«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունում տեղի ունեցող կրճատումներին, բնակչության ու աշխատողների բողոքներին եւ վերջին օրերին աշխատանքից ազատված աշխատակցի ու տնօրինության միջեւ եղած բախումներին ու ծեծկռտուքին արդեն անդրադարձել ենք: Փորձեցինք ընկերության տնօրինությունից պարզաբանում ստանալ ընկերությունում ստեղծված իրավիճակի եւ վերջին ամիսներին այդտեղ կատարվող իրադարձությունների վերաբերյալ: «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության վարչական գծով տնօրեն Հրաչ Ջաբրայանը «Aravot.am»-ի հետ ունեցած զրույցում նշեց, որ պաշտոնական կրճատումներ ընկերությունում չեն եղել եւ դրա վերաբերյալ տարածված կարծիքներն իրականությունը չեն ներկայացնում, իսկ ինչ վերաբերում է վերջին ամիսներին աշխատողների ազատման դեպքերին, ապա նրանք լուրջ հիմքերով են ազատվել` գողության, աշխատանքի ժամերին քնած լինելու, ծուլության եւ այլն:
«Ընկերությունում կրճատումներ չեն արվում, եթե մենք ասենք, որ այսքան մարդ պետք է աշխատանքից հանենք, ապա նման բան գոյություն չունի ընդհանրապես: Այստեղ մեկ ուրիշ իրականություն կա, այն է, որ Դինո գոլդի աշխատակազմը գերազանցում է այն չափանիշը, որը պետք է հիմնարկն աշխատացնելու համար: Ներկա դրությամբ մոտ 100 ավել աշխատող ունենք այստեղ, բայց մենք այդ պաշտոները կրճատելու նպատակ ընդհանարպես չունենք, որովհետեւ մենք որպես սոցիալական ծրագրերի մաս, այդ աշխատողներին պահում ենք եւ աշխատավարձ ենք վճարում», – նշեց պարոն Ջաբրայանը:
Իսկ մեր այն հարցին, թե արդյոք մարդկանց աշխատանքից ազատելու այդ քայլերը միտվա՞ծ չեն հենց այդ թիվը կրճատելուն, պարոն Ջաբրայանը պատասխանեց, որ աշխատողների թվին կրճատելուն զուգահեռ նոր աշխատողներ են ընդունվում եւ ընկերության աշխատողների ընդհանուր թիվն ի վերջո նույնն է մնում: «Եթե այդպես լիներ, մենք այդ 100 հոգուն վաղուց կրճատած կլինեինք: Այս պահին մոտ 1204 աշխատող ունենք: Վերջին մեկ ամսվա ընթացքում 30 հոգի աշխատանքից դուրս է եկել եւ 12 նոր աշխատող ենք ընդունել աշխատանքի: Կան մարդիկ իրենց դիմումներով են դուրս եկել` 2 հոգի քաղաքից փոխադրվելու պատճառով, 2-3-ը` թոշակի տարիքի էին, 9-16 աշխատող գողության պատճառով են աշխատանքից ազատվել, մնացածի հաստիքներն էլ փակվել են, քանի որ այդ աշխատանքը արդիկան աշխարհում գոյություն չունի եւ այդ մարդիկ աշխատանք չէին անում: 1-2 աշխաատողի աշխատանքի ժամին քնած լինելու համար ենք ազատել աշխատանքից: Առաջիկայում 6 պահակ, մեխանիկ, լաբորատորիայում աշխատակից պետք է ընդունենք: Փոփոխություններ պետք է լինեն` աշխատանքից ազատում, նորերի ընդունում, բայց վերջին հաշվով ընկերության աշխատողների թիվը նույնն է մնում, չի կրճատվում», – պարզաբանեց Հրաչ Ջաբրայանը, ով նաեւ մեր հարցին ի պատասխան անդրադարձավ ընկերությունում վերջին օրերին աշխատանքից ազատված Սասուն Հայրապետյանի եւ տնօրինության միջեւ եղած բախումներին, նրա եւ եղբորը գործից անհիմն ազատելու վերջինիս պնդումներին: Ջաբրայանի խոսքով` Սասուն Հայրապետյանի եղբայրն աշխատանքից ազատվել է, որովհետեւ հաստիքը փակվել է, իսկ Սասուն Հայրապետյանին աշխատանքից ազատել են 3 լուրջ պատճառներով, որոնք նա չցանկացավ հրապարակել, նշելով, որ այդտեղ կան նաեւ իրենց նախկին աշխատակցի անձնականին վերաբերող հարցեր:
«Սասուն Հայրապետյանը շատ բախտավոր է, որ ես այն մարդը չեմ, եւ եթե ինքը նույն բանն աներ, այն ինչ ինքն ինձ արեց, կամ փորձեց անել` որպես տեղացի տնօրենի, այսօր իր վիճակը շատ վատ կլիներ, իմ ծնողներն ինձ կրթված են մեծացրել: Նա այլեւս «Դինո գոլդ»-ում չի կարող աշխատել: Մյուս եղբարը վերականգվել է, աշխաում է, չգիտեմ, որքան կդիմանա: Ես հստակորեն ասեմ, ինձ հետ խուլիգանը չի կարող աշխատել, ես ընտանիք ունեմ, աշխատողներ ունեմ, որոնց առաջ պատասխանատու եմ, իսկ այն մարդը ով քաղաքում հերոս է` իր վատ արարքներով, ապա այստեղ նման ձեւով իրեն պահելու իրավունք չունի, սա «Դինո գոլդ»-ի տարածքն է, մեր սեփականությունն է եւ այստեղ մեր օրենքներն են», – նշեց ընկերության վարչական հարցերով տնօրեն Հրաչ Ջաբրայանը:
«Դինո գոլդ»-ի կողմից Շահումյանի բաց հանքի հնարավոր գործարկման, այդ նպատակով իրականացվող հետախուզական աշխատանքներին, ընկերության գործունեության եւ այլ թեմաների մասին եւս զրուցեցինք, որոնց մանրամասները կներկայացնենք առաջիկայում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ