Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ, անցյալ շաբաթ ավարտվել է «Հայինկասացիա» ընկերության գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանի, գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանի, Աղավնի Խաչատրյանի, Արմինե եւ Արման Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
9 տարվա ազատազրկման է դատապարտվել ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող Անահիտ Գրիգորյանը, իսկ 7 տարվա ազատազրկման՝ կալանավորված Սաթենիկ Սարգսյանը:
Դատական նիստերի դահլիճում կալանավորվել են 4 տարվա ազատազրկման դատապարտված Աղավնիկ Խաչատրյանը, Արմինե եւ Արման Գրիգորյանները եւ այս տարի քաղցկեղի վիրահատության ենթարկված՝ Սարգիս Դանիելյանը:
Ըստ գործի տվյալների, հանգուցյալ տնօրենի՝ Գրիշչյանի ստորագրությամբ կեղծ հանձնարարականներով փոխանցվել են 58. 000. 000, իսկ նրա տեղակալ Ռ. Սիմոնյանի ստորագրությամբ՝ 85. 000. 000 դրամական միջոցներ, ինչը Քրեական օրենսգրքով սահմանված առանձնապես խոշոր չափերից տասնյակ անգամ գերազանցող գումարներ են: «Հայինկասացիայի» ղեկավարները չեն ներգրավվել այս գործով որպես մեղադրյալներ:
Կարդացեք նաև
Անահիտ Գրիգորյանը տառապում է շաքարային դիաբետ 2-րդ տիպի ծանր հիվանդությամբ, մի աչքի տեսողությունն ընդհանրապես կորցրել է: Քաղցկեղով տառապում է նաեւ Ս. Սարգսյանը:
Արմինե Գրիգորյանի որդին 10 տարեկան է, եւ նա փաստորեն, տուն էլ չի հասել դատական նիստից հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ