Ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ 2012» մրցաշարը մտավ որոշիչ փուլ:
Կիսաեզրափակիչ հանդիպումները կայացան Աբովյանի քաղաքային մարզադաշտում: Սկզբում միմյանց դեմ ելան ուժային կառույցների՝ Պաշտպանության նախարարության եւ Ոստիկանության թիմերը, որոնց երկրպագելու եկել էին երկու կողմերի շուրջ հինգ հազարական գործընկերներ: Եվ ֆուտբոլիստներն էլ հուսախաբ չարեցին իրենց երկրպագուներին: Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ-ոքի եւ մրցավարը նշանակեց 11 մետրանոցների հարվածաշար: Երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ աչքի ընկան դիպուկությամբ եւ հարվածաշարը շարունակվեց մինչեւ առաջին վրիպումը, որի ժամանակ տեղի տվեցին ոստիկանության թիմի նյարդերը: 9:8 ընդհանուր հաշվով հաղթեց ՊՆ-ն ու մտավ եզրափակիչ:
Համառ ու դիտարժան ստացվեց նաեւ Կրթության եւ գիտության նախարարություն-ՀՀ դատախազություն դիմակայությունը: Մինչեւ հանդիպման վերջ ԿԳՆ-ն առջեւում էր 2:1 հաշվով: Եվ եթե դատախազությունը կարողանար իրացնել խաղավարտից երկու րոպե առաջ նշանակված 11 մետրանոց տուգանային հարվածը, այս հանդիպումն էլ կընթանար նախորդի սցենարով:
Այսպիսով, հոկտեմբերի 30-ին Ոստիկանությունն ու Դատախազությունը կորոշեն երրորդ մրցանակակրին, իսկ հաղթողի համար խաղում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կհանդիպեն ՊՆ-ն եւ ԿԳՆ-ն: Եզրափակիչ հանդիպման օրն ու ժամը կճշտվի առաջիկա երկու օրերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ