Ընդդիմությունը երկրորդ տեղում է եւ հաղթանակ է համարում իր արդյունքը։
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամեր առաջ հրապարակեց կիրակի օրը անցկացված Գերագույն ռադայի ընտրությունների նախնական տվյալները:
Ըստ այդմ, իշխանական Ռեգիոնների կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կպահպանի իր մեծամասնությունը խորհրդարանում: Երկրորդ տեղում ընդդիմադիր «Բատկիվշինա»-ն է` քվեների 20 տոկոսով, ապա հաջորդում են Կոմունիստական կուսակցությունը եւ ՈւԴԱՌ-ը:
Այս պահին հայտնի տվյալները վկայում են, որ առաջին անգամ Ուկրաինայի խորհրդարանում մանդատներ կունենան նաեւ հակառուսական քաղաքական հայացքներով հայտնի ազգայնականները, որոնք ընտրություններին մասնակցում են «Ազատություն» դաշինքով:
Միացյալ ընդդիմությունը հավաքած քվեներով զբաղեցնում է երկրորդ տեղը։ Ուկրաինական ընդդիմությունը սա համարում է հաղթանակ:
ՈւԴԱՌ-ը եւ «Բատկիվշինա»-ն նախնական արդյունքների հրապարակումից հետո վերահաստատել են Ուկրաինայի նախագահին պաշտոնանկ անելու մտադրությունը:
Կոմկուսը, որն այս ընտությունների շնորհիվ ամրապնդել է իր քաղաքական դիրքերը` մանդատների թիվն ավելացնելու հնարավորությամբ, երեկ քվեարկության մեկնարկին հանդես եկավ ընտրախախտումների մասին հայտարարություններով, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարությունը հայտարարել է, թե ընտրախախտումներ չեն եղել:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` Միջազգային դիտորդները խախտումների երեք հիմնական տեսակ են գրանցել` կարուսելներ, անօրինական քարոզարշավ եւ ընտրակաշառք:
«Ուկրաինսկայա պրավդա»-ն հաղորդում է, որ ազատության մեջ են ավելի վաղ` քվեարկության ժամանակ Դոնեցկում շջապատման մեջ հայտնված ընտրատեղամասային հանձնաժողովներից մեկի անդամները: Հանձնաժողովի կին նախագահը սրտի նոպա է ունեցել։ Ոստիկանության միջամտությունից հետո այս իրավիճակը գիշերը հանգուցալուծվել է, հանձնաժողովի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց:
«Ազատություն» ռադիոկայան