Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն Տաթևի ճոպանուղուց ահազանգ է ստացվել, որ երկու վագոններ, վթարային իրավիճակում, մնացել են օդում կածխված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վագոններից մեկում կա 20 մարդ (գտնվում է 50 մ բարձրության վրա), մյուսում՝ 17 (գտնվում է 20 մ բարձրության վրա), և բոլորին անվտանգ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արդեն ճոպանուղի են ժամանում Սյունիքի մարզի Գորիսի, Սիսիանի և Կապանի փրկարարները՝ հատուկ տեխնիկաներով: Ժամանում են նաև Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը: Թե ինչն է եղել խափանման պատճառը, այս պահին պարզ չէ, քանի որ փրկարարների թիվ մեկ խնդիրը մարդկանց արագ և անվտանգ դուրս բերելն է օդում կախված վագոններից: