նկատմամբ, եթե նա չստանա իր արդարացի պատիժը և էլի, ինչպես միշտ, ջրից չոր դուրս գա»,- եզրափակելով գրում է Անահիտ Իսկանդարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031