Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ նոր մտած քաղաքական դաշտ, բայց արդեն հին մոտեցումներո՞վ

Հոկտեմբեր 27,2012 21:30

Ընդդիմադիր երիտասարդներից մեկը երեկ մեր թղթակցին հայտնել է, թե հրաժարվում է հարցազրույց տալ մեզ՝ պատճառաբանելով, թե այդ ինչ վերնագրեր եք դնում…

Առաջին արձագանքը բավական կոշտ էր՝ ասել, թե մնում էր՝ մեզ թելադրեիք, թե ինչ վերնագրեր դնենք:

Բայց հետո հաղթեց հույսը, թե երիտասարդներն, այնուամենայնիվ, հնարավոր է, որ փոխվեն, ուստի հարկ է իրենց ավելի ընկերական խորհուրդ տալ:

Ուրեմն՝ այսպես. երբ հին լրագրողներն են հաշվետվության ոճով երկար-բարակ նյութեր տրամադրում մեզ՝ մոտավորապես այս ոգով, թե երեկ գումարվեց խորհրդակցություն… որին ներկա էին… քննարկվեցին հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ վերաբերմունքն ավելի ներողամիտ է լինում: Մարդիկ այդպես են լրագրություն սովորել՝ ինչ ասես:

Բայց լիովին անհանդուրժելի է, երբ նոր սերնդի լրագրողն է նման նյութ ներկայացնում՝ անտեսելով «լիդ» գրելու կանոնները, չուղեկցելով այն տեսաշարով կամ ձայնագրությամբ, եւ մոռանալով, որ ժամանակակից մարդիկ սիրում են համառոտություն:

Երբ հին սերնդի գործիչներն են մամուլի հետ իրենց շփումները պայմանավորում այն գործոնով, թե որքանով է տվյալ լրատվամիջոցն իրենց քիմքին հարմար նյութեր մատուցում՝ էլի ըմբռնելի է: Նրանք սովոր են, որ ԶԼՄ-ն ծափահարի իրենց, դառնա իրենց ագիտատորն ու պրոպագանդիստը, այլապես դրանք թշնամի՝ հակառակորդ լրատվամիջոց են:

Բայց այ երբ նոր սերնդի գործիչն է ի ցույց դնում, որ պատրաստ չէ կամ ունակ չէ աշխատել անգամ քննադատող լրատվամիջոցի հետ՝ սա լուրջ մտահոգության առարկա է: Ի վերջո, առանձնակի հունար պետք չէ շփվելու լրագրողների հետ, որոնք տալիս են  ոչ սուր ու ոչ տհաճ հարցեր ու քո բոլոր նկատառումներին ի պատասխան՝ գլխով են անում: Սակայն ժամանակակից գործիչը պետք է կարողանա աշխատել հենց քննադատող լրատվամիջոցների հետ ու փորձի դարձնել դրանք եւս մի հարթակ՝ իր տեսակետները ու գաղափարները տարածելու համար:

Կկարողանա՞ն այս փորձությունը հաղթահարել մեր երիտասարդ գործիչները, թե՞ նոր-նոր ոտք դրած քաղաքական դաշտ՝ կգործեն այնպես, ինչպես եւ գործում են իրենց ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնցից ոմանցի գործելակերպի հետեւանքով օրավուր նվազում են իրենց քարոզչական համախոհների շարքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031